ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՊԱԿԱՆ ԳԱՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Միջազգային
Ֆրանցիսկոս պապի մահվանից հազիվ մեկ օր անց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=311262&l=am) արդեն իսկ շրջանառվում են նրա հավանական փոխարինողի անունները: Իհարկե, ցանկը շատ մեծ է՝ դատելով նախնական պատկերից, մոտ 1,5 տասնյակ կարդինալ կարող է նստել հովվապետի գահին: Բայց, իհարկե, կան մի քանիսը, որոնց մեջ էլ հիմնական պայքարը կծավալվի:
The Daily Mail-ի գնահատմամբ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի ամենահավանական ֆավորիտները չորս կարդինալներ են՝ Լուիս Անտոնիո Թագլեն, Պիետրո Պարոլինը, Փիթեր Թյուրքսոնը եւ Փիթեր Էրդոն։
Լուիս Անտոնիո Թագլեն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի արքեպիսկոպոսն է: The Week-ի գնահատմամբ, նա վաղուց ամենահայտնի թեկնածուն է բուքմեյքերների շրջանում, նրա հեռանկարների մասին խոսում են նաեւ Վատիկանի ներկայացուցիչները: Թագլը հայտնի է որպես խորամանկ բանակցող, եւ դա նրա լուրջ առավելություններից է: Այլ առավելություն է, որ ընտրվելու դեպքում Թագլը կդառնա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ասիացի պապը. եթե Ֆրանցիսկոսը ներկայացնում էր Լատինական Ամերիկան, ինչո՞ւ փոխարինողը չլինի Ասիան ներկայացնող: Վերջապես, Թագլը ամենաազատ ուղղվածության ամենահայտնի կարդինալներից մեկն է, ով բազմիցս հանդես է եկել ԼԳԲՏ-ականների եւ չկանոնակարգվող միգրացիայի օգտին: Շատ նման է, որ հենց Թալգն էլ կդառնա լիբերալ համակարգի հիմնական հովանավորյալն այս պայքարում:
Միանգամայն հավանական իրավահաջորդ է համարվում նաեւ Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը: Միջազգային տարբեր հակամարտությունների լուծման գործում իր մասնակցության շնորհիվ նա Վատիկանի «անմրցակից դիվանագետի» համբավ ունի։ Տարբեր հեղինակավոր փորձագետների գնահատմամբ, Պարոլինի զգուշավոր մոտեցումը մեծ հավանականություն է դարձնում նրա ընտրությունը, քանի որ Ֆրանցիսկոսի բարեփոխումներից հետո նա կկարողանա կարգի բերել եկեղեցին: Պարոլինը նաեւ հայտնի դարձավ որպես Վատիկանի առանցքային միջնորդներից մեկը Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում: Ռուսական կողմը մի քանի անգամ նշել է նրա պրոֆեսիոնալիզմը: Հաշվի առնելով պետքարտուղարի կարեւորությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հիերարխիայում, անշուշտ, Պարոլին ամենալուրջ հավակնորդներից մեկն է:
Ի դեպ, կարդինալ Պիետրո Պարոլին 2023թ.-ն այցելել է Հայաստան: Բացի պետական պաշտոնյաների հետ հանդիպումից, կարդինալը Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում մասնակցություն ունեցավ Սուրբ եւ Անմահ Պատարագին։
Փիթեր Էրդոն մտավորական է եւ Էստերգոմ-Բուդապեշտի արքեպիսկոպոս: Նրա ընտանիքը փախել է Հունգարիայից 1956 թվականին՝ Բուդապեշտի ապստամբության խորհրդային ճնշման ժամանակ։ Կարդինալը պոնտիֆիկոսի ամենապահպանողական ֆավորիտի համբավ ունի: Նա քննադատում է ամուսնալուծված զույգերի հաղորդակցությունը եւ կտրականապես դեմ է միասեռ զույգերին զիջումներին։ Նա նաեւ աչքի է ընկել ուղղափառ աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ երկխոսություն պահպանելու իր սկզբունքային դիրքորոշմամբ: Էրդոն շատ դրական է վերաբերվում ուղղափառ եկեղեցուն եւ ոչ քրիստոնեական կրոնների հետ երկխոսության ջատագովն է:
Փիթեր Թուրքսոնը Քեյփ Քոստի նախկին եպիսկոպոս է եւ խաղաղության բանագնաց Հարավային Սուդանում: Ընտրվելու դեպքում նա կդառնար պատմության մեջ առաջին սեւամորթ պապը։ Ենթադրվում է, որ սա կարող է կարեւոր ժեստ լինել Աֆրիկայի եւ գլոբալ հարավի համար՝ աշխարհի այդ մասում կաթոլիկների աճող թվի պատճառով: Այնուամենայնիվ, ըստ The Week-ի, Թուրքսոնը հակասական համբավ ունի գեյերի իրավունքների եւ բնապահպանական հարցերի շուրջ միջին դիրք գրավելու փորձի համար: Այդ իսկ պատճառով նա, կարծես, միավորող գործիչ չէ մյուս կարդինալների մեջ։
Բացի այդ, Կոնկլավի «մութ ձիերից» մեկը կարող է լինել կարդինալ Նիկոլայ Բիչոկը: Մելբուռնի Սուրբ Պետրոս եւ Պողոս թեմի առաջնորդը անցյալ տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից կարդինալ է բարձրացվել, երբ նա ընդամենը 44 տարեկան էր: Ուկրաինայում ծնված կարդինալի ավստրալական հոտը հիմնականում բաղկացած է ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցու անդամներից: 2014 թվականից նա իր ելույթներում քննադատում է Ռուսաստանին եւ հիմնականում դիմում է միայն Ուկրաինայից եկած մարդկանց: Այս ամենի պատճառով, Բիչոկը կարող է դառնալ լիբերալ համակարգի հավանական ներկայացուցիչներից մեկը, միգուցե անգամ Թագլից նախապատվելի: Թեեւ Բիչոկին պապ դարձնելու շանսերն անհամեմատ ավելի փոքր են:
Բացի այդ, ֆավորիտներից է համարվում նաեւ 59-ամյա պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան՝ Երուսաղեմից: Հիմնական հավակնորդների ցանկում է նաեւ պահպանողական հայացքների տեր եւ Դոնալդ Թրամփի կողմնակից, գերմանացի կարդինալ Գերհարդ Լյուդվիգ Մյուլերը։ Ըստ ամենայնի, հենց նրա օգտին էլ կուղղվի Վաշինգտոնի հիմնական լոբբինգը: