Երեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե Գրիգորյան
Ներքաղաքական
Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Մայր Հայաստանը» խմբակցության ավագանու անդամներից մեկի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշումը: Մասնավորապես` դատարանն արձանագրել է, որ ավագանու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության եւ որոշակիության պահանջին, թե ինչպես, ում կողմից եւ ինչ ընթացակարգով է իրականացվելու ավագանու անդամի ավագանու նիստերից, քվեարկություններից կամ էլ հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Նման նախադեպ երբեւէ չի եղել՝ մանդատից զրկելու, ապա դատական գործընթացի շնորհիվ այն վերականգնելու: Ինչպիսի՞ փուլեր են սպասվում հաջորդիվ:
— Նախ պետք է հասկանալ, թե ավագանուն մանդատից զրկելու որոշումը անվավեր ճանաչելու դատական ակտը երբ կմտնի ուժի մեջ: Եթե Երեւանի ավագանին կամ քաղաքապետարանը (քանի որ վերջիններս հստակ չեն կարողանում տարբերակել, թե իրենցից ով ում փոխարեն կարող է հանդես գալ) այնուհանդերձ բողոքարկեն դատական ակտը, ապա մինչեւ գործը եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը, միանշանակ պնդումներ անել չի կարելի: Սակայն, քանի որ ավագանուն մանդատից զրկելու վերաբերյալ գործը, որպես դատական վեճ առաջինն էր ՀՀ. իրավական պատմության մեջ, անչափ կարեւոր է վարչական դատարանի արձանագրումները, որ Երեւանի ավագանին չի ունեցել համապատասխան իրավական կառուցակարգերը, որպեսզի չկարողանա կամայականորեն համարել որեւիցե բացակայություն հարգելի կամ անհարգելի:
Կարող ենք արձանագրել, որ Եւրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն: Բացի այդ, այս դեպքում Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Երեւանի ավագանու որոշումը պատշաճ հիմնավորում եւ պատճառաբանություն չի ունեցել: Նաեւ ակնհայտ է դառնում, որ ավագանին կամայական է գործել, չի պահպանել օրենքի տարրը: Երբ կլինի ուժի մեջ մտած դատական ակտ, արդեն ըստ դրա կքննարկենք, թե ինչ փուլեր եւ գործողություններ պիտի կատարվի:
— Եթե, այնուհանդերձ, վերականգնվի ավագանու անդամի խախտված իրավունքները եւ մանդատը, ապա արդեն իսկ մանդատ ստացած՝ թվով հաջորդ ավագանին ի՞նչ պետք է անի:
— Քանի դեռ չկա եզրափակիչ դատական ակտ, չեմ կարող ասել, թե որ իրավակարգը եւ որ ընթացակարգը կկիրառվի: Նման բան առաջին անգամն է լինում պատմության մեջ: Նաեւ ունենք ժամկետների խնդիր, նայած թե եզրափակիչ դատական գործընթացը որքան կտեւի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ