«Փաստ». Ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության եւ զարգացման գործում։ 2024 թ. ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար։ Այդ մասին օրեր առաջ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ ՌԴ-ն հայկական իշխանություններին կոշտ մեսիջ է ուղարկում՝ դուրս չգալ ԵԱՏՄ-ից, այսինքն՝ ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական գոտուց և շարունակել խորացնել կապերը ռուսական ինտեգրացիոն ֆորմատների շրջանակներում. «Մոսկվայի մեսիջները փոխանցվում են թե ռուսաստանաբնակ հայ գործարարների միջոցով, ովքեր ունեն նաև լուրջ տնտեսական լծակներ ՀՀ-ում, ինչպես նաև դիվանագիտական մակարդակով՝ Գալուզինի շուրթերով։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրի տարածքով են անցնում ՀՀ-ի կյանքի ճանապարհները՝ դեպի Սև ծով և Վերին Լարս՝ ՌԴ։ Վրաստանում է բնակվում կես միլիոնի հասնող հայ համայնքը, Վրաստանը բարեկամ երկիր է, և Վրաստանը ցանկանում է ՀՀ-ի տարածքով ելք ունենալ դեպի Իրան և Պարսից ծոց։ Բացի այդ, Վրաստանում ուժեղ են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը, և Թբիլիսին ցանկանում է բալանսավորել և թուլացնել թուրքական ազդեցությունը Վրաստանում՝ այդ թվում խորացնելով կապերը ՌԴ-ի ու ՀՀ-ի հետ»։
Ինչ վերաբերում է Հարավային ուղղությանը, ապա Իրանն ու Հնդկաստանը հայամետ դիրքորոշում ունեն թե՛ Սյունիքի և «Զանգեզուրի միջանցքի» հարցում, թե՛ ՀՀ-ի բանակի վերազինման։ «Իրանը ցանկանում է խորացնել ՀՀ-ի հետ տրանսպորտային, էներգետիկ կապերը՝ ՀՀ-ն Թեհրանի համար կամուրջ է, ելք է դեպի ԵԱՏՄ շուկա և Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, ինչպես նաև ՌԴ։ Բացի այդ, վերջերս անցկացվեցին հայ-իրանական համատեղ զորավարժություններ՝ դա կարևոր մեսիջ էր Բաքվին և Անկարային ու նրանց պանթուրքական ծրագրերին։ Հնդկաստանը զինում է ՀՀ-ին՝ ցանկանում է մաս կազմել Հնդկաստան-Իրան-ՀՀ-Վրաստան լոգիստիկային, ինչը բազմամիլիարդանոց ներդրումներ կարող է բերել հայկական տնտեսություն»,-նշում են հեղինակներն ու հավելում, որ Արևմուտքը, բացի խոստումներից, ՀՀ-ին ոչինչ չի տալիս, իսկ ԵՄ-ին անդամակցությունը հեքիաթ է, այնտեղ ՀՀ-ին ոչ ոք չի սպասում. այսպիսով, Հայաստանի ռազմա-քաղաքական և տնտեսական անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ դաշինքի ֆորմատի հետ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում