Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես Հայաստանի միջին վիճակագրական վարորդը. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմությո՞ւնն է դժգոհ կառավարման որակից, ոչ ես եմ դժգոհ կառավարության որակից, կառավարությունն է դժգոհ, խորհրդարանական մեծամասնությունն է դժգոհ կառավարման որակից: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, ուղիղ խոսենք։ Մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսահավեր վիճակում է, որտեղից պիտի լիներ լավ կառավարման համակարգ։
Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է լիներ կառավարման լավ որակ, մի հատ բացատրեք էլի։
Քաղաքացիական հասարակության հետ նեղ կազմով քննարկում էր, ասում եմ՝ ժողովուրդ ջան, բերեք ձեր չնաշխարհիկ կադրերի ցուցակը: Այն մարդիկ, որոնք ի վիճակի են աշխատել, ասում են հինգ, վեց, երեք, երկու միլիոն դրամ ամիս պետք է աշխատավարձ տաք մեզ: Էլ չեմ ասում, որ հավասար պայմաններում ինքը գնում է ուրիշ տեղ է աշխատում, ասում է՝ զահլա կա՞, ամեն մի կիլո տուն տարած հացի վրա վեց կիլո հետը անեծք կա: Ինձ պե՞տք է, ամեն օր շորտերով կգնամ ինձ համար գործի, իմ փողը կաշխատեմ:
Գնացեք գյուղ-գյուղ, մարզ-մարզ, մտեք, տեսեք մեր դպրոցների վիճակը, տեսեք, 30 տարի մեր երեխաները ինչ դպրոցներում են գնացել դասի։ Ահա և ձեզ պատասխանը։
Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական վարորդը, ինչպիսի վարորդ է միջին վիճակագրական վարորդը, որովհետև չեմ կարող ես այլ կերպ լինել։ Պետությունը, ժողովուրդը մի օրգանիզմ է։
Եթե ուզում ենք նորմալ պետություն ունենալ, պետք է ներդրում անենք կրթական համակարգում, ինքնամոռաց:
Ինչի՞ չենք կարողանում նորմալ 300 դպրոց կառուցել, էլի նույն պատճառով, որովհետև միջին վիճակագրական շինարարը այնպիսին է, ինչպես միջին վիճակագրական վարորդը և և միջին վիճակագրական վարչապետը:
Ի վերջո մենք մեզ հայելու մեջ նայելո՞ւ ենք, թե ես ասելու եմ՝ ես ամենալավն եմ, մնացածը վատն են: Մնացածն էլ ասելու են՝ մենք ամենալավն ենք, վարչապետը վատն է: Կարող ենք ասել, բայց դրանից շարժ չկա, տեղապտույտի անվերջ վիճակ է»,-ասաց նա: