Այս արյունը եւս Նիկոլի վրա է
Վերլուծություն
Տեւական ընդմիջումից հետո երեկ հայ-ադրբեջանական շփման գծում անդորրը խախտվեց: Թե ինչու, այլ հարց է: Բուն փաստն այս պահին ավելի կարեւոր է. ամիսներ տեւած հարաբերական հանդարտությունը միշտ էլ կարող է այսպես կամ միգուցե ավելի մասշտաբային տեսքով խախտվել:
ՆՈՐ ԿՐԱԿՈՑՆԵՐ, ՆՈՐ ԶՈՀԵՐ
Թե ինչ տեղի ունեցավ սահմանին, երկու վարկած է շրջանառվում: Առաջինը, որ հայ դիրքապահները մեկ-երկու ավելորդ բաժակից հետո կրակել ու վիրավորել են դիմացը կանգնած ազերիին, եւ Ներքին Հանդում տեղի ունեցածը նրանց պատասխանն էր: Երկրորդը՝ պաշտոնականը, որ հայ դիրքապահները ոչ մի բան էլ չեն արել, իսկ ազերիները հերթական ագրեսիային են դիմել: Ու անկախ այն բանից, թե այս երկու տարբերակներից որն է իրականը, կան դետալներ, որոնք երկուսի համար էլ ընդհանրական են: Նախ հետեւյալը. հայ-ադրբեջանական սահմանը եւ հատկապես՝ Սյունիքի հատվածը պետք է որ ողողված լինեին եվրոպացի դիտորդներով: Նրանք Նիկոլի «դաբրոյով» այստեղ են մեկ պարզ խնդիր լուծելու համար, որ նման իրավիճակներում այդ եվրադիտորդները արբիտրային դեր ունենան: Այն է՝ հստակ ֆիքսեն եւ ներկայացնեն, թե ով է մեղավորը: Ի սկզբանե հենց եվրոպական առաքելությունն է դա ֆիքսել, որ գալիս են Հայաստանի սահման ոչ թե կռվելու, պաշտպանելու կամ նման այլ նպատակով, այլ դիտելու եւ իրականությունը ներկայացնելու համար: Բայց ահա եւս մեկ բախում, եւ հերթական անգամ դիտորդներից ձայն ու ծպտուն չկա: Նաեւ նրանց ներկայությունը որեւէ կերպ չխոչընդոտեց, որ ազերիներն անցյալում վերահսկողության տակ վերցրած մեր իսկ տարածքում հիմնված կրակակետերից կրակեն եւ հայ դիրքապահների սպանեն ու վիրավորեն: Դրանով նաեւ ցույց տալով, որ թքած ունեն ամեն մի եվրադիտորդի վրա. հարկ համարեցին, էլի կկրակեն: Ու պարզ հարց՝ անգամ «քոռ կոպեկի» օգուտ այդ դիտորդները Հայաստանին տալի՞ս են. երբ մարդիկ են զոհվում ու վիրավորվում, իսկ եվրոպացիները բերաններն էլ չեն բացում, հարցի պատասխանը միանշանակ բացասական է: Ոմն Էդմոն Մարուքյան այս միջադեպից հետո գրում է. «Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»: Բա այդ դեպքում ի՞նչ բանի են ձեր բերած եւ այդքան գովերգված եվրադիտորդները: Սրանից հաջորդ հարցն է առաջ գալիս. իսկ ինչո՞ւ նիկոլյան իշխանավորները, որ ամեն քայլափոխի ՀԱՊԿ-ին են քննադատում, եվրոպացիների պարագայում խոսք անգամ չեն ասում, թե եվրադիտորդներ ջան, ձեր օգուտն այդպես էլ չտեսանք:
Ահա այստեղից էլ գալիս ենք հաջորդ դետալին. դեռ նախօրեին Նիկոլը մեծ-մեծ խոսում էր անվտանգության այլընտրանքային միջոցների մասին՝ շեշտը դնելով նույն եվրոպացիների եւ ամերիկացիների վրա: Այսինքն, սա՞ է այդ հավելյալ անվտագնությունը, երբ փաստացի սահմանով մեկ լցված նույն Արեւմուտքի ներկայացուցիչներից ստանում ենք ուղիղ զրո չափի օգուտ (դեռ վնասները թողնենք մի կողմ): Ու սա այն դեպքում, երբ արդեն նաեւ Հայաստանում են շատ-շատերը սկսել ավելի սթափ նայել իրողություններին: Այդ թվում, որ նոր պատերազմը ձեռնտու է բացառապես Արեւմուտքին՝ ընդդեմ ՌԴ-ի եւ Իրանի: Նաեւ, որ հենց ՌԴ-ի եւ Իրանի գործոնը հաշվի առնելով է, որ Ալիեւը, ասենք նաեւ Էրդողանը, ստիպված են զերծ մնալ նոր պատերազմի գաղափարից, հաշվի առնելով, որ տարածաշրջանում ՌԴ-ն եւ Իրանը ռեալ ուժային գործոն են, մինչդեռ Արեւմուտքը չունի այդ դետալը եւ գործում է բացառապես քաղաքական ու հաճախ էլ սովորական շպիոնական մոտեցումներով: Արդյունքում, Ալիեւը հետ քաշվեց արեւմտյան հարթակում բանակցելու մտքից, իսկ ահա Նիկոլը շարունակում է խաղալ այն դաշտի օգտին, որտեղից այդ պահին ավելի մեծ է ճնշումը:
Ահա այս պարզ եւ տխուր վիճակում ենք, եւ դա է, որ Ալիեւին հնարավորություն է տալիս կրակել երբ ուզենա եւ որտեղ ուզենա: Չէ, այս հերթական միջադեպը եւս հազիվ թե վերածվի քիչ թե շատ մասշտաբային բախման: Պարզապես այն եկավ եւս մեկ անգամ ահազանգելու, որ քանի դեռ հայաստանյան իշխանությունները մնում են այն կուրսի մեջ, որտեղ հաստատվեցին ուկրաինական պատերազմի մեկնարկից հաշված ամիսներ անց՝ Արեւմուտքի դրդմամբ, նման խնդիրների եւ զոհերի վերջը չի գալու:
ՈՐՆ Է ԱՅՍ ՑԱՅՏՆՈՏԻ ԵԼՔԸ
Ահա այս իրավիճակում, երբ Արեւմուտքը բոլոր խողովակներով շարունակում է Նիկոլին հետ պահել ռուսական ուղղությունից, Մոսկվայից շարունակում են գալ նորանոր ազդակներ՝ կապված ներկա իրողությունների եւ Հայաստանի հնարավոր քայլերի հետ: Վերջին նման հայտարարություններից մեկը հնչեցրեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, թե. «Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտելու խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան»: Սա, ըստ էության, կրկնումն է ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից պաշտոնական Երեւանին ուղղված ուղիղ հրավերի, թե Բաքուն պատրաստ է բանակցել եւ պայմանագիր կնքել մոսկովյան հարթակում, սակայն արեւմտյան հարթակ չի գնա: Այսինքն, որ գնդակը մնում է Նիկոլի դաշտում՝ գնալ Մոսկվա պայմանագիր ստորագրելու կամ ֆիքսել, որ հակառակ դեպքում, եթե հույսը շարունակում է կապել արեւմտյան հարթակի հետ, պայմանագիր չի լինելու: Եվ կարծես թե սահմանային այս հերթական միջադեպը, որը կարծես թե իր խորքերում նման է նրան, որ սարքել են ազերիները, կարելի է դիտել, որպես Նիկոլին ուղղված հավելյալ ճնշում, թե՝ ժամանակն անցնում է:
Միաժամանակ նախօրեին բավականին հետաքրքիր ազդակ եկավ նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինից: Նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ֆիքսեց երկու առանցքային միտք: Նախ, որ չնայած ներկա իրողություններին, ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Արցախում: Ընդ որում, դա արդեն կախված է ոչ թե Հայաստանի կամ Արեւմուտքի դիրքորոշումներից, այլ բացառապես Մոսկվայից եւ Բաքվից. «Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները կքննարկվեն միայն ադրբեջանական կողմի հետ»: Ավելին, որ այս հարցով երկխոսությունն Ադրբեջանի հետ կրում է «կառուցողական» բնույթ: Ավելին, որ այդ դաշտում է նաեւ ռուս խաղաղապահների լիազորությունների երկարացման հարցը՝ 2025թ. նոյեմբերից հետո: Ու սա Հայաստանի համար նշանակում է ակնարկ, թե Մոսկվան վստահ է, որ գոնե առնվազն մինչեւ 2025թ. նոյեմբերը Բաքուն իր ներկայիս աշխարհաքաղաքական մոտեցումները չի փոխի: Այսինքն, մինչեւ այդ ժամկետը Նիկոլը պետք է մոռանա արեւմտյան հարթակում «խաղաղության պայմանագիր» ունենալու մասին:
Ընդ որում, Մոսկվան մտածում է նաեւ 2025թ.-ից հետո եւս խաղաղապահների մնալու հիմքերի մասին: Ըստ Գալուզինի. «Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը: Այս առումով կարեւոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները եւ անվտանգությունը: Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»: Նկատենք, որ մի շարք ազդակներ, որոնց դեռ կանդրադառնանք, արդեն այս պահին հուշում են, որ Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքերը Հարավային Կովկասում կշարունակեն ամրապնդվել: Ընդ որում, դա շատ ավելի հստակ տեսք կունենա ամենամոտ ժամանակներս՝ ՌԴ-ում նախագահական ընտրությունների ավարտից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո: Եվ այդ դեպքում արցախահայերի գոնե մասնակի վերադարձը շատ ավելի ռեալ տեսք կստանա:
Ու այս իրավիճակում Նիկոլի համար նոր խնդիրներ են ուրվագծվում: Եթե փորձի մտածել, թե ռուսական զորքերի հեռանալու դեպքում Ալիեւը կարող է համաձայնվել արեւմտյան հարթակում «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հետ, ապա պետք է կարողանա եւս մեկուկես տարուց ավել ժամանակ ձգել: Միայն թե այդ դեպքում էլ, դատելով ՌԴ ԱԳ փոխնախարարի հուշումներից, երաշխիք չկա, որ բան կփոխվի: Բայց ահա, խոսքն այն ժամկետի մասին է, երբ Նիկոլը մտնելու է հերթական ընտրությունների փուլ: Քանի դեռ այս վիճակն է, նրա ժամ առ ժամ նվազող վարկանիշի պատճառով նա անգամ արտահերթ ընտրություններով վերարտադրվելու, ասենք նաեւ Սահմանադրություն փոխելու ռեալ հնարավորություն կարծես թե չունի: Իսկ ի՞նչ կլինի նրա վարկանիշի հետ, եթե այս վիճակը պահպանվի, ամեն պահ սահմանային միջադեպերի տեսքով նման անվտանգային խնդիրներ ծագեն եւ այլն: Կարճ ասած, ո´չ ներկան եւ ո´չ էլ ապագան նրա օգտին չեն, քանի դեռ ներկա խառը վիճակի հաշվարկով՝ կոնկրետ քայլ չի կատարել: Իսկ քայլերը, կրկնում ենք, ընդամենը երկուսն են. վերջնական հավատարմության երդում տալ Արեւմուտքին կամ գնալ մոսկովյան բանակցային հարթակ: Շատ պարզ վիճակ, եւ հետագա ամեն օրը, շաբաթը եւ ամիսը էլ ավելի են սրելու այդ ընտրության հրամայականը:
Միայն թե այդ ընթացքում շարունակում ենք կորուստեր ունենալ, եւ երեկվա 4 զոհը եւս մնում է Նիկոլի վրա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ