Գլխավոր դատախազությունը Երգիչ Անդրեի (Անդրեյ Հովնանյան) կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքը ուղարկել է ՀՀ ոստիկանություն ստուգումներ իրականացնելու համար: Այս մասին ArmLur.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։

Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը գրառում էր կատարել, որում, թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է նրա մասին։

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»:

Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- Ինստագրամի իր էջում գրել էր երգչուհին։

Նյութի աղբյուր` https://starnews.am/8237211172/?fbclid=IwY2xjawJt8slleHRuA2FlbQIxMQABHmpzrZYlUgHW3HWGhdYmHmta-Cm_Kp_Jt3EFmtK44jIbJUibV8Hm4QzDjOST_aem_fA07epTFlAv34UZzesA4gw