ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՀԵՐԻ ԱՃՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԱՀԵՐԸ
Արխիվ 16-20
Եվ այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում վերջին երեք տարվա առաջին կիսամյակներին ունենք մահացության նման պատկեր՝ 2018թ.-ին՝ 13 218 մահ, 2019թ.-ին՝ 13 724 եւ այս տարի՝ 14 417: Ընդ որում այն, որ 2018թ. համեմատ՝ 2019թ.-ին մահվան դեպքերն ավելացել են 506-ով, իսկ անցած տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակին՝ 693-ով, իր հերթին է ուշագրավ ենթադրությունների տեղիք տալիս:
Հիշեցնենք, այս տարի ունենք կորոնավիրուս, եւ առաջին կիսամյակին ունեցել ենք 454 կորոնավիրուսային մահ: Նշանակում է, որ առանց կորոնավիրուսի՝ նախորդ տարվա 506-ի փոխարեն այս տարի մահվան դեպքերն ավելացել են ընդամենը 239-ով: Ընդ որում, այդ 454-ը «մաքուր» կորոնավիրուսային մահերն են, եւ նույն պահին ներկայացվում էր նաեւ մոտ 150 մահվան դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Երբ սա էլ ենք հաշվի առնում, ստանում ենք, որ նախորդ տարվա համեմատ ոչ կորոնավիրուսային մահերն ավելացել են ընդամենը մոտ 90-ով, այսինքն՝ անցած տարվա համեմատ մոտ 5.5 անգամ ավելի քիչ: Հնարավո՞ր է. միգուցե, բայց դա քիչ հավանական է: Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի պատճառով առողջապահության համակարգն այն աստիճան էր ծանրաբեռնել, իսկ քաղաքացիներին, օրինակն, դիմակ պարտադրելով հիվանդությունների սրացման այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ նման իրավիճակում նախորդ տարվա համեմատ այս տարի միայն ցուցանիշների վատթարացում կարող էր լինել: Կա նաեւ հաջորդ վարկածը, որի մասին շատ է խոսվել. դիահերձում չի իրականացվում, եւ ասել, թե կորոնավիրուսային ներկայացվող ամեն մի մահն ինչի հետեւանք է, անհնար է: Այսինքն, եթե մահերի մի մասը պարզապես «գրվեր կորոնավիրուսի հաշվին», ապա դա ո՛չ հերքել եւ ո՛չ էլ՝ հաստատել կլինի: Բայց ահա մահվան պատճառների մասին հաշվառումը որոշ ուշագրավ ենթադրությունների տեղիք տալիս է (տե՛ս աղյուսակը): Նախ նման դիտարկում. եթե 2019թ. առաջին կիսամյակին ունեցել ենք արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 7 220 մահ, ապա այդ թիվն այս տարի ավելացել է՝ հասնելով 7 827: Աճը 607 է, նկատելիորեն ավելի շատ, քան կորոնավիրուսային մահերինը (454): Եվ պարզ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պետությունը նույն կերպ այս չարաբաստիկ ցուցանիշին չի արձագանքում, ինչ կորոնավիրուսի դեպքում, ասենք՝ արտակարգ դրություն սահմանում, թե այս ինչ թռիչքային աճ է, կանխենք: Կամ գոնե առողջապահության նախարարի աթոռը զավթած Թորոսյանին գործից հանում, թե՝ այս ինչպես ես աշխատում, որ արյան հիվանդությունների ուղղությամբ կորոնավիրուսից էապես շատ մահվան դեպքերի ավելացում ունենք: Մյուս բոլոր հիվանդություններից եւ պատճառներից առաջացած մահերի դինամիկան հիմնականում նույնն է: Միայն կա անոմալիա` շնչառական օրգանների հիվանդությունների հետ կապված: Այստեղ անցած տարվա առաջին կիսամյակի 1 638 մահվան փոխարեն ունեցել ենք 1 380 մահ՝ 254-ով պակաս: Ու չմոռանանք, որ կորոնավիրուսն էլ մոտավորապես նույն ուղղությամբ է հարվածում՝ շնչառական համակարգին: Այսինքն, եթե շնչառական համակարգի կամայական հիվանդի մահվանը վերագրվի կորոնավիրուսային մահ, ու չկա դիահերձում, այս դեպքում առավել դժվար կլինի իրողությունը պարզել: Այս բոլոր կասկածներով հանդերձ, ֆիքսենք, որ 2018, 2019 եւ 2020 թվականներին Հայաստանում արձանագրված մահացության դինամիկան՝ աճը մոտավորապես նույն տրամաբանության մեջ է, ընդ որում, աճի հիմնական պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Ընդ որում, կորոնավիրուսային մահերի ներկայացված ցուցանիշով շատ ավելի վատ վիճակում ենք, քան այն երկրներից շատերը (օրինակ՝ Բելառուսը), որոնք պաշտոնապես հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ որեւէ պայքար չեն մղում, բացի հիվանդներին բուժելուց: Այս դեպքում պարզ հարց՝ ինչո՞ւ են արդեն հինգերորդ ամիսը երկիրը պահում արտակարգ դրության մեջ: Բերված թվերը մեկ բան են հուշում՝ պատճառը հաստատ կորոնավիրուսը չէ: