«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԼԸ ՄԵԶ ՍԱԶԱԿԱՆ ՉԷ»
Արխիվ 16-20
Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Արցախյան հակամարտության հարցով բանավեճում արծարծված թեմաները դեռ կարոտ են խորքային քննարկման եւ կշռելու, թե ինչ շահեցինք կամ ինչ հետեւանքներ այն կունենա բանակցային գործընթացի եւ սահմանային իրավիճակի վրա: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ»
– Պարոն Գեւորգյան, մյունխենյան դեբատի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվե՞ց պատերազմ հաղթած երկրի դիրքերից հանդես գալ:
– Ընդհանրապես` մեր առաջին դեմքը, երկրի թիվ մեկ պատասխանատուն պետք է լինի մի մարդ, ով հաղթանակի դիրքերից է կարողանում խոսել, որովհետեւ, իսկապես, մենք հաղթել ենք եւ ունենք հաղթանակած բանակ: Թուրքերի, ադրբեջանցիների, այդ թվում` Ալիեւի մոտ խաղաղություն մուրալը մեզ սազական չէ, իսկ այդ հանդիպումը նման էր խաղաղություն մուրալուն: Խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Մենք ժամանակին այն պարտադրեցինք, եւ մեզ հիմա հարկավոր էր, որ երկրի թիվ մեկ պատասխանատուն կարողանար այդ դիրքերից խոսել: Պետք է ասվեր, որ եթե ցանկանում եք, որ բանակցային միջոցով կոնֆլիկտին լուծում տրվի, ուրեմն` հաղթանակած կողմի իրավունքով մենք կթելադրենք, թե ինչ է հարկավոր: Իսկ մեզ հարկավոր է, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե կա երկու թուրքական պետություն` Ադրբեջան եւ Թուրքիա, ինչո՞ւ չի կարող լինել երկու հայկական պետություն` Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ: Այնպես, որ մեր պետականությանը, մեր ժողովրդին այս առավել ծանր ժամանակաշրջանում հարկավոր է, որ երկրի ղեկավարը լինի հաղթանակած գաղափարով, որը պատասխանատվություն է կրում ու հասկանում է, թե ինչ է նշանակում հաղթել եւ հաղթանակած լինել: Այս առումով մենք ամուր դիրքեր ունենք, եւ մեր դիրքերը թուլացնել չի կարելի, բայց այն արդեն երկու տարի է, ինչ մսխվում է:
– Տեղի ունեցած բանավեճից ի՞նչ եզրակացության հանգեցիք, ո՞րն է արցախյան հիմնախնդրի լուծման այն ճանապարհը, որի շուրջ տեղի են ունենում բանակցություններ:
– Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման ժամանակ երկու բանակցող կողմերը միասին համաձայնեցին փուլային մոտեցումներին, որի մասին դեռ 1997 թվականին խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչի համար էլ պահանջվեց նրանից հրաժարական տալ: Ու ամենացավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի «աշխատանքի» արդյունքում առաջ բերվեց համատեղ բնակության խնդիրը: Նման ծրագիրն իրականություն դարձնելը մոտ ժամանակներում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման պատճառ կարող է հանդիսանալ: Երբ հասկանան, թե որտեղից սկսվեց արցախյան ազատագրական պայքարը, ինչն էր պատճառը, կգիտակցեն, որ համատեղ բնակության խնդիրն իրականում անհամատեղելի է մեր բոլոր գաղափարների եւ սկզբունքների հետ: Իսկ պատճառն այն էր, որ խորհրդային պետությունը փլուզվեց, բոլոր պետությունները ինքնորոշվեցին, եւ նույն կերպ Արցախի ժողովուրդը ինքնորոշվեց ու ցանկացավ առանձին ապրել` լինելով էթնիկ այդ հողի տերը: Բայց դրանից հետո ագրեսոր Ադրբեջանը դիմեց քայլերի, տեղի ունեցան Բաքվի, Սումգայիթի դեպքերը, որոնք բոլորիս քաջ հայտնի են, ինչն էլ պատճառ դարձավ մեր ազգային ազատագրական պայքարի: Հիմա ի՞նչ է տեղի ունենում, եթե նորից վերաբնակեցնենք ադրբեջանցիներին Արցախի մեր տարածքներում, մեր ազատագրած էթնիկ, պատմական հողում, այսինքն` նշանակում է, որ տալիս ենք բոլոր հնարավորությունները, որ յուրաքանչյուր պահի նորից լայնածավալ պատերազմ սկսի: Ու այս ձեռագրի, այդ գործողության համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Սա յուրաքանչյուր գիտակից մարդու համար անթույլատրելի եւ անկարելի է: Մինչդեռ այդ հանդիպման ժամանակ ակնհայտ տեսանք, որ երկու բանակցող կողմերն էլ համաձայն են այդ գործընթացին:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ` ԹՈՒԼԱՑՆԵԼՈՎ ԹԻԿՈՒՆՔԸ»
– Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր փուլային տարբերակն առաջ մղում, այն ժամանակ այն կանխվեց, որովհետեւ կար սպարապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա Վազգեն Սարգսյանը չկա, իսկ Ռոբերտ Քոչարյանը մեկուսացված է: Ո՞վ է կանխելու այս գործընթացը:
– Փաստացի իշխանությանը պետք էր Ռոբերտ Քոչարյանին մեկուսացնել, որ այդ գործընթացներին չկարողանա խանգարել: Բայց, միեւնույն ժամանակ, եկեք հասկանանք, որ երբ ասում ենք` Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, ընդհանուր մեր ռազմական գործիչների, հաղթանակած պետական այրերի մասին ենք խոսում, նկատի ունենք հայ մարդու հավաքական կերպարը: Իսկ այսօր հավատացած եղեք, որ մենք դեռ այդպիսի մարդիկ ունենք, որովհետեւ եթե չունենայինք, արդեն երկիր չէինք ունենա եւ մեր պետականությունը վաղուց կորցրած կլինեինք: Այնպես որ, վստահ եմ, որ համարժեք դիմադրություն կլինի: Երբ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալիեւին ասում է, որ Արցախը ոչ թե տարածքներ են, այլ մեզ համար անվտանգություն, եւ Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, ապա պետք է նաեւ իմանա, որ անվտանգության երաշխավոր չեն լինում` թունավորելով հասարակությունը եւ թուլացնելով թիկունքը: Անվտանգության երաշխավոր չեն լինում` վերաբնակեցնելով ադրբեջանցիներին Արցախում: 12 տարի առաջ բերդում Փաշինյանին մի «չափալախ» էին տվել, դարձավ վարչապետ չմոռացավ, քրեական գործ հարուցեց: Հիմա ինչպե՞ս է պատկերացնում, որ թուրքը, ադրբեջանցին, որը 30 տարի առաջ մորթել է հայ մարդու պապին, տատին, ծնողներին, մոռանա: Երբ Ադրբեջանի ժողովրդին 20 տարուց ավել դասագրքերով սովորեցնում են ու թունավորում, որ հայը իր թշնամին է, ինչպե՞ս ես բերում ու հարեւան դարձնում: Այն, որ գլուխ էին գովում, թե հեղափոխություն են արել, նոր կետից են սկսում, սա՞ նկատի ունեին: Մեր երկրի եւ պետականության վերջնական կործանո՞ւմն է նոր կետը: Լայնամասշտաբ պատերազմի բոլոր հնարավորությունները տա՞լն է նոր կետը:
– Անդրադառնանք նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը...
– Մեկ անգամ չէ, որ ասել եմ` սա քաղաքական հետապնդում է, եւ բնականաբար, այն ամենը, ինչի մասին խոսում ենք, կապ ունի դրա հետ: Հետեւողական քայլերով փորձում են հերոս, նախագահ կերպարները վարկաբեկել, ամենացածր մակարդակով զրոյացնել, հարվածել, որպեսզի ժողովուրդն իրենցից հիասթափվի, իսկ իրենք կարողանան քաղաքական պատվերները, որոնք իրականացնում են, ավարտին հասցնել: Բոլոր գործընթացները, որոնք այսօր տեղի է ունենում, ընդդեմ մեր պետականության եւ երկրի են: Արցախյան ազատագրական պայքարի միջով անցած նախագահները` Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մեծ գիտակ են եւ ամբողջությամբ տիրապետում են բանակցային գործընթացին: Նրանց մոտ Ալիեւը չէր կարող այդպես ծիծաղել, ինչպես մի քանի օր առաջ էր ծիծաղում: Ադրբեջանի նախագահն առաջին անգամ հնարավորություն ունեցավ ծիծաղել մեզ վրա, մինչդեռ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրենց գլուխը միշտ կախ է եղել: Իսկ այս անգամ ամբողջ հանրությունը տեսավ, ինչպես է Ադրբեջանի նախագահը, ԱԳ նախարարը եւ իրենց պատվիրակությունը ծիծաղում մեզ վրա, որովհետեւ ծիծաղել մեր երկրի թիվ մեկ պատասխանատուի` ՀՀ վարչապետի վրա, նույնն է, որ ծիծաղեն մեր վրա: Նրանք, ովքեր պարտվել են, ովքեր մեր անունը լսելով փախչում էին` իմանալով, որ մենք եկել ենք այսինչ դիրքը, հիմա արդեն ծիծաղում են մեզ վրա: Սա խայտառակություն էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ