K2-18B էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի առկայության նշաններ են հայտնաբերել
Հասարակություն
Քեմբրիջի համալսարանի աստղագետների գլխավորած գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում հայտնաբերել են երկու հազվագյուտ գազերի քիմիական հետքեր, որոնք կարող են վկայել կենսաբանական ակտիվության առկայության մասին։ Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
Օգտագործելով Ջեյմս Ուեբ աստղադիտակի հավաքած տվյալները՝ գիտնականներին հաջողվել է պարզել դիմեթիլ սուլֆիդ և դիմեթիլ դիսուլֆիդ (համապատասխանաբար DMS և DMDS) գազերի հնարավոր առկայությունը մոլորակի մթնոլորտում։
«Երկրի վրա DMS-ը և DMDS-ը բացառապես կյանքի արդյունք են, հիմնականում այնպիսի արարածներ, ինչպիսիք են ծովային ֆիտոպլանկտոնը: Թեև անհայտ քիմիական գործընթացները կարող են լինել այս մոլեկուլների աղբյուրը K2-18b-ի մթնոլորտում, հետազոտության արդյունքները դեռևս ամենաուժեղ ապացույցն են, որ կյանք կարող է գոյություն ունենալ մեր արեգակնային համակարգից դուրս»,- ասվում է զեկույցում:
Այնուամենայնիվ, գիտնականների եզրակացությունները դեռ վերջնական չեն։ Նրանք նախատեսում են կատարել K2-18b մոլորակի լրացուցիչ դիտարկումներ՝ օգտագործելով նույն աստղադիտակը, որպեսզի համոզվեն, որ DMS և DMDS գազերի հետքերի հայտնաբերումը չափման սխալ չէ: