Ճանաչված «առնետները» խոստանում են «կռիսություն» չանել
Արխիվ 16-20
Գրեթե երկու շաբաթից կճանապարհենք վարազի տարին եւ կներխուժենք արդեն առնետի «թագավորություն»: Իհարկե, ոմանց համար կարեւոր է, թե ինչ կենդանակերպի ազդեցության տակ է ընթանալու տարին, բայց «Իրավունքի» զրուցակիցները եղան բացառություն, թեպետ ծնվել են հենց գալիք տարվա` Առնետի կենդանակերպի նշանի տակ ու ամենեւին էլ առնետավազքի մտադրություն չունեն: «Իրավունքը» փոքրիկ հետաքննության արդյունքում բացահայտեց, թե ովքեր են ծնվել հենց առնետի կենդանակերպի նշանի տակ:
«ՄԻԱԿ ԱՌՆԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԸ ԵՍ ՊԻՏԻ ԼԻՆԵՄ»
Դերասան, բեմադրիչ, Շեքսպիրյան թատերական փառատոնի տնօրեն ԿԱՐԱՊԵՏ ԲԱԼՅԱՆԸ առնետի տարվանից առնետություն չի սպասում. «Ես ինձնից միայն լավն եմ սպասում: Ինչպես միշտ, այս տարի էլ նոր, եկող տարվանից ունեմ ակնկալիքներ` աշխատանքի, հոգեւոր հանգստության եւ առողջության: Էլ սրանից ավելի ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք այս կյանքից, եթե, միեւնույնն է, մի օր մեռնելու ենք»,- կես կատակ-կես լուրջ ասաց Բալյանն ու կոչով դիմեց հանրությանը. «Կոչ եմ անում, որ իմ հանդեպ առնետություն չանեն, որովհետեւ այս տարի իմ տարին է, միակ առնետություն անողը ես պիտի լինեմ, ինչն էլ խոստանում եմ չանել»:
«ԵԹԵ ԾՆՎԵԼ ԵՍ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ, ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ԱՌՆԵՏԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
Երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ նույնպես չի առաջնորդվում կենդանակերպի նշաններով, ասում է, որ անկախ նրանից, թե ինչ կենդանու համաստեղության տակ է տարին, փորձում է լավ տրամադրությամբ դիմավորել տարին. «Պարզապես միշտ փորձում եմ լավ տրամադրությամբ շարժվել առաջ: Ինչ արած, այնպես է ստացվել, որ ծնվել եմ առնետի տարում եւ մտածել, թե անպայման պետք է առնետային տրամաբանություն լինի, սխալ է: Համենայնդեպս, ես այդպես չեմ առաջնորդվում»,- ասաց երգչուհին ու խորհուրդ տվեց բոլորին չկենտրոնանալ կենդանիների տեսակների վրա, եւ ինչպես ասում են` աստղերը պարբերաբար հուշում են, բայց չեն պարտադրում. «Պարզապես պետք է տարին սկսել լավատեսությամբ եւ նույն տրամադրվածությամբ քայլեն դեպի առաջ` նպատակների, ցանկությունների իրագործման հետեւից: Գալիք տարվանից սպասելիքներս ու տրամադրվածությունս շատ դրական է, իսկ եթե կա դրական տրամադրվածություն, ապա անգամ դժվարությունները կարելի է շատ հանգիստ հաղթահարել: Թեպետ, այնպես ստացվեց, որ անցնող վարազի տարվան մի քիչ ավելի պասիվ էի` ստեղծագործական առումով, ու պրոդյուսերական ծրագրեր էի իրականցնում, իսկ ստեղծագործականը վարագույրից այն կողմ էր, բայց հետաքրքիր ստեղծագործություններ, որոնք ծնվեցին այս ընթացքում, արդեն 2020-ին կներկայացնեմ հանդիսատեսին` տեսահոլովակների, երգերի ու շրջագայությունների տեսքով»:
«ՈՐ «ՉԱՌԻԹԱՎՈՐՎԵՆ» ՈՒ «ԿՌԻՍՈՒԹՅՈՒՆ» ՉԱՆԵՆ»
Կոմպոզիտոր, նկարիչ, հաղորդավար ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար անցնող տարին խոզություն չի արել, իսկ առնետից «կռիսություն» չի ակնկալում. «Մեզ` առնետների տարվա ծնվածներիս մաղթում եմ, որ «չառիթավորվեն» ու առնետություն չանեն: Ակնկալում եմ, որ առնետի տարին, գործնական առումով, նույնքան հաջողակ կլինի, որքան եղավ ընթացող` Խոզի տարին: Իսկապես, շատ բեղմնավոր տարի էր, հետաքրքիր գործեր հասցրի անել, եւ ամենակարեւորը` հայրիկ դարձա. ծնվեց իմ առաջնեկը` Մարկը: Քանի որ եկող տարին իմ տարին է համարվում, ակնկալում եմ, որ առնետը կդրսեւորի միայն իր լավագույն կողմերը: Իսկապես, առնետի տարվա հետ շատ պլաններ ունեմ, նոր եթերաշրջանում կշարունակվի իմ «Տուն-տեղ» հեռուստանախագիծը, խորհրդանշական կլինի, որ որոշակի դադարից հետո հենց իմ տարում էլ վերադառնամ երաժշտական ասպարեզ»:
Իսկ տոնական օրերին Կարեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս. «Խոզի տարվան հրաժեշտ տալիս, հանգիստ կթողնեք խոզի բդին, փոխարենը` այլընտրանքային ճաշատեսակ մատուցեք»:
«ԲԱՑԱՐՁԱԿ ՎԱԽԿՈՏ ՉԵՄ»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՐԱՔՍՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ թեպետ ծնվել է առնետի տարում, բայց իրեն կիսով չափ առնետ, կիսով չափ` Վարազ է համարում. «Իմ ամբողջ գիտակից կյանքում, միչեւ վերջին 5 տարին, ես իմացել եմ, որ ծնվել եմ առնետի տարում: Բայց, վերջերս պարզվեց, որ իրականում վարազի տարում եմ ծնվել, որովհետեւ ըստ չինական ավանդույթի, տարին փոխվում է փետրվարի 18-ից, իսկ ես ծնվել եմ փետրվարի 1-ին: Իսկ եթե անկեղծ, ապա առնետի մեջ կային բաներ, որոնք այդքան էլ ինձ չէի համապատասխանում, օրինակ ագրեսիվությունը, իսկ ես ինձ ակտիվ եմ համարում, ոչ ագրեսիվ: Եթե ավելի անկեղծ լինեմ, կենդանակերպի նշաններին էլ չեմ հավատում, այլ հավատում եմ Աստծո գոյությանը: Իսկ Աստված ասում է, որ յուրաքանչյուր մարդ տիեզերքի վրա միակն է ու անկրկնելին, հետեւելով հորոսկոպներին` դառնում ես ինչ-որ խմբի ներկայացուցիչ, ոչ թե անհատականություն, եւ անպայման ուզում ես քեզ համապատասխանեցնել այդ գրածին: Ինչեւէ, խոզի տարին համարում եմ ստացված ու հաջողակ, որովհետեւ ունեցա մի քանի լավ ստեղծագործական նախագծեր, որոնք ես սպասում էի հեռուստասերիալների եւ թատերական ոլորտում, մի խոսքով` ինձ ավելի ռեալիզացրի, կարելի է ասել ավելի ամրացա կրկնօրինակման դաշտում: Թեպետ Խոզի տարին ինձ համար բուռն աշխատանքային էր, բայց բացարձակապես հանգստի հնարավորություն չունեցա, բայց չեմ դժգոհում, սիրում եմ աշխատանքի մեջ անգամ հանգստանալ, ես դա կարողանում եմ: Հուսով եմ, որ Առնետի տարում կհասցնեմ հետաքրքիր հանգիստ ունենալ»:
Ըստ դերասանուհու` յուրաքանչյուր տարվանից սպասելիքները շատ են` անկախ նրանից, թե տարին Շան, Վարազի կամ էլ Վիշապի տարի է. «Մինչեւ կյանքիս վերջն էլ ամեն տարի սպասելու եմ ինչ-որ մի հետաքրքիր բանի, իսկ ես հավատում եմ հրաշքների եւ սպասում եմ մեծ փոփոխությունների»,- ասաց դերասանուհին ու փակագծեր բացեց. «Ի վերջո, ցանկանում եմ առաջարկ ստանալ նաեւ արտասահմանից, զգում եմ, որ կգա, հաունացել է պահը, ուզում եմ մի քիչ էլ Հայաստանի սահմաններից դուրս ինձ դրսեւորել իմ մասնագիտության մեջ, արդեն Հայաստանը մի տեսակ ինձ նեղում է: Ոչ թե նրա համար, որ ուրանում եմ, այլ ուզում եմ ինձ ուրիշ դաշտում փորձել: Հայաստանյան շուկան ինձ համար սպառված է, այս դաշտում այլեւս երազանքներ չկան: Երբ իմ ներսի փոքրիկ Արաքսիկը նստում ու երազում է, թե էլ ի՞նչ կուզենար, պարզվում է, որ կարելի է ասել` էլ չկա: Ուզում եմ հայտնվել այլ դաշտում, այլ ռեժիսորների մոտ, խելագար, էքսպերիմենտալ աշխատանքներ եմ ուզում: Ես բացարձակապես վախկոտ չեմ եւ գրկաբաց սպասում եմ ցանկացած բարդ էքսպերիմենտի»:
Իսկ, թե էլ ովքեր են ծնվել Առնետի կենդանակերպի նշանի տակ, առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ ներկայացրած աղյուսակում.
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ