ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պաշտպանեց «Երկիր ծիրանիի» «կեղտաջուր օպերացիան»

15.02.2018 01:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պաշտպանեց «Երկիր ծիրանիի» «կեղտաջուր օպերացիան»

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրերս Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպին: ՀՅԴ-ականները մասնավորապես նշել են, թե խորը մտահոգություն են հայտնում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ. «Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել»:

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրական գործ

ՀՅԴ-ի այսպիսի դիրքորոշումից նույնիսկ որոշ ընդդիմադիրներ կհուզվեին, բայց ճիշտ տեղին է հիշեցնել, որ իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն դեռեւս ոչ վաղ անցյալում հուշագիր էր ստորագրել ու ստանձնել ողջ երկրի կառավարման պատասխանատվությունը: Այս դեպքում ո՞ւմ եւ ինչո՞ւ են հենց հիմա մեղադրում պարոնայք դաշնակ իշխանավորները, առնվազն մտածելու տեղիք է տալիս:

Ինչեւէ, ՀՅԴ-ն մի կես բերան էլ, ամեն դեպքում, անդրադարձել է նաեւ «կեղտաջուր օպերացիան» իրականացրած «Երկիր Ծիրանի» կուսակցությանն ու նշել. ««Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից ակցիայի հարցի բարձրացման ձեւը կարելի է քննարկել եւ չհամաձայնվել: Ամեն դեպքում աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումը ավագանու նիստում: Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, եւ կարծում ենք՝ այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձեւով չի արդարացնում ավագանու մեծամասության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսեւորումները, որին ականատես եղանք բոլորս»:

Ըստ էության, եւ ոչ մի խոսք ԵԾ-ական տիկնանց կողմից նիստերի դահլիճ կեղտաջուր բերելու փաստի ու այն մարդկանց վրա շախ տալու վերաբերյալ, չնայած՝ այստեղ զուտ ճաշակի հարց է: Միգուցե ՀՅԴ-ականներին դուրեկան է գարշահոտը:

Նույն ոգով ու մի քիչ էլ պաթոսով ՀՅԴ-ն վստահաբար ընդգծել է, թե ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու նիստի ընթացքում եւ կոչ է անում խնդիրների լուծումները գտնել քաղաքակիրթ ձեւով՝ չնսեմացնելով քաղաքի կառավարման բարձրագույն մարմնի ինստիտուտը: Իսկ վերջում էլ «հաթաթա» է տվել կոալիցիոն գործընկեր իշխանությանը՝ շեշտելով, որ հետամուտ են լինելու մեր քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ քաղաքապետարանի կատարած քայլերին. «Այն, որ Երեւան քաղաքի կառավարումն ունի բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի համար նորություն չէ: Դրանց լուծման համար արված քայլերը եւ խոչընդոտները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքում գործող բոլոր կառույցները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալու, եւ քաղաքացիներն իրազեկ լինեն խնդիրների լուծման ամբողջ գործընթացին: Մեզ համար առաջնահերթ է երեւանցու պատշաճ ապրելու իրավունքը եւ իր բարձրացրած հարցերի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի կատարած առարկայական քայլերը եւ իրազեկումը: Միայն այդ ձեւով մենք կարող ենք խուսափել խնդիրների բարձրացման բեմականացված տարբերակից: Քաղաքապետարանի ավագանին պարտավոր է ստանձնել այդ դերը, ինչի համար ստացել է քաղաքացիների վստահության քվեն»:

Ըստ դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանի՝ ՀՀԿ-ն քըխ, ՀՅԴ-ն՝ պուպուշ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА