ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԼԼԱԴ ԱՆՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

29.11.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱԼԼԱԴ ԱՆՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք արդեն առիթ ունեցել էինք ԱԺ ամենաերիտասարդ խմբակցությանը` «Ելքին», բնորոշել որպես «թանգարանային նմուշ»` ելնելով այն հանգամանքից, որ նրանք միակողմանի արեւմտամոլ են եւ կամա, թե ակամա հրահրում են հակամարտություն, ինչը 21-րդ դարի ոգուն հարիր չէ: Ուշագրավ է, որ ՌԴ կառավարող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» պատվիրակության ղեկավար Սերգեյ Ժելեզնյակը նույնպես այդ կարծիքին է. «Ես կարծում եմ, որ 21-րդ դարում չպետք է գոյություն ունենան այնպիսի ուժեր, որոնք իրենց գործունեության արդյունքում կարող են հակամարտություններ ստեղծել, որովհետեւ դրանք գլոբալ հակամարտություններ դառնալու հատկություն ունեն»:  
«ԵՎՐԱԼԱՎԱՏԵՍՆԵՐԻ» ԳՆԱՑՔԻՑ ՈՒՇԱՑԱԾՆԵՐԸ
Ճիշտ է, ռուս պատգամավորն իր տեսակետն այդպիսի ուժերի վերաբերյալ ասել է արտաքին քաղաքականության ենթատեքստով, սակայն դա միանգամայն հարիր է եւ ներքաղաքական ուժերի պարագայում: Բայց, այնուամենայնիվ, դիտարկենք, թե ինչու «Ելքը» որդեգրեց առնվազն ապակառուցողական գաղափարը` քարոզել ԵԱՏՄ կազմից դուրս գալը: 
Ե՛վ «Ելքը», ե՛ւ այն կազմող կուսակցությունները, ինչպես մինչեւ ԱԺ ընտրությունները, այնպես էլ ընտրարշավի ժամանակ հանդես էին գալիս որպես Եվրոպայի ջատագովներ: Կամ եթե օգտագործենք եվրոպական եզրույթ` որպես «եվրալավատեսներ»: Իսկ նոյեմբերի 24-ին, պատկերավոր ասած, նրանք «եվրալավատեսների» դրոշակակրի դերը կորցրին` այն ակամա զիջելով «եւ-եւ» քաղաքականություն վարող ՀՀԿ-ին: Ու դա հանգեցրեց այն երեւույթին, ինչը հոգեբանները կոչում են ֆրուստրացիա: Դրա վառ վկայությունն է թեկուզեւ այն պատգամավորական հարցումը, որը Նիկոլ Փաշինյանը հղել է ՀՔԾ-ին: «Ելք» խմբակցության ղեկավարը մասնավորապես գրում է իր ֆեյսբուքյան էջում. «Հարցը հետեւյալն էր. իրավական ի՞նչ հիմնավորմամբ է ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները»: Իսկ ավարտն արդեն լրիվ տղայական է. «Ուստի, պարոնայք ՀՔԾ քննիչներ եւ ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյան, հարցին չեք կարողանում պատասխանել, ուրեմն արագ սենյակներից հանեք Սերժ Սարգսյանի նկարները: Ստուգելու եմ»: Այսինքն` մարդիկ, չիմանալով էլ ինչ անեն քաղաքական դաշտում, անցնում են նաեւ այդպիսի հիմարությունների: 
«Ելքի» նախաձեռնությամբ անցկացված լսումներն էլ ԱԺ-ում, ըստ էության, դուրս էին այդ դաշինքի սցենարից, քանզի նրանց ակնկալածն էր, որ ստորագրումը տապալվի, եւ իրենք` որպես եվրաարժեքների դրոշի կրողներ, դատափետեն «առաջընթացն արգելափակող» Ռուսաստանին եւ հանդես գան, այսպես ասած, «ապագաղութացնողների» գեղեցիկ հանդերձներով: Բայց եղավ այն, ինչ եղավ, «եւ-եւ»-ի տարբերակին դրաման են վերաբերվում ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Բրյուսելում, եւ արդյունքում «ելքիչներին» բաժին հասավ միակողմանի, ապակառուցողական, անտրամաբանական քննադատողի դերը: 
ԱԺ ընտրություններում նույն «Ելքը» քվեներ վաստակեց` հենց «եվրալավատեսության» դրոշով, միաժամանակ նաեւ առանձնապես չշեշտելով ԵԱՏՄ-ին դեմ լինելու հանգամանքը: Պարզ է, որ հանրությունում կա հատված, հատկապես երիտասարդների շրջանում, որը կողմնակից է եվրոպական ճանապարհին, ու հիմնականում հենց այդ մարդիկ էլ քվեարկեցին «Ելքի» օգտին: Սակայն այդ մարդկանց մեծամասնությունը ամենեւին էլ կողմ չէ` հրաժարվելու ԵԱՏՄ-ից եւ ռուսների հետ առճակատում ստեղծելու: Ուստի, այդ ուղին «Ելքին» կհանգեցնի վարկանիշի շատ էական կորստի, եւ արդյունքում բավականին հստակ կուրվագծվի լուսանցքում հայտնվելու անհրապույր հեռանկարը: 
ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ՍՏԵՂԾՈՂ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՆԵՐԸ»
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը ուղղակիորեն փաստեց, որ երբեւէ Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինից կես բառ անգամ չի լսել ԵՄ-ի հետ համագործակցելու ՀՀ ցանկության դեմ: ՌԴ իշխող կուսակցության պատվիրակության ղեկավար Սերգեյ Ժելեզնյակը Երեւանում նույնպես հաստատեց, որ Մոսկվան դրական է վերաբերվում այդ տարբերակին, ու այդ վերաբերմունքը Ռուսաստանի պաշտոնական տեսակետն է: «Ռուսաստանը միշտ առավելագույն համագործակցության կողմնակիցն է ու կողմնակից է այն ներուժի օգտագործմանը, որն ունի ցանկացած սուվերեն պետություն: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները, որ օգտագործի զարգացման ներուժը եւ այն կողմում, որը կապված է ՌԴ-ի հետ, եւ այն կողմում, որը կապված է ԵՄ-ի հետ»,- նշեց նա: Ռուս պատգամավորը նաեւ նույն այդ դիրքերից անդրադարձավ եւ Գարեգին Նժդեհի հասցեին հնչած վայրահաչոցներին. «Մի բան է, երբ դա մասնավոր կարծիք է, մեկ այլ բան է, երբ դա ասում է պետական գործիչը: Ես խորհուրդ կտամ հիմք ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի հայտարարությունները, ՌԴ ԱԳՆ-ի տեսակետը, ՌԴ կառավարության տեսակետը ու ընդհանրապես, ՌԴ պետական մարմինների հայտարարությունները, որոնք կարող են ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական տեսակետը»: 
Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսին ռուս լրագրողները պատռել էին Վերոնիկա Կրաշեննիկովայի դիմակը` ապացուցելով, որ նա իր իսկ երկրի շահերի դեմ գործող 6-րդ շարասյան ներկայացուցիչ է: Այսինքն` կարելի է վստահաբար ասել, որ «Զվեզդայի» հեռուստաեթերում հնչածը գլխանց ծրագրված էր` հայերի վրդովմունքն առաջացնելու եւ հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակով: Այս «պասը» վերցնողներ անմիջապես եղան սորոսական սնուցում ունեցող լրատվամիջոցներում, ինչպես նաեւ որոշ քաղաքական փորձագետներ, ակամա նաեւ` «Ելքը»: Ու քանի որ, հաշվի առնելով ՌԴ-ում լրատվական դաշտի նկատմամբ ավելի խիստ պետական վերահսկողության պայմաններում օպերատիվորեն նոր հակահայկական «արտադրանք» գեներացնելու դժվարությունը, հենց մեր տեղական սորոսական քարոզիչները չզլացան հաչացնելու Բաքվի շահերը սպասարկող տխրահռչակ Մարկովին: Դե, իսկ որոշակի դադարից հետո այդ անմաքուր եւ հրահրիչ քաղաքական վոլեյբոլի էստաֆետն ընդունեցին իսլամ ընդունած Մաքսիմ Շեւչենկոն եւ 1988-ին արցախյան շարժման նվիրյալների վրա մատնագրեր գրող Սերգեյ Կուրղինյանը, ով ցինիկաբար առաջարկեց Հայաստանին ընտրություն կատարել, թե ո՞ւմ կողմից են գերադասում մորթվել` թուրքերի՞, թե` պարսիկների: 
Պարզ է, որ ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմերում այդ նույն «վոլեյբոլիստներին» ղեկավարում են նույն գլոբալիստական կենտրոնից, որի նպատակն է ամեն կերպ սրել եւ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, «ե՛ւ-ե՛ւ» սխեման փոխարինել արատավոր «կա՛մ-կա՛մ» սխեմայով, ու դրանով ավելի խոցելի դարձնել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը: 
Հարկ է նշել նաեւ, որ հանրային տհաճ արձագանք ստեղծող են եւ այնպիսի նախարարները, ինչպիսիք են Դավիթ Հարությունյանն ու Լեւոն Ալթունյանը: Առաջինը հետեւողականորեն զբաղվում է ընտանիքի հիմքեր խարխլող Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով, որը մերժված է Բաղրամյան 26-ի կողմից, իսկ երկրորդն իրեն պահում է այնպես, որ նրա լավագույն բնութագրումն է ռուսական «վրեմենշչիկ» բառը (ագահաբար ժամանակավորապես շահ փախցնող): Նշենք միայն, թե ինչ գումար է կազմում այն գրանտային ծրագիրը, որը նախատեսված է հույժ կասկածելի, հանրության ու փորձագետների վրդովմունքը հարուցած եւ անպտղությամբ սպառնացող «Գարդասիլ» պատվաստանյութի համար: Բոլորին «գարդասիլլելու» ծրագրի համար ստացվել է 178 հազար դոլար, այն էլ` ԳԱՎԻ կոչվող հաստատությունից, որի հիմնական գործառույթն է ամենահետամնաց աֆրիկյան երկրներում պատվաստումներ կազմակերպելը: 
Ինչեւէ, միգուցե, 2018-ի սահմանադրական անցման ժամանակ կհաջողվի՞ սանձել մեր սեփական 6-րդ շարասյուներին: 

ՍԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА