«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց. Լեւս Դավթյան
Մշակութային«Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային ընդառաջ՝ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ֆիլմի գլխավոր դերակատարներից դերասան ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ «Ոսկե դուբլը» (ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան) նվիրված է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր:
«ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԻՀԱՐԵԼ ԷԻ 20 ԿԳ»
— Լեւս, վաղուց չենք խոսել, ինչպե՞ս եք, որտե՞ղ էիք:
— Այո, իսկապես, վաղուց չենք խոսել: Կապանի թատրոնում էի, նկարահանումների ընթացքի մեջ էի, շատ տարբեր զբաղվածություններ ունեի: Կապանում շատ կարեւոր եւ մեծ միջոցառում էր ընթանում: Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի, Հայաստանի Թատերական գործիչների միության, ինչպես նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի եւ Սյունիքի մարզպետարանի հովհանավորությամբ՝ կազմակերպվել էր «Կապանի կամերային ներկայացումների փառատոն»-ը, որը տեւեց յոթ օր շարունակ, եւ Հայաստանի լավագույն թատրոնները, ամեն մեկը մի ներկայացում էր ցուցադրում: Ես ինքս, որպես Կապանի թատրոնի դերասան, ավելի շատ կազմակերպչական աշխատանքներ էի կատարում:
Դրան հաջորդեց ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Պետք է ասեմ, որ հաճելի եւ մեծ աժիոտաժ էր սահմանամերձ Կապանում: Մարդիկ առնչվեցին, իսկապես, լավ արվեստի, լավ արժեքների հետ: Կարծում եմ՝ այդպիսի միջոցառումները պետք է շարունակական լինեն` համատարած բոլոր մարզերով եւ հատկապես սահմանամերձ շրջաններում: Ցավոք, այսօր Կապանն արդեն համարվում է սահմանամերձ:
— Բոլորովին վերջերս նկարահանվեց ֆիլմ, որը ներկայացնում է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակը եւ կոչվում է «Ոսկե դուբլ» : Դուք ո՞ր լեգենդար ֆուտբոլիստին եք մարմնավորել:
— Այո՛, ֆիլմը պատմում է «Արարատ 73»-ի մասին: Դա շատ մեծ գործ է, որը վերջապես գնահատում է այդ ֆուտբոլիստների սխրանքը, որովհետեւ Սովետական Միությունում քիչ երկրներ կային, որոնք դարձել էին ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Մեծ պատիվ ունեցանք անձնապես շփվել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր դեռ ողջ են՝ Էդուարդ Մարկարովի, Լեւոն Իշտոյանի եւ թիմի լեգենդար մարզչի՝ Նիկիտա Սիմոնյանի հետ: Պատմեցին, թե ինչ մեծ դժվարությամբ է տրվել նրանց այդ հաղթանակը, թե ինչ ինտրիգների միջով են անցել: Իսկապես, դա անիրական բան է եղել, քանի որ այն ժամանակ, բացի ուկրաինական եւ ռուսական թիմերից, ոչ մեկը չէր կարող չեմպիոն դառնալ: Մեծ հաշվով դարձել են չեմպիոններ Թբիլիսիի «Դինամո»-ն եւ «Արարատ 73»-ը: Ընդ որում, մեկ մրցաշրջանում ե՛ւ գավաթն ենք հաղթել, ե՛ւ` առաջնությունը: Ու դա այն դեպքում, երբ արդեն խոսակցություն կար, որ ուկրաինական 3-4 թիմեր իրար մեջ արդեն խաղերը վաճառել էին, եւ նույնիսկ «Դինամո Կիեւն» արդեն հուշամեդալներ էր թողարկել՝ «Դինամո Կիեւ 1973» գրությամբ: Սակայն, մեր տղաներն իրականում հերոսություն արեցին, եւ նրանց մասին պատմող գեղարվեստական ֆիլմ պետք էր: Վավերագրական ֆիլմեր շատ կան, սակայն սերունդների համար նաեւ գեղարվեստական ֆիլմն էր կարեւոր:
Ես մարմնավորել եմ մեր թիմի լեգենդար ավագ Հովհաննես Զանազարյանի կերպարը: Ցավոք, նա եւս մեզ հետ չէ: Իրականում բարդ էր, քանի որ ֆիլմի համար երեք ամսվա ընթացքում նիհարել էի 20 կգ: Չնայած, որ հիմա կրկին հետ եկա իմ հին քաշին, բայց ֆիլմի համար դիետաներ պահեցի, մարզվեցի: Ես ժամանակին պարապել եմ ֆուտբոլ սպորտաձեւով եւ ասեմ, որ քաստինգի ընթացքում «Փյունիք» ակումբի մարզիչները անգամ ստուգում էին դերասանների ֆուտբոլային ունակությունները: Դե անցա այդ քաստինգը, դերասանականն էլ անցա եւ նկարահանվեցի: Ի դեպ, ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց: Բայց հրաշալի շրջան ապրեցինք բոլորս, որովհետեւ աշխատեցինք նաեւ մեծանուն ռուս դերասանների հետ, որոնցից շատ բան սովորեցինք՝ Յուշկեվիչ, Պիռոյեւ, Շակուռով, Կազարով եւ այլն: Եվ գիտեք, եթե անգամ այդ մարդկանց հետ մի կադրում էլ չես հայտնվում, սակայն հեռակա շփվելով, խոսելով կամ նրանց աշխատանքի ոճը ուսումնասիրելով՝ մեծ փորձառություն ես ձեռք բերում:
Ֆիլմը նկարահանվել է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում: Ֆիլմի ռեժիսորը մեր ավագ ընկեր Մհեր Մկրտչյանն է, իսկ սպորտային հատվածը առանձին ռեժիսոր է նկարել: Մենք չգիտեինք, որ սպորտային մասերը նկարում է հատուկ այդ մասնագետը: Շատ լուրջ, կազմակերպված եւ պրոֆեսիոնալ մոտեցում է եղել ֆիլմին, ինչն էլ ավելի հաճելի էր դարձնում մեր աշխատանքը:
«ԿԻԵՎԻ ԱՐԽԻՎԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՅԴ ԽԱՂԸ»
— Դուք Ձեր ձեռքերում պահել եք մի գավաթ, որը 1973 թվականից մինչ օրս իր տեղը չէր լքել: Ամեն մարդու բախտ չի վիճակվել այն բռնելու: Ի՞նչ էիք զգում այդ պահին:
— Կրկին փշաքաղվեցի, երբ հիշեցրիք: Շատ խորը եւ լուրջ զգացողություններ ունեցա, որովհետեւ պրոդյուսերը՝ Վալերի Սարյանը, կարողացել էր գավաթը բերել, եւ դա մեծ պատիվ էր մեզ համար: Ամեն ինչի վրա մանրակրկիտ ուշադրություն է դարձրել ստեղծագործական անձնակազմը՝ գրիմը, հագուստը եւ այլն: Եթե այլ ֆիլմի համար պետք է գրիմ անեն 3-4 դերասանի, ապա այս ֆիլմում միանգամից 11 դերասանի պետք է գրիմ անեին: Մազերի հարդարանքը պետք է ժամանակի հետ համապատասխան լիներ: Ես իմ մազերը աճեցրել էի, սակայն կային դերասաններ, որոնք այլ դերերի պատճառով չէին կարող աճեցնել, ստիպված կպցնում էին: Ստացվում էր, որ առավոտյան 4-ից մենք սկսում էինք գրիմի գործը, որպեսզի 11-ին կարողանայինք նկարահանվել: Ողջ նկարահանման ժամանակահատվածը եղավ մոտավորապես երկուսուկես ամիս: Ես անձամբ Ռուսաստան չեմ տեղափոխվել նկարահանումների համար, քանի որ այնտեղ տեսարան չեմ ունեցել, սակայն խումբը տեղափոխվել էր: Նաեւ ասեմ, որ այդ երկուսուկես ամսվա մեջ էին մտնում մեր պարապմունքները՝ 25 օր: Այսինքն՝ այդ խաղային դրվագները ինչպես եղել է եւ պահպանվել է, նույնությամբ կարողացել ենք ստանալ, սակայն, ցավոք, լեգենդար հանդիպումը «Դինամո Կիեւ»-«Արարատ», որը մենք Լեւոն Իշտոյանի շնորհիվ 2:1 հաղթեցինք, չի պահպանվել: Այսինքն՝ գոլերի ընդհանուր կադրերը կան, բայց խաղը չի պահպանվել: Ասում են՝ Կիեւի արխիվից ուկրաինացիները վերացրել են այդ խաղը, քանի որ դա նրանց համար մեծ հարված է եղել: Իսկ Հայաստանում ասում են՝ այն ժամանակվա ժապավենների մեջ ինչ-որ նյութ է եղել, որը վատ տարիների ընթացքում այդ նյութի համար վերացրել են: Ստիպված այն ֆուտբոլիստները, ովքեր դեռ ողջ են, նրանց պատմելով ենք կպցրել, համադրել եւ ստացել պատկերը: Կարծում եմ՝ մայիսին կլինի ֆիլմի պրեմիերան, քանի որ նկարահանումներից հետո շատ տեխնիկական աշխատանքներ կան, որոնք կատարվում են: Օրինակ, մարզադաշտը որպեսզի նույնությամբ ստանանք, պետք է գրաֆիկական աշխատանք կատարել ՝ աթոռները եւ այլն:
— Դուք խոսե՞լ եք լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետ:
— Տեսազանգով խոսել ենք, եւ պիտի ասեմ, որ իր տարիքի համար շատ լավ է: Աստված տա իր տարիքում՝ 99 տարեկանում, բոլորս լինենք գիտակցության մեջ, ինչպես ինքն է: Անգամ խնդրեց, որպեսզի տեսազանգով ցույց տանք Հրազդան մարզադաշտը, հետո ֆուտբոլիստներին փորձում էր նմանեցնել դերակատարների հետ: Իր համար դժվար է եղել այդ տարիներին, քանի որ նոր մարզիչ է եղել, եւ դա իր առաջին մեծ հաղթանակն է եղել: Հետո իրեն միանշանակ չեն ընդունել Հայաստանում: Քանի որ դրա նախորդ տարիները, երբ «Արարատը» զբաղեցրել է երկրորդ տեղը, դա դեռ առաջին անգամ, այդ ժամանակ ուրիշ մարզիչ է եղել: Ֆուտբոլիստները չեն համակերպվել այդ մտքի հետ, սակայն հետո եկել է Նիկիտա Սիմոնյանը եւ այդպես շարունակել է մարզել տղաներին: Նա մինչ օրս «Սպարտակ» ակումբի անհերքելի լեգենդն է: Բոլոր ժամանակների անգերազանցելի եւ լավագույն ռմբարկուն է մնացել եւ, այո՛, նա այնտեղ ամենապատվելի եւ բարձր դիրքում է: Ամեն օր գալիս, նրան տանում են մարզադաշտ:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԻ, ՈՒՐԻՇ ԵԼՔ ՉԿԱ»
— Բացի այս ֆիլմը, էլ ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք:
— Այս պահին հանդիսատեսը շատ նոորություններ թող չսպասի: Կապանի թատրոնում արդեն մի քանի ներկայացման մտքեր կան, որ սպասում ենք հաստատման: Այնտեղ մի քանի ներկայացում կխաղամ այս եկող խաղաշրջանում, իսկ մնացած ստեղծագործական առումով դեռ նորություններ չունեմ: Մի սիթքոմի սցենարի վրա ենք հիմա աշխատում, որը նոր եթերաշրջանում կգնա:
— Ստացվում է, որ մեկ դերը մարդու կյաքում կարող է լինել որոշիչ, ինչպես եղավ Ձեր դեպքում «Իշխանափոխություն» ֆիլմից հետո: Եթե այսօր լիներ կրկին նման դերի առաջարկ, կընդունեի՞ք:
— Կընդունեի առանց մտածելու: Դա իմ որոշումն է եղել, իմ հայացքները: Այդ ժամանակ գոնե այդկերպ էր հնարավոր ինչ-որ օգուտ տալ, ինչ-որ բան փոխել մարդկանց մեջ: Այն ժամանակ դեռ այսքան չէր հասունացել ամեն բան, եւ մարդիկ դեռ այս չափ չէին գիտակցում, թե մեզ ուր են տանում:
— Իսկ հիմա ինչպե՞ս փոխել, ինչպե՞ս օգնել…
— Դա ամենից դժվար գտնվող հարցի պատասխանն է՝ ի՞նչ անել: Ես կարծում եմ` ամեն բան այնքան պարզ է եղել, սակայն մենք բարդ տեղեր ենք հարցերի պատասխանները ման գալիս: Այս երկրում կան կոնկրետ քաղաքական ուժեր, կոնկրետ ռեսուրսներ՝ ինչ-որ բան փոխելու համար, Հայաստանի նման փոքր պետությունում, որը քաղաքականացված եւ ինչ-որ շահերից է կախված, գույություն ունեն այն ֆունդամենտները, որոնք կան ու շարունակում են լինել: Գոյություն ունեն երկրորդ եւ երրորդ նախագահներ՝ իրենց ռեսուրսներով, իրենց միջոցներով, իրենց ընդդիմությամբ, որոնցով կարելի է այս երկրում բան փոխել: Բայց ինչու են հապաղում, ես չգիտեմ: Ուրիշ ելք ես չեմ տեսնում: Մենք տեսնում ենք, որ բոլոր քաղաքներում, երբ ինչ-որ բան է փոխվում, դրա ֆունդամենտը էլի նախկին նախագահներն են, նրանք ընդդիմություն են, եւ կան մարդիկ, որոնք նրանց հավատում են: Հիմա առանց իրար հետ միավորվելու՝ հնարավոր չէ հաղթել, այսինքն, եթե հաջորդ ընտրություններին՝ 2026 թվականին, առանձին դնեն իրենց թեկնածությունները, ապա կրկին ձայները փոշիանալու են, եւ կրկին հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիրը»: Ինչքան էլ որ ասեն՝ ոչ, ժողովուրդը հոգնել է եւ այլն, միեւնույնն է, մարդիկ ընտրելու են կրկին այս իշխանությանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

