ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ»

26.12.2017 18:12 Հրապարակումներ
«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ»

Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա ժողովի շրջանակում տեղի ունեցավ «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովը` Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաեւը, ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլեւը, ԱԺ պատգամավորներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ Միհրան Հակոբյանը: Եվրասիական տնտեսական գործընթացի տարեկան արդյունքների, առկա մտահոգությունների եւ առաջիկա տեսլականի մասին հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը եւ Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ, ԲԱՅՑ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՕՂԱԿՆ Է ԱՅՍ ՄԵԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ»
Ամփոփելով Եվրասիական փորձագիտական ակումբի այս տարվա կատարած աշխատանքը` մեզ հետ զրույցում Ա. Սաֆարյանն ընդգծեց. «Տարվա ընթացքում բավական մեծ աշխատանք են կատարել մեր գիտնականները, որոնք նշանավոր տնտեսագետներ են, սոցիոլոգներ, հասարակայնագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտի փորձագետներ, վետերաններ: Աշխատել ենք` բացահայտելով, իմաստավորելով եւ արժեւորելով Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը եւ հետխորհրդային տարածքում ընթացող քաղաքական, տնտեսական, սոցիալական գործընթացների բովանդակությունների իմաստը»:
Որպես Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող` Ա. Սաֆարյանը հպարտությամբ շեշտեց, որ իրենց փորձագիտական որոշ կանխատեսումներ հաջողություն են ունեցել եւ իրականություն դարձել. «Եվրասիական փորձագիտական ակումբն էր, որ դեռեւս սեպտեմբեր ամսին իր հետազոտությունների հիման վրա հայտարարեց` բոլոր հիմքերը կան սպասելու, որ Հայաստանի ներքին համախառն արդյունքի աճը այս տարի կարող է գերազանցել 4 տոկոսը, ավելին` մոտենալ 5 տոկոսի եւ դրանով երրորդ անգամ վերանայել տալ միջազգային վարկանիշային կառույցների Հայաստանի հանդեպ արվող կանխատեսումներին»:
«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահը նաեւ վստահեցրեց, որ եկող տարի նույնպես Եվրասիական փորձագիտական ակումբին շատ լարված եւ բովանդակ աշխատանք է սպասվում. «Ինչպես գիտեք, Երեւանում ընթանալու են եվրասիական օրեր, եւ այդ որոշումն արդեն բարձր մակարդակներով կայացված է: Ուստի` մենք հույս ունենք, որ մեր ինտելեկտուալ հանրությունը` գիտնականները, փորձագետները, ուսանողները, ասպիրանտները կկարողանան իրենց միջից ընտրել այն լավագույն մարդկանց, ովքեր այդ միջոցառման ժամանակ կներկայացնեն Հայաստանի ինտելեկտուալ միտքը»:
Եզրափակալով խոսքը` զրուցակիցը հավելեց, որ մեր կառուցողական մասնակցությունը Եվրասիական տնտեսական գործընթացներին շատ կարեւոր է. «Հայաստանը փոքր, բայց արժանավոր օղակն է այս մեծ տնտեսական գործընթացի եւ կարող է ունենալ իր պատվավոր տեղը ինտելեկտուալ իմաստավորման եւ ինտելեկտուալ գծագրման համար այն ճանապարհի, որը մենք անցնում ենք»:
«ՍԱ ՀԵՆՑ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ»
Իր ողջույնի խոսքում ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ապա խոսեց Եվրասիական միությունում Հայաստանի անդամակցության կարեւորության մասին, ինչը հնարավորություն է տալիս երկրի կայուն զարգացմանը:
«Եվրասիականությունն այսօր դարձել է գաղափարախոսություն, որը թույլ է տալիս զարգանալ որպես ազգային պետություններ եւ որպես ազգային հասարակություններ: Եվ այս առումով պետք է հասկանանք, որ պայքարը ագրեսիվ, նեոլիբերալիստական շարժումների դեմ, որոնք, ցավոք, տեսնում ենք եւ Հայաստանում, սա հենց պայքար է հանուն գաղափարի», - ասաց Հ. Բաբուխանյանը եւ ընդգծեց, որ գաղափարախոսությունն այն է, որը տալիս է ազգին, հանրությանը, պետությանը դիմակայել յուրաքանչյուր մարտահրավերի եւ դժվարությունների:
ԱԺ պատգամավորի գնահատմամբ` Եվրասիական միությունը նախեւառաջ արժեքային համակարգ է, որտեղ մեր ավանդական, հազարամյակների արժեքային համակարգը սինթեզված է մեր հանրության զարգացման նոր ուղղություններով. «Եվրասիական արժեքային համակարգը թույլ է տալիս մեզ տեսնել մեր ապագան, մինչդեռ գլոբալիստական ինչ-որ տենդենցներ պարտադրելով՝ փորձում են մեզ շեղել այդ ապագայից»:
Ասվածը մանրամասնելով` Հ. Բաբուխանյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն  ընդհանուր պատմություն, որն այսօր փորձ է արվում սեւացնել` պարզունակ քայլերով. «Մեր ազգային գաղափարախոսությունն ու արժանապատվությունը կանգնած են լուրջ վտանգի առաջ: Այդ թվում` փորձ է արվում նսեմացնել Խորհրդային Միության դերակատարությունը մեր երկրների համար, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային, հատկապես` Հայրենական պատերազմը, եւ մենք պետք է կարողանանք միասին զսպել դրանք»:
«ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆ ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ Է՝ ԵՐԿՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»
ՍԻՄ կուսակցության նախագահը նաեւ հիշեցրեց, որ հաջորդ տարին մեր երկրի համար հատկանշական է` երկու պատմական իրադարձություններով` 100-ամյակն է  Հայաստանի Հանրապետության վերականգնման եւ 190-րդ տարին` Թուրքմենչայի պայմանագրի, որով Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ. «Եվ հենց այս երկու սիմվոլիկ տարեթվերի մեջ է մեր ժողովրդի, մեր պետության հետագա զարգացման գրավականը: Մենք այս երկուսի համադրման մեջ պետք է տեսնենք մեր ապագան, այլ ոչ թե հակադրության»:
Հ. Բաբուխանյանը շեշտեց, որ ԵԱՏՄ-ն միության անդամ երկրների համար ուղի է իրենց սուվերենության պահպանման: Միեւնույն ժամանակ, հավելեց, որ այսօր Հայաստանի, ԵԱՏՄ անդամ մեր մյուս գործընկերների դեմ գնում է ծանր, տոտալիտար պատերազմ` բազմաթիվ ուղղություններով, մասնավորապես` տեղեկատվական դաշտում` մասնակցությամբ որոշակի ուժերի եւ ԶԼՄ-ների. «Դրանք Ռուսաստանում արդեն հայտարարվել են որպես արտասահմանյան ագենտներ, եւ մենք հասկանում ենք, որ այդպիսի ԶԼՄ-ները ֆինանսավորվում են կոնկրետ արեւմտյան կառույցների, այս դեպքում նաեւ թուրքական ենթակառույցների կողմից, որոնց նպատակն է խաթարել մեր ազգային սուվերենությունը»:
«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԻՈՎԻՆ ՏԱՊԱԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ»
Առիթից օգտվելով` Ազգային ժողովի պատգամավորը շնորհակալություն հայտնեց այն ԶԼՄ-ներին, որոնք կատարում են օբյեկտիվ աշխատանք. «Շնորհակալություն, կարելի է ասել, նաեւ նրանց` ոչ նորաձեւ դիրքորոշման համար, որը նրանք պաշտպանում են մեզ հետ միասին` հանուն մեր ազգային արժանապատվության եւ սուվերենության»:
Ապա Հ. Բաբուխանյանն անդրադարձավ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման հարցին եւ բերեց Սորոսի հիմնադրամի օրինակը, որը բառացիորեն փորձում է ներխուժել մեր հասարակական զարգացման բոլոր ոլորտները, այդ թվում` բանակ, մեր ազգային արժեքներ եւ ԼՂ հիմնախնդիր: Ավելին` այդ ամենը տեղափոխվեց նաեւ Ազգային ժողով. «Եղան փորձեր` «Ելք» խմբակցության կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ հանդես գալու եւ հասկանալի է, որ այդ ամենի հետեւում արտաքին ուժեր էին կանգնած: Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ գաղափարը լիովին տապալվեց խորհրդարանում: Պրակտիկորեն, բացի հենց նախաձեռնության հեղինակներից, ոչ մի ձայն չգնաց այդ ոչ արդյունավետ ծրագրին, եւ նրանք երկու անգամ էլ ստացան խորհրդարանական 105 ձայներից ընդամենը 5-6 ձայն»:
«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԸՆԴԳԾԵԼ, ՈՐ ԱՅԴ ԵՐԿՈՒ ԵՎ-ԵՐԸ ՆՈՒՅՆԸ ՉԵՆ»
ԱԺ պատգամավորը նաեւ ասաց, որ եղել են փորձեր` հակադրելու Հայաստանի որոշումը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու հարցում, մինչդեռ մեր երկրի որդեգրած արտաքին քաղաքականությունը հստակ նշվել է ՀՀ նախագահի կողմից. «Մեր որդեգրած եւ-եւի քաղաքականությունը, որն, ի դեպ, հենց Արեւմուտքի կողմից ժամանակին ոչ ճիշտ էր ընկալվում եւ ասում էին, թե հնարավոր չէ, վերջին մի քանի ամիսների պատմությունը ցույց տվեց, որ հնարավոր է: Բայց ուզում են ընդգծել, որ այդ երկու եւ-երը նույնը չեն. կա Եվրասիական միություն, ՀԱՊԿ, որը մեր ընդհանուր տնտեսական, անվտանգության համակարգն է, որտեղ ունենք ռազմավարական դաշնակիցներ եւ դրանից բացի ունենք գործընկերներ, որոնցից մեկը Եվրամիությունն է, ու կարծում եմ` սրանով պետք չէ սահմանափակվել, կա նաեւ Իրանը, Չինաստանը եւ այլ երկրներ, որոնց մենք հարգում ենք եւ կաշխատենք նրանց հետ` չհակադրելով մեկը մյուսին»:
Եզրափակելով խոսքը` Հ. Բաբուխանյանը հավելեց, որ գալիք տարում անկախ  քաղաքական ցնցումներից եւ տնտեսական մարտահրավերներից, ցանկանում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկների ժողովուրդներին, մեր երկրին եւ Եվրասիական փորձագիտական ակումբին հաջողություններ ու նոր ձեռքբերումներ. «Բոլորս, երբ կհավաքվենք հաջորդ տարի` արդեն 5-րդ ամենամյա այս ժողովին, մաղթում եմ, որ խոսենք մեր նոր ձեռքբերումների եւ հաջողությունների մասին»:
Ի դեպ, հավելենք, որ համաժողովի ժամանակ հինգ հայտնի գործիչներ ստացան Եվրասիական փորձագիտական ակումբի անդամի հավաստագրեր, այդ թվում էին ԱԺ պատգամավոր ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Իսկ  հայկական առաջատար տասը լրատվամիջոցներ, որոնց շարքում է նաեւ «Իրավունքը», արժանացան շնորհակալագրերի` Եվրասիական տնտեսական գործընթացի առարկայական, անկողմնակալ եւ բարձրորակ լուսաբանման համար: 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА