«Ամենավախկոտ տղամարդն առյուծ էր կտրում, երբ տեսնում էր՝ իր կողքին կին է մարտնչում». Աիդա Սերոբյան
Արխիվ 16-20
Այս տարի մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 25 ամյակը: Ազատագրման մասին իրենց հուշերն են այսօր լրագրողներին պատմել Արցախի հերոս, գեներալ-մայոր, «Հարսանիք լեռներում» օպերացիայի հեղինակ Արկադի Տեր- Թադևոսյանը, «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, գեներալ-մայոր, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը:
Նրա խոսքով` Շուշիում հաղթեց մեր ազատամարտիկը, իր մարտական ոգին։ Այդ հաղթանակը հերոսի խոսքով, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միացյալ ուժով էր։ Մեր զինվորները մեկ օրվա մեջ՝ 26 ժամում, ազատագրեցին բերդը:
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն էլ խոսեց կանանց դերի մասին արցախյան ազատամարտում:
-300-ից ավելի կանայք են մասնակցել Արցախյան պատերազմին. նրանք եղել են դիպուկահարներ, ֆիդայիներ։ Պատերազմի ժամանակ ամենավախկոտ տղամարդն իսկ առյուծ էր կտրում, երբ տեսնում էր՝ իր կողքին՝ զենքը ձեռքին, կին է մարտնչում,- հիշում է կին ազատամարտիկը:
Կնոջ կարևորությունը բանակում, ըստ Աիդա Սերոբյանի, միայն պատերազմի ժամանակ չի երևում:
-Հիշում եմ 1992թ., երբ պետք է «Պուշկին Յալը» ազատագրեինք: Ահավոր ծանր վիճակ էր: Այդ ժամանակ մենք նահանջում ու նահանջում էինք, և միայն 1993թ. փետրվարից ենք սկսել առաջ շարժվել։ Այդ ժամանակ, երբ տղաներն արդեն նահանջում էին, կրակեց մեր գնդացիրը, ու բոլորը զարմացած տեսան, որ Կարինե Գևորգյանը ոչ թե չի նահանջում, այլ մոտեցել է գնդացրին ու կրակում է ադրբեջանցիների վրա։ Բոլորը վերադարձան իրենց դիրքերն ու սկսեցին մարտնչել,- ասաց միության նախագահը:
«Իրավունք»-ի հարցին`ընդունո՞ւմ են ազատագրված հողերը ետ վերադարձնելու մասին առաջարկները, ասուլիսի մյուս բանախոս Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ դա անթույլատրելի է. «Ադրբեջանը ոչ թե փոխզիջում, այլ միակողմանի զիջումներ է պահանջում ոչնչի դիմաց»
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ