ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՌԵԱԼ ՇԱՆՍ ԿԱ
Վերլուծություն
Պուտինի հայտարարած Զատկի զինադադարը, իհարկե, մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհով մեկ: Պատճառը կարելի է հասկանալ. Մոսկվայի միակողմանի զինադադարը, իհարկե, ուներ հումանիտար հիմք: Բայց բոլորն էին հասկանում, որ դա բավականին բարդ աշխարհաքաղաքական խաղի դետալ է, ու ՌԴ նախագահի այդ «ձիով քայլը» լուրջ խնդիրներ ստեղծեց ոչ միայն Կիեւի, այլ նաեւ՝ Լոնդոնի համար: Եվ, ամենաէական դրվագներից մեկը, որ այդ քայլն ակնհայտորեն ռուս-ամերիկյան ընդհանուր խաղի երանգներ էր պարունակում, ինչը դեռ հաշված ամիսներ առաջ ֆանտաստիկայի ժանրում կլիներ:
ՌԴ-ԱՄՆ ՀԱՄԱՏԵՂ ԽԱ՞Ղ
Խաղի այս փուլի բաց մասի մեկնարկը, ինչ խոսք, պետքարտուղար Ռուբինոյի հայտարարությունն էր, ըստ որի՝ ասել է, որ ԱՄՆ-ը դեռ մի քանի օր կփորձի առաջ տանել խաղաղության գործը, բայց եթե կողմերը չցանկանան փոխզիջումների գնալ, Վաշինգտոնը դուրս կգա ուկրաինական ճգնաժամից: Ընդ որում, ոչ թե միայն որպես միջնորդ, այլ առհասարակ կդադարի զբաղվել Ուկրաինայով: Այդ թվում` որպես Կիեւին զինող-ֆինանսավորող: Անմիջապես էլ նույն բնույթի հայտարարությամբ հանդես եկավ Թրամփը, թե՝ ԱՄՆ-ը դուրս կգա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերից մեկը «սկսի սաբոտաժի ենթարկել այն»։ «Այժմ լավ շանսեր կան՝ ձեռք բերելու ռուս-ուկրաինական համաձայնություն՝ պատերազմն ավարտելու համար»,- նշեց նախագահը:
Եվ ահա, ամերիկյան այս հայտարարություններին էլ հաջորդեց Պուտինի անսպասելի քայլը՝ Զատկի զինադադարի մասին:
Իհարկե, այս հայտարարությունները պետք է կապել անցած շաբաթ օրն արձանագրված եւս մեկ իրադարձության հետ՝ Հռոմում կայացած Իրան-ԱՄՆ բանակցությունների, որը հաստատեց, որ գործընթացը միանգամայն կայուն ընթացքի մեջ է մտնում: Այն է՝ Մոսկվան Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասով իր ֆունկցիան կատարեց, եւ անմիջապես էլ Վաշինգտոնը գերակտիվացրեց ուկրաինական ուղղությունը:
Իրան-ԱՄՆ թեմային դեռ կհասնենք, հաշվի առնելով նաեւ այն ամենաուղիղ կապը, որ այս գործընթացն ունի հարավկովկասյան տարածաշրջանի եւ Հայաստանի հետ: Մինչ այդ, գլուխ հանենք, թե ինչ է կատարվում ուկրաինական ուղղությամբ:
Այսպես, այս վերջին զարգացումների շեմին մեկ դրվագ եւս արձանագրվեց: Այն է, պետքարտուղար Ռուբինոն եւ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը Փարիզում հանդիպում ունեցան Կիեւի եւ նրա եվրոպական տերերի՝ բրիտանացիների եւ ֆրանսիացիների հետ: Այդ հանդիպման ժամանակ, ինչպես ուկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրներից մեկն է հայտնում. «Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին։ Այս վերջնագիրը բաղկացած է նրանից, որ ամերիկացիները Եվրոպային ուղղակիորեն ասում են, որ ուկրաինական ճգնաժամն իրենց վրա են թողնելու, եւ դա անտանելի բեռ է ԵՄ-ի համար»: Շատ չանցած` նաեւ ուլտրալիբերալ քարոզչամեքենան հաստատեց այդ տեղեկությունը, ավելին՝ որոշակի դետալներ հայտնելով ԱՄՆ-ի «վերջնագրի» մասին: Այն է՝ Ուկրաինան պետք է տարածքներից եւ ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարից հրաժարվի եւ այդ հիմքով խաղաղություն կնքի Մոսկվայի հետ: Հակառակ դեպքում ԱՄՆ-ն սպառնում է, որ դուրս է գալիս խաղից, քանի որ հասկանում են, որ գլոբալիստները դիտարկում են հակամարտությունն ընդլայնելու հարցը (Մերձդնեստրի գործը), եւ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Մոլդովան շարունակում է զենք գնել, համացանցում զանգվածային գովազդ կա Մոլդովայի զինված ուժերում ծառայության համար, իսկ Սանդուն իր զինվորականներին ուղարկում է Ուկրաինա՝ խորացված ուսուցման: Այստեղ արժե ավելացնել, որ գլոբալիստները մաքրում են քաղաքական իրավիճակը Եվրոպայի վիճելի շրջաններում (Գագաուզիայի ղեկավարի դեմ հարուցված քրեական գործերը, նրանք Ռումինիայի ընտրություններից հեռացրել են գլխավոր մրցակցին եւ Ֆրանսիայում «տապալել» Լը Պենին):
Ուկրաինական աղբյուրը նաեւ հայտնում է, որ Փարիզում փորձել են ամերիկյան ներկայացուցիչներին այլ ուղղությամբ առաջ տանել: Թե մենք ի՞նչ կարող ենք անել, դա Մոսկվան է, որ չի ուզում խաղաղություն հաստատել, քանի որ նպատակ ունի վերցնել ամբողջ Ուկրաինան: Եվ ահա, հաջորդում է Պուտինի միակողմանի զինադադարը, որը շատ լավ «փոխանցում» էր Թրամփին:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԶԱՏԿԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
Այն, որ Կիեւն ու Լոնդոնը սկսեցին ակտիվորեն խորհրդակցել, թե ինչպես կարող են պատասխանել Պուտինին, արդեն իսկ պարզ խոսում է այն մասին, որ Մոսկվայի այդ քայլն անակնկալ էր: Դրանով Պուտինը Թրամփին հիմք տվեց առաջ շարժվող այն թեզով, թե, տեսեք, Մոսկվան հարգանքով վերաբերվեց Վաշինգտոնի առաջարկին: Նաեւ, որ հենց Մոսկվան է իրական խաղաղության կողմնակիցը:
Կիեւի եւ Լոնդոնի համար սա փակուղային վիճակ էր: Չհամաձայնել հրադադարի հետ, կնշանակեր ամենաուղիղ մարտահրավերը Թրամփին: Համաձայնել, նշանակում է, որ ուկրաինական զինվորները պետք է Պուտինի հրամանով դադարեցնեն կրակը, ինչը, Պուտինից հետո մնալու հետ մեկտեղ, դառնում է դիվանագիտական երկրորդ պարտությունը։
Բայց ամենակարեւորը. հենց այս «բագաժով» էլ, թե իրականում խաղաղություն ուզում են Մոսկվան եւ Վաշինգտոնը, այլ ոչ թե Կիեւն ու Լոնդոնը, այս շաբաթ Ռուբինոն եւ Ուիտկոֆը մեկնելու են Լոնդոն: Այստեղ հերթական հանդիպումն է Կիեւի եւ նրա եվրոպական տերերի հետ, որտեղ պետք է վերջնական պատասխան տան այն առաջարկների հետ կապված, որոնք ներկայացվել են Փարիզում: Մասնավորապես, The Wall Street Journal-ի պնդմամբ` ապրիլի 17-ին Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, ԱՄՆ-ը Կիեւին է փոխանցել «Ուկրաինայում կայուն խաղաղության ուրվագծերով» գաղտնի փաստաթուղթ, իսկ ավելի ուշ այն քննարկել է եվրոպացի գործընկերների հետ։ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ռուսական կողմը տեղեկացվել է առաջարկների մասին։ Այժմ Վաշինգտոնը սպասում է Ուկրաինայի պատասխանին, որը պետք է տա լոնդոնյան բանակցությունների ժամանակ։ Եթե կողմերի դիրքորոշումները համընկնեն, նախաձեռնություններ կարող են ուղարկվել Մոսկվա»:
Ընդ որում, բոլորն են հասկանում, որ խոսքը այն առաջարկների փաթեթի մասին է, որն արդեն ամերիկյան կողմը գոնե ընդհանուր ուրվագծերով համաձայնեցրել է Մոսկվայի հետ: Ավելի կոնկրետ, իրականում դրանք Մոսկվայի այն պահանջներն են, որոնք քանիցս հրապարակային հնչեցվել են, եւ ժամանակի ընթացքում, կախված ռազմական նոր իրողությունների հետ, որոշակի զարգացումներ ստացել: Եվ հիմա այդ փաթեթը վերջնագրային տեսքով դրված է Կիեւի եւ Լոնդոնի առաջ:
ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Այս իրավիճակում գլոբալիստներին մնում է երկու քայլի հնարավորություն: Առաջինը, համաձայնվում են Վաշինգտոնի պահանջների հետ, որը ենթադրում է Ղրիմի եւ չորս մարզերի ճանաչումը Ռուսաստանի մաս, Ուկրաինան չի դառնում ՆԱՏՕ-ի անդամ, այստեղ այլ ուժեր չեն տեղակայվում: Բայց նաեւ, Կիեւի հետ կնքվելիք «հանքային գործարքով» Ուկրաինայի մնացած մասը գործնականում մնում է ամերիկյան վերահսկողության տակ՝ Ռուսաստանի համար երաշխավորելով անարգել ելք դեպի Օդեսա եւ Մերձդնեստր: Կարճ ասած, Ուկրաինան բաժանվում է ազդեցության երկու տիրույթների միջեւ՝ լիովին շրջանցելով Եվրոպային: Ու այս դեպքում միգուցե ամերիկացիները երաշխավորեն Զելենսկու անձնական անվտանգությունը:
Երկրորդ տարբերակով Կիեւն ու Լոնդոնը կարող են հրաժարվել կատարել այդ պահանջը: Սա Թրամփի համար միանգամայն հիմնավոր առիթ է` կանխավ հայտարարածի պես հրաժարվել հետագա միջնորդությունից եւ ուկրաինական կողմին ռազմական օգնություն ցուցաբերելուց: Այս դեպքում Կիեւը մենակ է մնալու Մոսկվայի հետ, հաշվի առնելով, որ Եվրոպան որեւէ լուջ ռազմական օգնություն Կիեւին պարզապես չի կարող ցուցաբերել: Ճիշտ է, հիմա փորձում են Կիեւին զինել-ֆինանսավորելու բեռը գցել Բեռլինի վրա, եւ այնտեղից հնչում են հայտարարություններ՝ Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու պատրաստակամության մասին: Սակայն սրա հետ կապված` դեռ Շոլցի ժամանակներում Բեռլինը Մոսկվայից հստակ ազդակներ է ստացել՝ ցանկացած նման հրթիռի կիրառումը պաշտոնապես կընկալվի` որպես ուկրաինական պատերազմին Գերմանիայի ներգրավում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Ամեն դեպքում` ասել, թե անգամ Գերմանիայի ներգրավմամբ Եվրոպան ռեալ շանսեր ունի, որ ուկրաինական պատերազմը թեքի Կիեւի օգտին, ռեալ տեսք չունի: Բուն Ուկրաինայում հենց այդ կարծիքն է: Եթե ԱՄՆ-ը դուրս գա հակամարտության կարգավորման բանակցություններից, Ուկրաինան կարող է պարտվել արդեն 2025 թվականի աշնանը: Եվ սա այն դեպքում, եթե համատարած չեղյալ համարվի զորակոչից ամրագրումը եւ նվազեցվի մոբիլիզացիոն տարիքը՝ 18 տարեկանից սկսած: Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին: «Ռազմաճակատում իրավիճակի կտրուկ վատթարացում կլինի՝ զենքի, մարդկանց պակասի, դասալքության, բարոյականության անկման պատճառով: Ընդ որում, այս կորուստները փոխհատուցելու տարբերակ չկա»,- պնդում է ուկրաինացի պատգամավորը:
Չնայած, պատգամավորը թերեւս մեկ դետալ հաշվի չի առնում. եթե Զելենսկին փորձի մերժել Թրամփի պահանջը, ապա շատ մեծ է դառնում հավանականությունը, որ Վաշինգտոնը միայն խաղից դուրս գալու որոշում չէ, որ կկայացնի: Կարող են շրջանառության մեջ դրվել Զելենսկու եւ նրա մերձավոր շրջապատին վերաբերող կոմպրոմատային փաթեթները, որի դեպքում արդեն շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ներուկրաինական պայթյուն կառաջանա, եւ դա ինչ կերպ կազդի ռազմաճակատային իրողությունների վրա:
Այսպիսով, միանգամայն իրատեսական է հնչում Թրամփի վերջին հայտարարությունը, թե. «Հուսով եմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան առաջիկա շաբաթ»: Այլապես, շատ նման է, որ Վաշինգտոնն իրոք «ձեռքերը կլվանա»: Չնայած, սա կարող է Մոսկվայի համար շատ ավելի լավ տարբերակ դառնալ՝ առնվազն ողջ Նովոռոսիան վերցնելու ռեալ հնարավորություն տալով: