Իսրայելն իրականում Իրանի՞ հետ է ուզում պատերազմել, թե՝ Թուրքիայի
Միջազգային
Իհարկե, ինչպես Հայաստանի շուրջ իրավիճակը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=309949&l=am), այնպես էլ շատ բան աշխարհում կախված է նրանից, թե Թրամփը մեծ պատերազմ կսկսի՞ Իրանի հետ: Եվ, դատելով տեղեկատվական հոսքերից, այս ուղղությամբ սրացումների պակաս չկա: Եվ այդ թեման էլ ավելի սրվեց Նեթանյահուի՝ ԱՄՆ այցի ֆոնին:
Անգամ իրանական աղբյուրների մոտ է գերիշխում թեզը, որ Նեթանյահուի այդ այցի հիմնական նպատակը. «Իրանի վրա հարձակումն է: ԱՄՆ-ը պատրաստվում է պատերազմին: Ավելի քան 40 000 ամերիկացի զինվորականներ տեղակայված են Մերձավոր Արեւելքում՝ նախապատրաստվելով Իրանի հետ հնարավոր պատերազմին, հաստատում են զեկույցները: Լարվածությունը հասել է եռման կետի: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները դադարեցվել են, եւ երկու երկրներն էլ բարձրացնում են իրենց ռազմական պատրաստվածության մակարդակը»:
Թեեւ մյուս կողմից ԱՄՆ-ն միշտ էլ մոտավորապես 40 հազարի չափ զինվորական, եթե ոչ շատ ավելին, ունեցել է Մերձավոր Արեւելքում, եւ դա Իրանի դեմ պատերազմ սկսելու հիմք չէ:
Նաեւ այլ հարց է, թե իրականում Իսրայելի համար իրո՞ք այս պահին թիվ 1 թշնամին Իրանն է: Թեհրանը, ինչ խոսք, ունի աճող ռազմական պոտենցիալ: Բայց բոլորն են հասկանում, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու պատմությունը հորինվածք է: Հենց դա կլիներ Իսրայելի համար ռեալ վտանգ, սակայն իրանական միջուկային զենքի մասին արդեն 40 տարի խոսում են, բայց այդ զենքը չկա ու չկա:
Մյուս կողմից, Իսրայելը մեկ այլ լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ սիրիական ուղղության: Թել Ավիվը, իհարկե, Սիրիայում փորձում է իրեն զգալ ինչպես սեփական տանը: Անցած շաբաթ էլ, հիշեցնենք, անցած շաբաթ ոչնչացրեց սիրիական կենտրոնական գոտում` Պալմիրային հատվածում գտնվող T4 բազան, որը, ըստ տեղեկությունների, վերածվում էր թուրքական խոշոր ռազմաբազայի՝ Իսրայելի ուղղությամբ։ Եվ ահա, Türkiye ամսագիրը պնդում է, որ այս հարձակման ժամանակ թիրախ են դարձել նաեւ թուրքական С-200 եւ նույնիսկ՝ С-400 զենիթահրթիռային համակարգերը։ Եթե այդ լուրը հաստատվի, կնշանակի, որ թուրքերն իրենց ունեցած լավագույն` ռուսական С-400 համակարգերը տեղակայել են Սիրիայում։ Իսկ դա կնշանակի, որ դրանք նախատեսված են իսրայելյան ավիացիայի դեմ:
Ավելին, մի շարք տեղեկացված աղբյուրներ էլ պնդում են, որ թուրքական բանակը այս օրերին հսկայական ռազմական ուժեր է տեղակայել Սիրիական Հալեպի հյուսիսում: Ու ասել, թե դա նախատեսված է, ասենք, քրդերի դեմ պատերազմելու համար, միամտություն կլիներ: Իսկ ահա, այս զարգացումների ֆոնին, Jerusalem Post-ը փոխանցում է Իսրայելի ռազմական բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը. «Սիրիայում մեր հարձակումները մեսիջ են Թուրքիային: Մի՛ ստեղծեք այնտեղ ռազմակայաններ եւ մի՛ միջամտեք մեր գործունեությանը»։
Իսկ Թուրքիան, կրկնենք, ի պատասխան, մեծ ուժեր է մտցնում Սիրիա...
Այսինքն, Իսրայելը հիմա Իրանի հե՞տ լուրջ ռազմական խնդիրներ ունի, թե` Թուրքիայի:
Մյուս կողմից, եթե անգամ ընդունենք, որ Իսրայելի թիրախը Իրանն է, եւ փորձում են ԱՄՆ-ին ներգրավել մեծ պատերազմի մեջ, Թրամփն այս պահին նման ռիկի կարո՞ղ է գնալ: Շաբաթ օրն ԱՄՆ-ում Թրամփի դեմ ավելի քան 1200 բողոքի ցույց անցկացվեց: Այն, որ սա շատ նման է սովորական «գունավոր հեղափոխության», ավելի կոնկրետ՝ սկսում են նման սցենար փորձարկել, դժվար չէ կռահել: Թրամփը նույն պահին իր համար հանգիստ գոլֆ էր խաղում՝ փորձելով ցույց տալ, թե որեւէ մտահոգություն չունի: Բայց այն, որ տեղի ունեցածը գլոբալիստների, ավելի ճիշտ՝ այդ ուղղության լիդեր «ստվերային կառավարության» ձեռքի գործն է, երեւի տարակուսանքներ չլինեն: Գումարած, Թրամփի հարաբերությունները առանց այս էլ սրված են նաեւ Եվրոպայի հետ` ի դեմս իշխող գլոբալիստական խունտաների: Իսկ ամերիկյան նոր մաքսատուրքերի պատմությունն այդ սրացումները հասցնում է ծայրահեղ թեժացման: Նույն թեժ հարաբերություններն են Չինաստանի հետ. չինացիները, պատասխանելով Թրամփին, իրենց հերթին 34 տոկոս մաքսատուրք սահմանեցին ամերիկյան բոլոր ապրանքների համար, եւ ոչ միայն դա: Այս ամենը, իհարկե, կարելի է համարել եւս մեկ բացատրություն, թե ինչու է Մոսկվայի հետ հարաբերությունները Թրամփի համար դառնում անփոխարինելի: Բայց միայն այսքանով չէ, որ ամեն ինչ վերջանում է:
Շատ ավելի լուրջ խնդիր է դարձել, որ երեկ, ինչպես եւ սպասվում էր, իսկական փլուզում տեղի ունեցավ համաշխարհային Ֆոնդային շուկաներում. վատթարագույն անկում 2008 թվականից ի վեր, ու պատճառն ամերիկյան մաքսատուրքերն են: Ու միանգամից այս ամենը տեղափոխվեց նաեւ ամերիկյան ֆոնդային համակարգ: Ինչ շարունակականություն կունենա, ինչ խորությամբ այս ամենը կհարվածի համաշխարհային տնտեսությանը, անգամ ամենահեղինակավոր փորձագետներն են խուսափում գնահատել: Բայց որ անգամ ամենակատաստրոֆիկ սցենարներն են հնարավոր, ընդունում են բոլորը:
Ահա այս բազում, միանգամայն խորքային, որոշ դեպքերում՝ աննախադեպ խնդիրներին զուգահեռ, որքանո՞վ է իրատեսական, որ Թրամփը նաեւ որոշի մտնել Իրանի հետ մեծ պատերազմի մեջ: Աչքի առաջ ունենալով, որ անգամ հուսիթների հարցում, թեեւ արդեն մեծ փողեր են ծախսել, սակայն որեւէ տեսանելի արդյունք չկա: Անգամ Թրամփին էլ մի կողմ թողնենք. Նեթանյահուն եւս պետք է որ հաշվարկի այս ամբողջական իրավիճակը, նաեւ հաշվի առնելով, որ Իրանը պատասխան հարված միանշանակ կհասցնի: Ապա նաեւ, որ այդ հարվածը կհասցվի ոչ միայն ամերիկյան ռազմակայաններին, այլ հենց` Իսրայելին: Ու այն դեպքում, երբ Նեթանյահուն էլ երկրի ներսում խնդիրների պակաս չունի: Նաեւ, չկա որեւէ երաշխիք, որ Իրանի դեմ պատերազմը կլինի արագ եւ հաղթական: Առավել եւս, որ Իրանի հետ համատեղ զորավարժանքներ անցկացնելով, Չինաստանն ու Ռուսաստանը եւս ցույց տվեցին, որ մտադիր չեն Թեհրանին թողնել հոշոտման, եթե, իհարկե, ԱՄՆ-ի պոտենցիալը դրան կբավարարի: