ԿԱՊԻՏԱՆ ՍՈՍ ԷԼԲԱԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 33 - ՏԱՐԵԿԱՆ
Հասարակություն
Հունվարի 31-ը, ՀՀ ԶՈւ կապիտան, հրետանու շտաբի պետ, 2020 թվականի հուլիսյան մարտերում հերոսացած ՍՈՍ ՓԱՅԼԱԿԻ ԷԼԲԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 33-տարեկան։ Նրա հուշարձանին են այցելել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ։ Սոսը ծնունդով Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից էր։ Նրա բարեկամուհին, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.
- «Սոսը ծնվեց 1992 թվականին, ՀՀ ԶՈւ կազմավորումից 3 օր անց, իսկ իր զոհվելուց 3 ամիս անց հայկական բանակը ծանր վիրավորում ստացավ։ Սոսն իր կյանքի լավագույն տարիները նվիրեց հայրենի երկրի պաշտպանությանը, որպես արժանավոր սպա արեց հնարավորն ու անհնարինը, Հայկական բանակի հզորացման համար, զոհվեց հանուն հայրենիքի հաղթանակած պարտություն չտեսած։ Սոսի համար երեխաները մի ուրիշ աշխարհ ու մեծ արժեք էին, սիրում էր ծանոթ ու անծանոթ բոլոր մանուկներին, աղջիկներին առավել ևս։ Կատակով ասում էր ճիշտ երեխան աղջիկն է։ Երազում էր աղջիկ ունենալ, շատ էր երազում, անբացատրելի երանությամբ։ Երեխա չհասցրեց ունենալ, բայց հասցրեց կյանքի գնով պաշտպանել հայրենի հողը, որ իր սիրելի մանուկները անհոգ ու խաղաղ ապրեն»։ Կապիտան Սոս Էլբակյանը, մայոր Գարուշ Համբարձումյանի հետ միասին, 2020֊ի հուլիսի 14֊ին ժամը 01։30֊ի սահմաններում իջել են զինամթերքի պահեստ, որպեսզի համապատասխան զինամթերք հասցնեն զորքին, ցավոք, հենց այդ պահին էլ նենգ թշնամու անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը ու թիրախային հարված հասցրել, զինվորներից երկուսը եղել են զինապահեստում, մյուս երկուսը մեքենայի մեջ։ 2020 ֊ի օգոստոսին Տավուշի մարզի Այգեձոր համայնքում կապիտան Սոս Էլբակյանի հիշատակին տեղադրվել է հուշաքար։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Անբասիր ծառայության համար 1֊ին աստիճանի մեդալների»։ Ծննդավայրի Մարմաշենի կենտրոնական փողոցը անվանակոչվել է Սոս Էլբակյանի անվամբ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



