ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենստանն առանց ինտեգրվելու որեւէ միությունում, փոխշահավետ համագործակցում է բոլորի հետ

06.12.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Թուրքմենստանն առանց ինտեգրվելու որեւէ միությունում, փոխշահավետ համագործակցում է բոլորի հետ

Մինչ Հայաստանը փորձում է վարել «եւ-եւի» քաղաքականություն, պարզվում է` շատ վաղուց Թուրքմենստանն այն իրականություն է դարձրել իր երկրում` միայն թե այն անվանելով չեզոք քաղաքականություն եւ չմտնելով համաձայնագրերի կամ ինտեգրացիոն գործընթացների պարտավորությունների տակ: Թուրքմենստանն ըստ էության նախընտրում է ընկերություն անել բոլոր երկրների հետ այնքանով, որքանով այն բխում է երկրի շահերից: Հենց դրա համար էլ Թուրքմենստանը հանդես եկավ նախաձեռնությամբ, եւ դեռեւս 1995 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 50-րդ նիստի ժամանակ միաձայն կերպով ընդունվեց բանաձեւ, որով ամրապնդվեց Թուրքմենստանի` մշտապես չեզոք պետություն լինելու կարգավիճակը: Թուրքմենական արտաքին չեզոք քաղաքականության արդյունքների եւ հետեւանքների մասն էլ «Իրավունքն» առիթ ունեցավ բացառիկ զրույց ունենալու ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ՄՈՒՀԱՄԵԴՆԻՅԱԶ ՄԱՇԱԼՈՎԻ հետ:

Երեւանում հիմնադրվեց տարածաշրջանում առաջին «Դիվանագիտական ակումբը»

– Պարոն դեսպան, Թուրքմենստանն առաջիկայում չի՞ պատրաստվում անդամակցել ԵԱՏՄ-ին կամ Եվրամիությանը:

– Մենք ունենք մշտական չեզոք արտաքին քաղաքականություն եւ աշխարհի բոլոր երկրների հետ պահպանում ենք փոխշահավետ եւ փոխադարձ ընկերային հարաբերություններ: Դրա համար մենք համագործակցում ենք այնքանով, որքանով այն համարում ենք շահավետ, համարում ենք, որ մեզ պետք է: Միայն դրական առումով, եթե այդ միություններում կան փոխշահավետ եւ փոխադարձ գործընկերային միջավայր, իհարկե,  բոլորի հետ պահպանում ենք լավ հարաբերություններ:

– Իսկ այդ հարաբերությունները պահպանելու համար Թուրքմենստանը ստորագրե՞լ է որեւէ համաձայնագիր, ինչպես, օրինակ, վերջերս Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց խորը եւ համապարփակ համաձայնագիր:

– Նման համաձայնագրեր մենք չունենք, բայց մենք աշխատում ենք ԱՊՀ երկրների հետ, բոլորի հետ էլ կապեր պահպանում ենք, ինչպես նշեցի` կարեւորում ենք ունենալ ընկերային եւ փոխադարձ շահավետ համագործակցություն:

– Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ:

– Մենք` որպես չեզոք հանրապետություն, իհարկե, երբեք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը չենք խառնվում եւ, բնականաբար, ես չեմ մեկնաբանի սա: Եթե այդ համաձայնագիրը Հայաստանի ղեկարավորությանը ձեռնտու է եւ ընդունելի, ուրեմն` Հայաստանին հաջողություն եմ մաղթում:

– Ի դեպ, բավական լուրջ քաղաքագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ նշում են, որ առանց ինտեգրացիոն գործընթացների մասնակցության, առանց միությունների անդամագրման, այսօր գլոբալ աշխարհում շատ դժվար է դիմակայել պետություններին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բնական է, որ այսօր բոլորի հետ պետք է ընկերություն անել` փոխադարձ շահավետ, փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում: Բայց մենք, հենվելով մեր ազգային արմատների եւ առանձնահատկությունների վրա, գտնում ենք փոխահարաբերվելու ընդհանուր կետ եւ վերջ: Եվ ելնելով մեր դրական չեզոք քաղաքականությունից` ընկերություն ենք անում աշխարհի բոլոր երկրների հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА