«ԵՐԲ ԿԼԻՆԻ ԴԻԱԿԸ, ԿԽՈՍԵՆՔ ԳՆԻ ՄԱՍԻՆ». ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ «ԲԱԶԱՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ
Արխիվ 12-16
«ԵՐԲ ԿԼԻՆԻ ԴԻԱԿԸ, ԿԽՈՍԵՆՔ ԳՆԻ ՄԱՍԻՆ».
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ
«ԲԱԶԱՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Օրեր առաջ, iravunk.com-ում հրապարակել էր ` «Փողը տուր, դիակիդ կտամ. «բազար»` դիահերձանարում» եւ «Դիահերձարանի տնօրենի անուն-ազգանունը` պետական գաղտնիք» վերտառությամբ հոդվածները, որտեղ անդրադարձել էինք «Արմենիա» հանրապաետական բժշկական կենտրոնին պատկանող դիահերձարանում տեղի ունեցած «բազարին»` մեզ դիմաց քաղաքացիներից մեկի ընկերոջ հոր դիակի շուրջ:
Հիշեցնենք` մեզ դիմաց քաղաքացու ընկերոջ հորը դիահերձելու համար պահանջել էին 85.000 դրամ, սակայն, երբ քաղաքացին ասել էր, որ հնարավորություն չունի այդքան վճարելու, սակարկել էին եւ որպես վերջնական գին`պահանջել 55.000 դրամ:
Մեզ չէր հաջողվում պարզաբանում ստանալ դիահերձարանից, ուստի «Իրավունքի» լրագրողն այսօր այցելեց վերոնշյալ դիահերձարան: Ինչպես ժողովուրդն է ասում, երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ:
Դիահերձարանը Ֆորտ Բոյար քարե ամրոցն էր հիշեցնում` իսկական լաբիրինթոս` տարբեր մուտքերով, հին դռներով, ժանգոտած աստիճաններով կես կատակ, կես լուրջ ասած ճանապարհ դեպի դժոխք: Աշխատակիցներն էլ` կարծես մեկը մյուսից անտեղյակ, չգիտեին մեր հարցերին ինչպես պատասխանել, կամ միգուցե լրագրողի անուն էին լսել ու չգիտեին` ինչպես խուսափել հարցերի տեղատարափից:
Առաջինն ում մոտեցանք, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքի վարիչ վարիչ Վարդան Դաբաղյանն էր, ով «Իրավունքի» հետ զրույցում անմեղ ու անտեղյակ հայացքով նախ ասաց, որ տեղյակ չէ` օրեր առաջ «Արմենիա» բժշկականի դիահերձարանի մասին ինչ հոդված է տպվել, ապա հավելեց, որ դիահերձարանի գնային քաղաքականությունը ինքը չի որոշում, այլ հանրապետական հիվանդանոցի երրորդ հարկում տեղակայված ադմինիստացիան` Քրմոյանի գլխավորությամբ: «Իսկ կասեք` ի՞նչ է եղել»,- հետաքրքվեց ախտաբանա-անատոմիական բաժանմունքի վարիչը:
Հետաքրքիր է, պրն Դաբաղյան, եթե դուք իրավասու չեք մեր հարցերին պատասխանել, ինչու էիք ցանկանում լսել մեր բողոքը եւ խլել ժամանակ թե՛ ձեզանից, մեզանից: Պարզվում է, որ հենց Վարդան Դաբաղյանն է իրավասու (համենայնդեպս, մի քանի աշխատակիցներ մեզ այդպես ասացին) լսել բողոքներն ու տալ դրանց պատասխանները: Սակայն մեր զրուցակիցը փորձում էր հնարավորինս «ցրել» լրագրողին` ասելով, որ դիահերձարանի տնօրինությունը տեղակայված է «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի երրորդ հարկում, եւ պետք է դիմել ֆինանսական գծով տնօրեն Նորայր Քրմոյանին:
Ինչեւէ, փորձեցինք հիվանդանոցում գտնվող դիահերձարանի տնօրինությունից պարզաբանում ստանալ, սակայն այդ պահին ստացանք հեռախոսազանգ մի աղջկա կողմից, ով ներկայացավ որպես դիահերձանաի տնօրենի կողմից լիազորված անձ`մի աղջիկ, ով առաջարկեց հեռախոսով խոսել: Ի պատասխան ասացինք, որ հիմա գտնվում ենք դիահերձարանում եւ կարող ենք նրան հանդիպել: Վերջինս, սակայն, հրաժարվեց` ասելով, որ հանդիպման համար ժամանակ չունի. «Եթե հանդիպելու ժամանակ չունեք, ինչպե՞ս եք մեր հարցերին պատասխանելու հեռախոսով»,- հակադարձեցինք ոմն պատասխանատուին: Ի վերջո, մեզ հաջողվեց հանդիպել տնօրենի ներկայացուցչի հետ, որի անուն-ազգանունն այդպես էլ չիմացանք: Ականջին ամրացված պիրսինգով տնօրենի ներկայացուցիչը նախ անակնկալի եկավ` տեսնելով մեզ, ապա կրկին հրաժարվեց մեր հարցերին հստակ պատասխանել: Ավելին` նա սկսեց հոխորտալ եւ մուննաթով ասել, թե ինչու ենք եկել` առանց իրենց տեղյակ պահելու: Մեր զրույցի ընթացքում պիրիսնգով աղջիկը պահանջում էր բողոքողի անուն-ազգանունը, որպեսզի, ըստ բողոքի, հասկանան խնդրի էությունը: Հիշեցրինք նրան` լրատվամիջոցը զբաղվում է երեւույթի ուսումնասիրությամբ, ոչ թե անուն-ազգանուններով հրապարակելով: Սա զայրացրեց մեր զրուցակցին, ով պարսպի նման փակեց մեր ճանապարհն ու թույլ չտրվեց զրուցել տնօրենի` ավելի կոնկրետ մենեջերի` Արթուր Հովհաննիսյանի հետ, ով, որքան հասկացանք, զբաղվում է դիահերձարանի ֆինանսական հարցերով: Ինչպես ասում են` փողի տոպրակը հենց նրա տակ է:
Ի դեպ, մինչ ներկայացուցչին գտնելը դիահերձարանի մուտքին փակցված դիահերձման վճարովի ծառայությունների ցուցակը նկատեցինք, որտեղ գրված է, թե ինչ արժե մեկ դիահերձումը` 13.000 դրամ:
Սակայն, օրեր առաջ «տուժած» քաղաքացուց պահանջել էին տարբեր չափի գումարներ: Տնօրենի ներկայացուցչից փորձեցինք պարզել` ի՞նչ արժե, ի վերջո, դիահերձումը, եթե 13.000 դրամի փոխարեն պահանջել են սկզբում 85.000, իսկ հետո 55.000 դրամ: Վերջինս այսպես պատասխանեց. «Երբ կլինի դիակը, այդ ժամանակ գնի մասին կխոսենք: Էստեղ հենց ընենց ոչ մեկից գումար չի վերցվում: Ամեն ծառայությունն ունի իր գինն ունի»: Այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ այս գործում օգնության է հասնում մարդկային ճաշակը եւ ըստ դիահերձողների ճաշակի` նաեւ գին է որոշվում: Մի խոսքով`մենք դիահերձարանից հեռացանք առանց որեւէ հստակ պատասխանի, քանի որ, եթե դիահերձարանը մասնավոր է, ապա պետք է ունենա կոնկրետ գնացուցակ եւ դրան համապատասխան բացատրություն: Իսկ եթե այն պետական է, կրկին հստակ սահմանված գներ պետք է լինեն:
Փորձեցինք պարազաբանում ստանա նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենից`Գրիգոր Գրիգորյանից, քանի որ դիահերձման վճարովի ծառայության փաստաթղթում առկա էր «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենի ստորագրությունը, սակայն մեզ ասացին, որ հարցերին կպատասխան փոխտնօրեն Հարություն Դավթյանը: «Բայց ինչի համար հենց ինձ»,- անակնկալի եկավ փոխտնօրենը, իսկ երբ լսեց, որ տնօրինությունն է կարգադրել պարզաբանում տալ մեզ, ասաց, որ իրավասու չէ մեր հարցերին պատասխանել: Իսկ թե ով է իրավասու, փոխտնօրենը խոստացավ ճշտել ու «անհետացավ»: Մոտ երկու ժամ անց մեզ տեղեկացրին, որ տնօրինությունը չի կարող մեր հարցերին պատասխանել:
Առողջապահության նախարարության բժշկական քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն էլ անդրադառնալով խնդրին, ասաց, որ առաջին պատասխանատուն տվյալ բժշկական կենտրոնն է` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը: «Մենք հարցում ենք արել, սպասում ենք իրենց հարցմանը, բայց միայն դրանով չենք բավարարվելու: Փորձում ենք հասկանալ` ինչ է կատարվում»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է դիահերձարանի տնօրենի լիազորված անձի`«Երբ կլինի դիակը, այդ ժամանակ գնի մասին կխոսենք» արտահայտությանը, Ծաղիկ Վարդանյանն այդ պատասխանը համարեց հուզմունքի ու վախի արդյունք: «Դա ոչ իրատեսական պատասխան է»,-ասաց մեր զրուցակիցը:
Իսկ եթե կենտրոնը ոչ մի քայլ չձեռնարկի, Ծ.Վարդանյանի խոսքով` հաջորդ քայլը առողջապահության նախարարության կողմից վարույթ հարուցելն է: «Նման դեպքում նախարարի հանձնարարականով պետք է վարչական վարույթ հարուցվի, որով տվյալ կազմակերպությունը ենթարկվում է ֆինանսական ու վարչական պատասխանատվություն: Այն առաջին հերթին ներառում է տուգանք տվյալ կազմակերպությանը»,-եզրափակեց առողջապահության նախարարության բժշկական քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Հ.Գ. Դատելով դիահերձարանում փակցված վճարովի ծառայությունների փաստաթղթում ֆիքսված գներից, մեզ դիմաց քաղաքացու բողոքից, ինչպես նաեւ բժշկական կենտրոնի կողմից անպատասխան մնացած մեր հարցերից` կարելի է եզրահանգել` վերոնշյալ բժշկական կենտրոնը դիակների հաշվին մեծ գումարներ են շորթում` բացահայտ թալանելով մեր քաղաքացիներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ