ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը անցկացրել է ձյունառատ Ծաղկաձորում։ Հավաքը մեկնարկել էր մարտի 16-ին։ Կաշվե ձեռնոցի մարտիկները հավաքին մասնակցում էին մեծաքանակ թիմով, 37 մարզիկներով, հավաքականի նոր գլխավոր մարզիչ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ և մարզիչ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ։ Նշենք, որ մեր մարզիկները առաջին անգամ էին մեծաքանակ թիմով մասնակցում հավաքի։ Բավականին հագեցած է եղել նրանց այս հավաքը. Ալիբեկի հաղթահարում, շրջանաձև ուժային մարզումներ, այս ժամանակահատվածում անչափ կարևոր է ֆիզիկական լավ պաշար հավաքելը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, ծնունդով Աբովյանից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց. -
«Շատ լավ անցավ մեր ուսումնամարզական հավաքը։ Հիմնական շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստվածության վրա։ Ծաղկաձորում բավականին առատ էր ձյունը, սակայն մենք կարողացանք հաղթահարել ու բարձրանալ նաև Թեղենիսի գագաթը։ Մարտի 30-ին արդեն ավարտել ենք Ծաղկաձորյան հավաքը ու վերադարձել։ Ապրիլի 3-ից արդեն Օլիմպավանում կմասնակցենք հավաքի, պատրաստվում ենք Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային խոշոր մրցաշարին, որը կկայանա ապրիլի 15-19-ը։ Օլիմպավանում արդեն շեշտը կդնենք հիմնականում մասնագիտական բռնցքամարտի վրա։ Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին ես կրկին իմ 92 կգ քաշային կարգում եմ հանդես գալու։ Շատ ուրախ եմ, որ բռնցքամարտը հաստատվեց ու կմնա որպես Օլիմպիական մարզաձև ու կլինի 2028 թվականի ԱՄՆ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին»։
Իսկ ահա Հայաստանի չեմպիոն ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, մեզ հետ զրույցում նշեց. - «Ծաղկաձորում շատ հագեցած հավաք ենք անցկացրել։ Պատրաստվում ենք Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին։ Շուրջ 8 երկրի ուժեղագույն բռնցքամարտիկներ են ժամանելու մեր երկիր»։
Եվրոպայի փոխչեմպիոն ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ նշեց. «Շատ լավ անցավ մեր Ծաղկաձորյան հավաքը, մեր մարզիչների գլխավորությամբ բավականին ծանր մարզումներ ենք անցկացրել, միայն հաղթանակի համար ենք պայքարելու»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


