ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՔՆՆԻՉՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ

14.02.2018 22:00 ՔՐԵԱԿԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՔՆՆԻՉՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ

«Իրավունքը», հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով նոր ձերբակալություններ են սպասվում: Եվ ահա նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով կալանավորվել է Լոռու մարզի քննչական վարչության քննիչ: Իսկ օրերս էլ աշխատանքից ազատվել էին Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետն ու ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ: Նկատենք, որ դատախազությունը հայտարարել էր, թե այս գործի շրջանակում Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` քրեական գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

«ԱՄԵՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՂԻ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ՎՏԱՆԳՈՎ»

Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ձերբակալությունների շղթան այսքանով չի ավարտվելու. «Այս գործում շատ մարդիկ են ներքաշված, եւ ոչ ոք ջրից չոր դուրս գալ չի կարող: Արթուրը (նկատի ունի Վահագնի մանկության ընկերոջը, ով այս գործով կալանավորվածների մեջ է- Հեղ.), «լաբավոյ» դուրս է եկել ընկերոջ դեմ ու սկսել է մանրամասն ցուցմունքներ տալ: Առերեսում է եղել Վահագնի եւ Արթուրի միջեւ, եւ վերջինս առերես նույն ցուցմունքն է տվել, ասելով, որ Կամոյի սպանության պատվիրատուն հենց Վահագն է: Որ Վահագնի հրամանով հենց ինքն է Վլեին (Կամո Փիրուզյանի սպանության գործով կալանավորված անձը- Հեղ.) Լոռու մարզի անտառում վարժ կրակել սովորեցրել, որպեսզի նա «պրոմխ» չտա: Թեեւ Վլադիմիրը ժխտում է այդ ամենը, սակայն նրա հետ առերեսվելիս եւս Արթուրը պնդել է ասածները` Վահագնին մեղադրելով այն բանի մեջ, որ նա չպետք է իրեն ներքաշեր այդ ամենի մեջ»:

Եթե Արթուրը տեղյակ է կատարվածի մասին, ավելին` ինքն էր Կ.Փիրուզյանին  կրակել սովորեցրել, էլ ինչպե՞ս է ասում, որ չի մասնակցել այդ ամենին: Մեր այս հարցին աղբյուրը պատասխանեց. «Նա ասում է, որ մինչեւ վերջին պահն էլ չի հավատեցել, որ Վահագնը լուրջ է խոսում, եւ որ իրականում մտադրություն ունի նման հանցագործություն նախապատրաստել: Ամեն դեպքում, Արթուրն այս պահին այդպես է փորձում ներկայացնել իրավիճակը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА