ՄՈԶՐՈՎՈՒՄ ՋՐԻ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՎԵԼ
Արխիվ 16-20
Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում` Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման` մեկ ջրագծից օգտվող Մոզրով եւ Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլեւս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին` հողատարածքները ըստ հերթականության եւ ոչ լիարժեք ջրելու խնդիրները: Մի քանի տարվա ընթացքում Գնիշիկ համայնքի երկու գյուղերի համար կառուցվել եւ գործարկվել են առանձին համակարգեր: Վերջին ծրագիրն իրականացվել է Մոզրովում. կառուցվել է շուրջ 1 կմ նոր ջրագիծ: Այժմ կա ջրի բավարար քանակ եւ անհրաժեշտ ճնշում` գյուղացու աշխատանքի ռիթմն իրեն հարմարեցնելու եւ նրա հոգսերը թեթեւացնելու համար: Համակարգի պաշտոնական գործարկմանը փոխարինել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարների տեսազանգը:
«Մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը միշտ թիրախային է եղել մեզ համար: Ուրախ եմ հերթական արդյունքի համար: Դա մեզանից պահանջեց ոչ միայն ներդրումներ, այլեւ համակարգված աշխատանք եւ համբերություն: Գյուղում կյանքի ռիթմն ուրիշ է. պահանջում է ավելի մեծ ջանասիրություն: Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու եւ բերք ստանալու հնարավորություն: Մենք ձգտել ենք իրականացնել այդ նպատակը»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հերթական անգամ, նույն գյուղերի կողքին կանգնելով, ձգտում ենք աստիճանաբար իրականացնել էկո գյուղերի գոյության գաղափարը, ինչը կարեւոր նպատակ է: Անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: Դա է առողջ ապագա կերտելու ճանապարհը»,- տեսազանգի ժամանակ ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը:
Նոր համակարգերի կառուցման ու գործարկման արդյունավետությունը զգալի է բնակիչների համար: Հարեւան գյուղերում լուծվել են կարեւոր հարցեր. ջրի օգտագործման համար երբեմնի անհամաձայնություններն այլեւս չկան: Ավելացել են տնամերձերն ու վաղվա օրվա նկատմամբ գյուղացու հավատը: Համայնքի վարչական ղեկավար Արա Լեւոնյանի գնահատմամբ` եւ՛ Մոզրովում, եւ՛ Գնիշիկում կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում եւ ջրի անհրաժեշտ քանակ` կյանքի բնականոն ռիթմով ապրելու եւ այգեգործությամբ զբաղվելու համար: Կարեւոր ձեռքբերում է նաեւ այն, որ այժմ հնարավոր է կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ջրել: Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում կառուցվել է մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ, 2 ջրընդունիչ, 5 բաժանարար հանգույց եւ անհատական միացման 31 կետ: