Շատ շուտով կհամախմբվեն եւ ոտքի կկանգնեն բոլոր գիտակից ուժերը. Գեւորգ Գեւորգյան
Արխիվ 16-20
Ամենաբարձր մակարդակով ադրբեջանական ջղաձգումների եւ ի պատասխան դրանց հայաստանյան արձագանքների մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿՈՒՄ»
– Պարոն Գեւորգյան, ի՞նչ կասեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների մասին, որտեղ մեղադրանքներ կային ինչպես նախկին, այնպես էլ ներկա հայաստանյան իշխանությունների հասցեին:
– Ընդհանրապես` հարց է առաջանում, թե ինչի համար Ալիեւը, ապա նաեւ իրենց պաշտպանության նախարարը խոսեցին ռուսերեն, այլ ոչ թե իրեց մայրենի լեզվով: Իրենք փորձում էին իրենց մանիպուլյացիաներով, ինֆորմացիոն դաշտով քարոզչություն անել` լսեցնելով մեր ժողովրդին եւ բոլոր ռուսալեզու հասկացող մարդկանց: Ալիեւը պետք է զբաղվի առաջին հերթին իր իշխանությամբ եւ իր կառավարությամբ, այդ թվում` իր պաշտպանության նախարարով, որովհետեւ վերջերս Զաքիր Հասանովը հայտարարեց, թե իրենք հաղթահարել են սոցիալական հիվանդությունները` գնելով շարֆեր, տաք «սապոկներ», ձեռնոցներ: Իրենց առաջին խնդիրը տուբերկուլյոզն է, սիֆիլիզը, ագրեսիվիզմը, ավտորիտարիզմը, ալկոգոլիզմը, ֆաշիզմը եւ այլն, ինչի հետեւանքով ունեն քանդված, ջախջախված բանակ: Իրենց բանակը գտնվում է ջախջախված եւ տխուր վիճակում:
«ԱՅՆ ԶԻՆՎՈՐԸ, ՈՐ ՉԳԻՏԻ ԻՆՉ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՂԹԵԼ»
– Իսկ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է, թե 2016 թվականին իրենք են ջախջախել մեր բանակը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Հարց եմ տալիս Հասանովին` այդ դեպքում քեզ ի՞նչն էր խանգարում լինել Հայաստանում, եթե մենք ջախջախված բանակ ունեինք: Խանգարողը եղել է մեր բանակը, որն ամուր կանգնած է սահմանին: Ինչ վերաբերում է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին, եթե իրեն որոշ մարդիկ կիրթ են համարում, սա չի նշանակում, որ հայ ազգն է հիացած իր կրթվածությամբ: Հայ ազգը միշտ կանգնած է իր բանակի կողքին եւ միասնական է բանակի հետ` անկախ նրանից, թե ովքեր են իշխանության աթոռներին հայտնվածները: Այնպես որ, մեր ներքաղաքական խնդիրներով թող չոգեւորվի, մենք ինքներս ենք այն լուծում, եւ որեւիցե մեկն իրավունք չունի քիթը խոթել այդտեղ, առավել եւս` Ադրբեջանի ղեկավարությունը: Թող հիշեն, որ այն նախագահը եւ այն ուժը, որը ագրեսոր է, եւ ինքն է սկսում պատերազմը, երբեք չգիտի, թե պատերազմը որտեղ է ավարտվելու: Ուստի` զգուշացնում եմ` եթե այս անգամ սկսեն պատերազմ, ապա մենք պատերազմը կավարտենք իրենց տարածքի խորքում: Եվ եթե 1994 թվականին, 2016 թվականին իրենք խնդրում էին խաղաղություն, ապա այս անգամ կպարտադրենք կապիտուլյացիա, եւ մեզ ոչ ոք չի խանգարի: Ադրբեջանի ժողովուրդն ավտորիտար ռեժիմի պատճառով ճնշված է, տասնյակ տարիներ իշխանությունը փոխանցվել է հորից որդուն, եւ այդ ձեռագիրը շարունակվում է: Խորապես սխալվում են, եթե կարծում են, որ ավտորիտար երկրի զինվորը, որ չգիտի ինչ է ազատությունը, կարող պատերազմ հաղթել:
– Ինչպե՞ս հասկանալ Ալիեւի հոխորտանքների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «անատամ» մեկնաբանությունը, որտեղ ի պատասխան նա խոսում է ժողովրդավարությունից, խաղաղությունից, ժողովուրդներին հաշտեցնելուց:
– Այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք անուժ են, եւ իրենք ընդհանրապես կապ չունեն ազատագրական պայքարի հետ: Սա ե՛ւ թուլություն է, ե՛ւ անգիտություն, ե՛ւ ծրագիր:
«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԶԳԱՅԻՆ Է»
– Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ երկխոսություն ունենալու տարբերակի, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջոցով կրկին շրջանառության մեջ է դրվում ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» թեզը: Ի վերջո, ո՞րն է այս ամենի նպատակը, եւ ի՞նչ է ծրագրում իրականացնել այս իշխանությունը:
– Երկու տարի շարունակ բարձրաձայնել եմ, որ այսօրվա իշխանությունն ապազգային է եւ եթե նույնիսկ ունեն ծրագիր, այն հաղթանակ կերտելու ծրագիր չէ, այսինքն` չի բխում մեր հայ ազգի շահերից: Հակառակ պարագայում, եթե ուզում ենք ունենալ հաղթանակած իշխանություն, պետք է չփչացնեինք ազատագրական պայքարի հերոսներին եւ դրանով չհարվածեինք բանակին: Ասել եմ ու կասեմ` թիրախավորելով անձին` հարվածում են ինստիտուտներին, որոնց թվում են բանակը, եկեղեցին, ընտանիքը: Իսկ այն իշխանությունը, որը հարվածում է եկեղեցուն, բանակին ու ընտանիքին եւ ընդունում է այլասերված օրենքներ, սեռափոխվածներն իր պաշտպանության ներքո են գտնվում, չի կարող լինել ազգի շահից բխող:
– Մինչ այսօր մենք տեսել ենք ընդդիմադիր մի քանի ուժերի փոքր միավորումներ: Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ տեղի ունենա ընդդիմադիր դաշտի հզոր համախմբում:
– Այն քաղաքական «բեսպրիդելը», որը տեղի է ունենում Հայաստանում, շատ շուտով կհամախմբի եւ ոտքի կհանի բոլոր գիտակից ուժերին: Ներքին ամբիցիաները գնում են երկրորդ-երրորդ պլան, որովհետեւ բոլորիս համար առաջին խնդիը մեր պետականության եւ ազգային ինքնության պահպանումն է: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Երբ սեղանին դրված է մեր երկրի եւ պետականության, մեր ինքնության, լինելու եւ չլինելու հարցը, ապա անկախ իրենց ուժեղ լինելուց, պրոֆեսիոնալիզմից, պետք է բոլորը համախմբվեն: Այն ուժերը, որոնք չեն գիտակցի, որ սա բխում է հայ ժողովրդի, հայոց պետականության շահերից, դուրս կմնան քաղաքական գործընթացներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ