Կդառնանք հայրենազուրկ, բայց չենք դառնա Ադրբեջանի մաս. ԱՀ նախագահի խորհրդականի կոշտ պատասխանը բռնապետ Ալիևին
Ներքաղաքական
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող ՀՀ իշխանությունների վերջին հայտարարությունների անթույլատրելիության մասին հայտարարությամբ նախօրեին հանդես է եկել Արցախի հանրապետության Ազգային ժողովը, որում մեկ անգամ ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչով դիմել են միջազգային հանրոթյանը: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտոնական Արցախը միջազգային հանրությունից, հաշվի առնելով, որ մինչ միջազգային հանրությունը հայտարարություններիցայն կողմ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել մինչ օրս:
Այս ինչպես նաեւ վերը նշված հայտարարության մեջ տեղ գտած այլ շեշտադրումների մասին զրուցել ենք ԱՀ նախագահի խորհրդական, ԱՀ ԱԳՆ նախկին նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.
-Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վերջապես գոնե մի փոքր քայլ ձեռնարկի, որովհետեւ մի ողջ ժողովուրդ, փաստորեն, հրկիզվում են, ցեղասպանության ենթարկվում, բայց որեւէ միջազգային կառույց, պետություն` գործուն քայլեր չի ձեռնարկում: Հատկապես այն երկրները, որոնք իրենց հռչակում են, որպես ժողովրդավարության բաստիոն տվյալ պարագայում ոչ միայն ոչ մի քայլ չեն ձեռնարկում, այլ Ադրբեջանի հետ խորացնում են իրենց հարաբերությունները: Հիմա, մի կողմից, բնական է, որ նման կոչերը, ինչ-որ տեղ էֆեկտիվ չեն, մյուս կողմից էլ սա անհրաժեշտ ֆորմատ է, որը պետք է պահպաննել: Բայց, ինչ խոսք, սպասել, որ ինչ-որ բան է անելու, այսպես կոչված միջազգային հանրությունը, այսպես կոչված, ժողովրդավարական հանրությունը, իհարկե, բոլորս ենք գիտակցում, որ այլեւս նման սպասելիքները հօդս են ցնդել, քանի որ ամեն բան հիմնված են տարբեր շահերի վրա, այլ ոչ թե մարդասիրության եւ մարդկային արժեքների պահպաննման վրա:
-Պարոն Բաբայան, նույն հայտարարության մեջ ԱԺ ԱՀ խմբակցությունները Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում են չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից: Այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը` վարչապետի շուրթերով բազմիցս այլեւս հայտարարել է, որ շեղվել եւ շեղվելու են բոլոր հայտնի որոշումներից:
-Խնդիրը նրանում է, որ վերջնական, պաշտոնական, փաստաթղթային պատասխան ՀՀ-ի կողմից չկա: Եթե ՀՀ-ն ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, ապա դա լինելու է ազգային ողբերգություն: Եվ դրանից հետո մտածել, որ մնալու է Հայաստան երկիր եւ արժանապատիվ հայ ժողովուրդ`հօդս է ցնդելու: Ազգային ողբերգություն է մտածել, որ Արցախը զոհաբերելով կփրկվի Հայաստանը, չի լինելու նման բան:
-Պարոն Բաբայան, հայտարարության մեջ մասնավորապես նշվում է նաեւ. «Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական և ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում, անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի անվտանգությունը»: Կոնկրետ ինչ միջոցների կիրառում է ակնկալում Արցախը ՌԴ-ից:
-Այն ինչ այսօր կատարվում է այստեղ առաջին հերթին ուղղված է Արցախի, երկրորդը` ՌԴ-ի դեմ: Այսօր կոպտորեն խախտվում է 2020թ.-ի չարաբաստիկ պայմանագիրը, որտեղ է գրված, որ Ադրբեջանը իրավունք ունի փակելու Բերձորի միջանցքը նման զզբելի ձեւով, ո՞վ է պատասխանատու այս ամենի համար: Հասկանալի է չէ՞, որ նաեւ ՌԴ-ի դեմ է ուղղված այս ամենը, լա՛վ, վերջապես ինչքան պետք է այս ամենը ձգձգվի, ախր պրոցեսներ են ընթանում, այն էլ շատ լուրջ: Ու վաղը ուշ է լինելու կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար:
-Հասարակական շրջանակներում քննարկումներ են ընթանում, որ ավելի լավ է մտնել ՌԴ պրոլեկտարատի մաս կազմել, քան Ադրբեջանի: Հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը այս առումով:
-Ես կարող եմ հստակ միայն մի բան այսօր ասել, մենք չենք չլինելու Ադրբեջանի կազմում երբեք, մենք կդառնանք հայրենազուրկ, բայց չենք դառնա Ադրբեջանի մաս, դա միանշանակ:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ