Մոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ. Գալուզին
ՄիջազգայինՄոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված բացառիկ հարցազրույցում։
Նա նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է գնալ վրացականը՝ հարաբերությունները վերականգնելու համար։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզել են ոչ թե մենք, այլ Սահակաշվիլիի ռեժիմը, այն բանից հետո, երբ այս ռեժիմը փորձեց ագրեսիա իրականացնել Հարավային Օսիայի բնակչության, ռուս խաղաղապահների, հետևաբար նաև Ռուսաստանի Դաշնության դեմ»,- նշել է Գալուզինը։
Դիվանագետը նշել է, որ անցյալ աշնանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Վրաստանի ղեկավարությունը շատ խելամիտ հայտարարություններ է արել Հարավային Օսիայի ժողովրդից ներողություն խնդրելու անհրաժեշտության, ինչպես նաև հաշտեցման հասնելու մտադրության մասին։
«Ինչպես հասկանում եմ, պաշտոնական Թբիլիսին նույն վերաբերմունքն ունի Աբխազիայի նկատմամբ, և դրանք, իհարկե, դրական ազդանշաններ են»,- հավելել է նա։