«Գժանոցից եկել, թագի է արժանացել ու մեր տունն է քանդում». ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է «Ալմաստ» մշակութային կենտրոնի տնօրեն, ազատամարտիկ, ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏԻ հետ:
- Տիկին Ալմաստ, այս պահին ի՞նչ ստեղծագործական պրոցեսների մեջ եք:
- Բնականաբար, այս պահին գրում եմ հայրենիքին նվիրված, այսօրվա իրավիճակը մի քիչ քննադատող և մի քիչ էլ ուղղիչ բանաստեղծություններ:
-Դուք մասնակցել եք պատերազմներին, հիմա Տավուշի մարզի չորս գյուղերն են վտանգված: Արդյո՞ք չկա որևէ ելք:
– Այն մարդը ով սահմանում չի եղել ու հայրենիք չի պաշտպանել, ով ընկեր չի կորցրել և զոհեր չի տվել, ով հայրենիքի զավակներին իր ձեռքով հողին չի հանձնել, նա իրավունք չունի հող հանձնելու և հողի մասին խոսելու:
- Երբ այցելում եք Եռաբլուր և դրա հետ մեկտեղ վերլուծում ներկա իրավիճակը, այդ պահին Ձեր հոգու ձայնն ի՞նչ է ասում:
-Ուղղակի պատկերացնում եմ, որ այդ հերոս տղաները, որ հիմա ողջ լինեին, ինչ էր լինելու: Այդ հզոր ասպետները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն մեր խաղաղության և հանուն մեր սահմանն ու հողը պաշտպանելու, երանի այսօր լինեին և տեսնեին իրենց արյունով պաշտպանած երկիրն ինչի առջև են կանգնեցրել:
-Նախկինում ասվում էր`Արցախը տանք, պատերազմ չի լինի, հիմա էլ Տավուշի 4 գյուղերը տանք, որ պատերազմ չլինի: Այդ վախի մթնոլորտը մի՞թե իրենից վտանգ չի ներկայացնում:
-Ես համաձայն չեմ այն ասույթին, որ ասում են` այս հողը տանք, պատերազմ չլինի, այն հողը տանք պատերազմ չլինի: Դա խաբկանք է, ժողովրդին խաբելու մի միջոց է, որ իբր երեխաները չգնան, չզոհվեն: Բայց դա չի կարող լինել: Զոհը հենց առաջին հերթին իրենք են բերում մեր տուն, քանի որ եթե մենք այսօր չենք պաշտպանում Տավուշը, մեր սահմանները, մեր հողն ու ջուրը, միևնույնն է, այդ մահը մեր տունն է լինելու:
Տավուշի մարզի չորս գյուղերից հետո չե՞ք կարծում, որ այս անգամ էլ Սյունիքը վտանգի առջև կկանգնի:
-Կվտանգվի ոչ միայն Սյունիքը, այլ նաև ամբողջ Հայաստանը: Սյունիքը` մեր դարպասն է: Սյունիքն էլ որ հանձնվեց, մենք բլոկադայի կենթարկվենք:
Ժողովուրդն այն ժամանակ դուրս էր գալիս, պայքարում էր: Սրանք ժողովրդի մեջ հավատը սպանեցին:
- Հավատը, ասում եք` սպանեցին, բայց մի՞թե չեն տեսնում անհայրենիք մնալու վտանգը:
- Վտանգված է, բայց այնպես չէ, որ իսկական կռվող տղաները, իսկական հայրենասերները կարող են այսպես թողնել: Ինձ թվում է, ինչ-որ բան կա, որ մենք չենք կարողանում հասկանալ: Մի մեծ պայթյուն է լինելու և, կարծում եմ, շատ վտանգավոր կլինի: Ես ինձ հույս եմ տալիս, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ չսկսվի մեր երկրում, որովհետև թշնամին դրսից է մեզ արդեն պարսպապատել, իսկ մենք էլ, որ ներսից իրար ուտենք, սա կլինի սարսափելի:
- Այսօր մեր երկրում ոչ միայն 4 գյուղերը հանձնելու խնդրի առջև ենք կանգնած, այլ նաև մշակութային արժեք ունեցող բուհական շենքերն են դատարկում, և բուհերը ուզում են նոր կառուցվող «Ակադեմիական քաղաք» տեղափոխել: Իմաստը ո՞րն է, արդեն եղած շենքերը դատարկելու և ուսանողների համար նոր շենք կառուցելու:
-Կարծում եմ, բանվորն անգամ, որ քրտնաջան աշխատում է, փոս է փորում, հող է թափում, որպեսզի մի կտոր հացի փող վաստակի, նա էլ է շատ լավ հասկանում, որ սա առուծախ է: Մեր երկիրը առուծախի առարկա են դարձրել: Այստեղից, որ տանեն այնտեղ, այնտեղից բերեն այստեղ, ի՞նչն է փոխվելու: Այո, պետք է տանեն, որպեսզի մեր իմացական աշխարհը քնացնեն, որ իրենք կարողանան շատ հանգիստ տարածքները տալ: Մանավանդ` այդ չորս գյուղերը շատ հանգիստ կարող են տալ:
- Ի նկատի ունեք, բուհական աղմուկ առաջացնելով, ուզում են խլացնե՞լ հողերի հանձնման լուրը:
-Այո, բուհական աղմուկ են ստեղծում, որ իրենք կարողանան հանգիստ աշխատել, խանգարող չունենալ: Մենք ազգովի պետք է դուրս գանք նախ սրան հեռացնելու, հետո մեր սահմանները պահելու: Նախ ներքին թշնամուն պետք է հեռացնենք, նոր արտաքին թշնամուն, որպեսզի կարողանանք մեր հաղթանակը տանել: Այն ժամանակ էլ ենք այդպես արել, դրա համար կարողացանք հաղթանակ տանել:
Ուղղակի ես զարմացած և միևնույն ժամանակ զայրացած եմ, թե մեր ժողովուրդը` մանավանդ մեր պայքարող մասսան, ինչո՞ւ է քնախտի մեջ մնացել: Սա է ինձ շատ անհանգստացնողը: Բոլորը ոնց որ քնած լինեն:
- Մենք այսօր ունե՞նք ընդդիմություն:
-Ժողովուրդը քնախտի մեջ է ընդդիմությունն էլ ժողովրդի հետ միասին: Ես չեմ հասկանում ընդդիմությունն ինչո՞ւ է այսքան լռում: Ի՞նչ է ուզում: Այսօր մտածում էի` դուրս չգա՞մ ժողովրդին հավաքեմ ու մի հատ սրանց դաս տամ:
- Արդյո՞ք կհավաքվի ժողովուրդը, թե՞ կհամարեն Ձեր պայքարն անիրական:
-Հայրենասեր մարդը, եթե հայրենիքի, երկրի, հողի ու իր տան համար է գնում պայքարելու, ով էլ լինի առաջնորդը, նրա հետևից կգնա, որպեսզի իր եղածը, իր երեխային կարողանա պաշտպանել:
-Այսքանից հետո հավատո՞ւմ եք լուսավոր ապագային:
-Ես հավատում եմ: Մենք երբեք իրավունք չունենք մեր հավատը կորցնելու: Եթե մենք մեր հավատը կորցնենք, ուրեմն կնշանակի, որ այևս չկանք: Մենք պետք հավատանք և մեր հավատանքի այդ շրջանակներում պայքարենք, որպեսզի կարողանանք մեր հավատին հասնենք:
- Մեր երկրում որոշ մարդիկ իրենց Հիսուսի հետ են համեմատում:
- ժամանակին, որ այդ որոշ մարդուն ընդունում էին, ընտրում էին, գոռում էին, փրկիչ էին անվանում, ես ծիծաղում էի: Ասում էի` վերջում կտեսնեք` փրկվում եք, թե՞ կործանվում եք: Ես ճիշտ էի: Կյանքը դա ցույց տվեց: Մենք չփկրվեցինք, մենք կործանվում ենք: Այն ժամանակ էլ էի ասում` սա խենթ է, սա խելագար է: Հոգեբուժարանում բուժված մարդուն դուք ո՞նց եք բերում երկրի գլխին ղեկավար դնում: Երկրի ղեկավարը պետք է լինի խելացի, գիտակ մարդ: Հայրենիքի սերը նրա հոգու մեջ պետք է առաջնային լինի: Ինձ ասացին`աշուղ, դու ես խելագարը: Բայց հիմա այդ նույն մարդիկ ասում են` կներես, աշուղ ջան դու, ճիշտ էիր, մենք ո՞նց սխալվեցինք: Նրանք չսխալվեցին, այլ խաբվեցին: Բայց կուզենայի ես սխալված լինեի, այսօրվա ղեկավարը կարողանար երկիրը լավ պահեր, ու ես գնայի ներողություն խնդրեի իմ ընդդիմության համար:
- Մեր երկրին ինչպիսի՞ ղեկավար եք դուք պատկերացնում:
- Եթե այսօր իմացական, խելացի կին առաջնորդ լինի, նստի ու երկիրը ղեկավարի այնպես, ինչպես ղեկավարում է ինքն իր տունը, դա կլինի Հայաստանում եզակի դեպք: Երկիրը`մեր տունն է: Երկրի ղեկավարը, եթե կարողանում է ղեկավարել իր տունը, ապա նրա օջախը միշտ հարուստ է լինում: Իսկ եթե չի կարողանում, նա ամենավերջին աղքատն է լինում, և չորս կողմից էլ գանգին խփում են: Եթե ինքն էլ մի քիչ հիմար է լինում, եղածը վաճառում է, որ իր գանգին չխփեն: Մենք այսօր այդ իրավիճակում ենք հայտնվել: Մեր ժողովուրդն էլ առաջվա կորովը չունի, որ դուրս գա, ասի` այս ի՞նչ ես անում, ո՞ւր ես տանում, ինչո՞ւ ես քանդում: Դու ո՞վ ես, վեր կաց ու ռադ եղիր, քո տեղը գժանոցում է: Գժանոցից եկել, այս ինչ թագի ես արժանացել ու մեր տունն ես քանդում: Ախր այսպիսի բան չի կարող լինել: Ժողովուրդն այսօր ինչո՞ւ է քնել: Ժողովրդին այսօր առաջնորդ է պետք, որպեսզի դուրս գա ղեկավարի, ու սա ռադը քաշի, գնա: Ինչքան շուտ սրանից ազատվենք, այնքան երկիրը ուշ կկորցնենք: Մենք այսօր կորստյան շեմին ենք: Այսօր երիտասարդներն են փախնում երկրից ոչ թե պատերազմի ահից, այլ այս խենթի խելագար կեցվածքից: Այդ նույն տղաները, որ մասնակցել են պատերազմին, սրա կեցվածքից են երկրից փախնում: Ասում են` մենք երկիր ենք ազատագրել, բայց այսօր ստրկական իրավիճակի մեջ ենք հայտնվել: Այսպիսի բան ո՞նց կարող է լինել: Անընդհատ ինձ զանգում ու ասում են, թե աշուղ ջան, բա ոնց անենք, այս հողն էլ է տալիս, մենք ո՞նց ենք անելու: Որոշել էի այս ընթացքում դուրս գալ, ժողովրդին հավաքել ու ասել` ժողովուրդ ջան, այս է վիճակը, կամ մահ կամ ազատություն: Կամ սրան ասում ենք` ռադ եղիր, կամ էլ բոլորս գնում ենք սահմանը պահելու, որպեսզի թուրքերը չմտնեն, ու 1915 թվականի Եղեռնը չկրկնվի: Մեր ժողովուրդը պետք է վախենա 1915 թվականի կրկնվելուց: Այսօր Հայաստանի գահը թուրքի ձեռքին է: Մենք այդ գահը պետք է փրկենք, որպեսզի կարողանանք մենք մեզ փրկենք:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ