ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք ունենք դերասաններ, որ Հոլիվուդը կերազի»

01.12.2017 22:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մենք ունենք դերասաններ, որ Հոլիվուդը կերազի»

2001 թվականից ԱՄՆ-ում բնակություն հաստատելուց հետո ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասան ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆԸ Հայաստան վերադարձավ միայն տասը տարի անց` 2011 թվականին: Արտիստն այդ երկարատեւ բացակայությունը բացատրում է իր զբաղվածությամբ` ֆիլմեր, ներկայացումներ, սերիալներ... Այս տարի Լ. Շարաֆյանին երկրորդ անգամ հայրենիք բերեց որդու` դիզայներ Միքայել Շարաֆյանի նշանադրության արարողությունը: «Իրավունքի» հետ զրույցում արտիստն ասաց, որ թեպետ զբաղվածությանը, հասցրել է նկարահանվել նաեւ հայաստանյան սերիալում, սակայն չի հասցրել կարոտն առնել երեւանյան` իր համար սիրելի վայրերից: 

«Կինոթանգարանով հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում»

«ԱՐԱՄ, ԱՐԱՄ» ՖԻԼՄՈՒՄ ՄԻԱՅՆ ԵՍ ԷԻ ՀԱՅ»

- Տասը տարի չեկա Հայաստան, որովհետեւ զբաղված էի` 4 սերիալ, 3 ներկայացում, 3 ֆիլմ, որից 2-ը ամերիկյան: Նրանցից ռեժիսոր Քրիստոֆեր Չամբերսի «Արամ, Արամ» ֆիլմում նկարվեցի հայ էմիգրանտի դերում: Ամերիկացի ռեժիսոր, որը, ո՛չ բարեկամական, ո՛չ ընկերական կապ չունենալով հայերի հետ, ուզում էր նկարել ֆիլմ հայ էմիգրանտի մասին: Նա շատ էր կարդացել հայերի մասին: Սերիալներից մեկում ինձ տեսել էր ու ցանկացել, որ հենց ես նկարվեմ հայի կերպարում: Ֆիլմում միայն ես էի հայ: Նա ուզեց ֆիլմը լինի հենց բնագրով` հայերեն, եւ այդպես էլ եղավ` ֆիլմի 70 տոկոսը հայերեն է` անգլերեն տիտրերով: Ես բացատրեցի` ի՞նչ իմաստ ունի, Ամերիկայում հայերեն ո՞վ է նայելու ֆիլմը, նա ասաց` կնայեն, եւ ճիշտ եղավ: 15 օր Լոս Անջելեսի կենտրոնական կինոթատրոնում ֆիլմը ցուցադրվեց լեփ-լեցուն դահլիճներով, հիմնականում հանդիսատեսի 70 տոկոսը ամերիկացիներ էին, եւ նկատում էի, որ հասկանում էին` ինչի մասին է, հուզված դուրս էին գալիս դահլիճից: Հետո ֆիլմը ներկայացվեց Լոս Անջելեսի փառատոնին, եւ արժանացա «Լավագույն դերասան» մրցանակի, ինձ համար շատ անսպասելի էր, որովհետեւ ինձ հետ անվանակարգված էին 2 հայտնի ամերիկացի եւ մեկ մեքսիկ դերասան: Այդ մեքսիկն ընդհանրապես դուրս չի գալիս էկրաններից, բայց ես արժանացա այդ մրցանակին: Փառատոնի նախագահն ասաց. «Մենք ունեցել ենք ազգությամբ հայ լավագույն ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, բայց լավագույն դերասան` դեռ ոչ, այնպես որ դու մտար մեր փառատոնի պատմության մեջ...»: Սա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ նրանց համար ազգությունը ոչ մի նշանակություն չունի: Իսկապես, այդ տասը տարվա մեջ պատուհան չունեի, որ գայի Հայաստան: Հիմա ունեմ եւ օգտվելով առիթից, որ տղաս էլ պիտի նշանվեր Հայաստանում, ինչպես ասում են` երկուսը մեկում, որոշեցինք գալ ե՛ւ նշանդրեք անել, ե՛ւ կարոտն առնել հայրենիքից: Բայց առաջին օրվանից ընկա վազվզուքի մեջ:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԴՈՒՍ ՆՇԱՆԴՐԵՔԸ ՀԱՄԱՐՅԱ ՀԱՐՍԱՆԻՔ ԵՂԱՎ»

- Ինչո՞ւ Միքայելը որոշեց հենց Հայաստանում նշանադրությունն անել:
- Որովհետեւ ընտրյալը Հայաստանից է, լավ աղջիկ է, Եվրասիական համալսարանում է սովորում, հիմա համալսարանից 6 ամսով ուղարկեցին Հունաստան` մագիստրատուրա սովորելու, որից հետո նոր կամուսնանան:
- Հարսանիքն է՞լ Հայաստանում կանեք:
- Ոչ, արդեն ԱՄՆ-ում, որովհետեւ Հայաստանում նշանդրեքը համարյա հարսանիք եղավ, բայց ԱՄՆ-ում մեր ընկերությունը շատ է, բոլորը սպասում են, որ այնտեղ անենք հարսանեկան արարողությունը:
- Պարոն Շարաֆյան, Միքայելը չշարունակեց Ձեր մասնագիտությունը` ընտրելով դիզայների ուղին. այդ հարցում Ձեր միջամտությունը եղե՞լ է:
- Ոչ, ես իր ընտրած մասնագիտությունից համարյա բան չեմ հասկանում, նա որոշեց, որ աշխատի ֆիլմերում, շոուներում, որպես զգեստների ձեւավորող ու ԱՄՆ-ում ընդունվեց մասնագիտացված ինստիտուտ: Հիմա աշխատում է հոլիվուդյան ֆիլմերում, անցյալ տարի, որպես զգեստների ձեւավորող, մտավ աշխարհի լավագույն տասնյակի մեջ: Մենք պատահական իմացանք այդ մասին` ուրախացանք, պարզ ասեմ` փող, բան, չկա մեջը, պարզապես կա փաստ: Միայն մի անգամ, երբ «Հարսնացուն Վեգասից» ֆիլմում ռեժիսորը Միքայելին կանչում էր նկարվելու, իսկ նա չէր ուզում, ասում էր դա իմ գործը չէ, դերասան չեմ, որ նկարվեմ, ասացի` Միկա, փորձիր գուցե լավ ստացվի, եւ ասեմ, որ բավականին հաջող ստացվեց: Այնտեղ ես ու Ալլա Թումանյանն էլ իր ծնողներն էինք խաղում: Նա կտրականապես չի ուզում նկարահանվել, ասում է` ես կզբաղվեմ իմ գործով:
- Ձեր ոճով է՞լ է նա զբաղվում:
- Ոչ, ժամանակ չունի, բայց եթե դիմում եմ, ասում է` սա լավ է, սա վատ է, բայց հիմնականում իր գործով է զբաղված:

Լևոն Խեչոյանը երեկվա, այսօրվա և վաղվա գրողն է

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՀԻՄԱ ՉԿԱՆ»

- Երկարատեւ բացակայությունից հետո շա՞տ բան էր փոխվել Հայաստանում:
- Երեւանը տեսա փոխված, զարմանալի չէ, պիտի փոխվեր, կենդանի շունչ է, Image may contain: 1 person, smiling, standing, sky, cloud and outdoorգեղեցիկ փողոցներ, սրճարաններ, մարդկանց երեսին ժպիտ է իջել, այն նախկին մռայլությունը չկա: Մի քիչ էլ, եթե ժողովրդի վիճակը լավանա, ավելի լավ կլինի: Երեւանը ծնողի նման է` հիվանդացել է, բայց չես կարող ասել` այս մայրս հիվանդ է, գնամ ուրիշ մամա գտնեմ ինձ համար: Հիմա իմ սիրտը ցավում է, Երեւանը մի քիչ հիվանդացել է, բայց համոզված եմ` կբուժվի, ոտքի կկանգնի: Բայց վերջին հաշվով մի քիչ պետք է մտածել ժողովրդի մասին... Ուրախ եմ, որ կան գեղեցիկ շենքեր, պատիվ է բերում Երեւանին, կան կառույցներ էլ, որոնք պիտի չլինեին: Այն կանանց նման, որ ուզում է շատ սիրուն երեւալ` քիթն է կտրում, շրթունքներն է լցնում ու դառնում ավելի տգեղ: Հիմա Երեւանի վիճակն է այդպես, պիտի քաղաքի գլխավոր ճարտարապետն ասի` ոչ, ընկեր ջան, այս շենքն այստեղ չի կարող լինել: Նայում ես գեղեցիկ շենք է, բայց տարածքին չի սազում... Երեւի դրան էլ կհասնենք, որ ճարտարապետը կարողանա այդ կարծիքը հայտնել, եթե իհարկե սիրում է Երեւանը, եթե այդ Երեւանում նա անցկացրել է իր երիտասարդությունը, ապա, անպայման, գոնե կմտածի այդ Երեւանի մասին: Այս ընթացքում շատ բաներ չհասցրի տեսնել Երեւանում, նույնիսկ հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի արձանը, Կասկադը չհասցրի բարձրանալ...
- Կա՞ մի վայր, որ շատ սիրում էիք ու կարոտել էիք:
- Աբովյան փողոցն էի սիրում, 3-րդ մասում կային գողտրիկ անկյուններ, որ շատ էի սիրում, բայց կան անկյուններ, որ արդեն չկան, մեծ տարածք է, ու չեմ կարողանում կողմնորոշվել` այդ անկյունը որտե՞ղ էր: Բնական է, այդպես էլ պիտի լիներ, բայց Կենտրոնն արդեն պետք է հանգիստ թողնել, Կենտրոնի շինությունները շատ են: Թող Մասիվը գեղեցկացնեն, Էրեբունու շրջանը, բայց  Երեւանը թող մի քիչ թոթափվի: Երեւանի նման փոքր քաղաքի համար մեքենաները շատ են, ուղղակի շունչդ կտրվում է:

«ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

- Իսկ հասցրեցի՞ք հայաստանյան թատերական կյանքին հետեւել:
- Այո, իմ գործընկերներն աշխատում են շատ ծանր պայմաններում: Եղա Դրամատիկական, Սունդուկյան թատրոններում, տեսա դրականն ու բացասականը: Դրականն այն է, որ աշխատում են, ինչպես ասում են` երեսի զոռով ու գրեթե անփող, այն գումարը, որ վաստակում են, բավականացնում է  կես ամսվա գոյատեւելու համար: Դա է պատճառը, որ շատերը զբաղվում են նաեւ ուրիշ աշխատանքով` թամադայություն են անում, տատուի գործ են անում, սերիալներում են նկարահանվում: Բոլորն էլ նվիրյալ մարդիկ են, կարող էին չէ՞, վերջին հաշվով, թքել ու հեռանալ, բայց կարեւորը նրանց համար թատրոնն է, արվեստի իրենց օջախը: Գովելի է, նույնիսկ հպարտանում եմ, որ նման ընկերներ ունեմ, որ կարողանում են այս ծանր պայմաններում գոյատեւել ու ստեղծել բավականին լուրջ արվեստ: Բոլոր դեպքերում սերիալները պետք են դերասաններին: Իմ ժամանակ կար հեռուստաթատրոն, որ ամեն երկուշաբթի մարդիկ հեռուստացույցի մոտ սպասում էին նոր ներկայացման, հիմա դրան փոխարինել է հեռուստասերիալը: Այն ժամանակ կինոստուդիայում ֆիլմերի կրկնօրինակումներ էինք անում, որը շատ կարեւոր է դերասանի համար, հիմա կինո չկա: Այն, ինչ նկարվում է, մեծ կինո չէ, բայց կլինի: 

«Անընդունելի է, որ պետական մարմնի աշխատողները ներխուժեն հայկական օջախներ».ռուս համայնքի հայ պատգամավոր

«ՊԵՏՔ ՉԷ ՀՈԳԵԴԱՐՁ ԱՆԵԼ «ՀԱՅՖԻԼՄԸ»

- Ձեր ժամանակ կար «Հայֆիլմ», հիմա չկա: 
- Հիմա ինչ-որ տենդենց է գնում` «Հայֆիլմը» վերականգնելու, պետք չէ հոգեդարձ անել, պետք է նոր, երիտասարդ, տաղանդավոր մարդկանց ուժերով ստեղծել նոր մտածելակերպով «Հայֆիլմ»: Այն ժամանակ, երբ Համո Բեկնազարյանը ստեղծեց «Հայֆիլմը», նույն բանն էր կատարվում, մի խումբ մտավորականների, համախոհների հետ սկսեցին ֆիլմեր նկարել եւ ստեղծվեց «Հայֆիլմ» կինոստուդիան: Չեմ ուզում անդրադառնալ, թե «Հայֆիլմը» քանդվեց, ավանդույթները գնացին... Հիմա նոր, երիտասարդ սերունդ կա, որն ուզում է, ստեղծել նորը, թող լինի նոր կինոստուդիա` նոր մտածելակերպով, համաշխարհային մասշտաբի մտածելակերպով: Բոլոր թատրոններում ունենք տաղանդավոր երիտասարդություն, բայց մի բան կա. նրանք բոլորն իրենց յուղի մեջ են տապակվում: Կուզենայի, որ դուրս գային ասպարեզ, նրանց տեսնեին ու ճանաչեին: Այ, երբ նորից ստեղծվի մի ուրիշ կինոստուդիա, համոզված եմ, աշխարհի տարբեր ծայրերից հայերը կգան ֆիլմեր կնկարահանեն: Ռուսաստանից  Ռոման Բալայանը ֆիլմ կնկարի անպայման, Շահնազարովն էլ կգա... Համագործակցություն կլինի համաշխարհային ստուդիաների հետ, Հոլիվուդի հետ: Մենք ունենք դերասաններ, որ Հոլիվուդը կերազի ունենալ, բայց մերոնք, դժբախտաբար, լեզու չգիտեն: Մեր երիտասարդներին մի քիչ ստիմուլ է պետք, որ ոգեւորվեն: Մենք այդ տարիքում գնում էինք հյուրախաղերի` Թբիլիսի, Մոսկվա, Ռոստով, Բաքու, ու մեզ ճանաչում էին:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА