ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատվիրված բեմադրություն` հանուն ընտանեկան բռնության մասին օրինագծի

28.11.2017 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Պատվիրված բեմադրություն` հանուն ընտանեկան բռնության մասին օրինագծի

Վերջին շրջանում հայկական ավանդական ընտանիքի մոդելը հաճախ է դրվում զոհասեղանին` դրսից բերված տարբեր օրենքներով` մեկ Գենդերային հավասարության, մեկ Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծերով փորձում են խարխլել հայկական ընտանիք ասվածը: Երբեմն այդ ամենն արդարացնում են շատ անձնական ու անհատական պատմություններով ու ընդհանրացնում, թե մարզերում, գյուղերում դրանք մեծամասնություն են կազմում: Նույնիսկ պարզվում է` այդ թեմայով կան պատվիրված բեմադրություններ: Երեկ Մատենադարանում ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՄԹ եւ ԱՄՆ դեսպանությունները ՀՀ Կառավարության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ հանդես եկան հայտարարությամբ` կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության վերացման խոսքով, ու, կարծես թե, Զոռոյի հայտնի հերոսի կերպարով` Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը թեւների տակ դրած եկել էին փրկելու ամուսինների, հայրերի ու հասարակության կողմից իբրեւ ճնշված ու բռնության ենթարկված հայ կանանց: Իսկ խոսք ու զրույցին հաջորդեց «Ես կին եմ» թատերական բեմադրությունը` ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կողմից: 
Թե ինչու է վերջին շրջանում Մատենադարանը շեղվել իր բուն առաքելությունից ու շահագրգիռ կողմ դարձել այս օրենքին, որի վերաբերյալ բոլոր քննարկումներն ու միջոցառումները կայանում են բոլորիս համար կարեւոր ու սուրբ հաստատությունում, դեռ կպարզենք, համենայնդեպս, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը վայրի ընտրությունը բացատրեց այսպես. «Քանի որ այսօր, այս վայրում քննարկվում էր կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը, նպատակը մեկն էր` ովքեր զբաղվում են այդ օրենքով, ծանոթացնել այն ամենի հետ, ինչը կատարվում է մեր միջավայրում»:

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ. «ՀԺ»

«ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ Է»

Ի դեպ, Ս. Շահվերդյանն «Իրավունքի» հետ զրույցում պատմեց նաեւ ներկայացման ծագման ու պատվիրատուների մասին: Թեպետ սկզբում շեշտեց, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը անհրաժեշտություն է, բայց վերջում եկավ այն եզրակացության, որ հայրական ապտակն ամենալավ դաստիարակչական միջոցն է, ու ինքն էլ է իր հոր կողմից ժամանակին ստացել այդ ապտակից:
- Ներկայացումն ունի 3 տարվա պատմություն: Կա գենդերային ճնշումների հետ կապված ծրագիր, որը նպատակ է հետապնդում այս ներկայացումը խաղալ մարզերում, եւ ավարտին հանդիսատեսի հետ ունենում ենք քննարկում: Գաղտնիք չէ, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ընտանիքներում բռնություն կա, հատկապես մարզերում, որտեղ կանայք իրազեկված չեն, որ կա հեռախոսահամար, որով կարող են գաղտնի դիմել իրենց մտահոգության մասին: Մեծամասամբ կանայք վախենում են այդ ամենն իրենց տանից դուրս հանել: Սրանք կյանքից վերցված պատմություններ են, որի համար բոլորս պատասխանատու ենք:
- Այսինքն` ներկայացումը ինչ-որ ծրագրի շրջանակներում պատվիրվա՞ծ է:
- Այո, սա պատվեր էր. բեմադրել ներկայացում գենդերային ճնշումների վերաբերյալ: Տեքստը գրվել է դերասանուհիներից մեկի` Անի Գեւորգյանի կողմից, իրական պատմություններ են` Խաչատուր Գասպարյանի արխիվից, որը մենք բարձրացնում ենք բեմ:
- Սուրեն, դատելով ներկայացումից, կո՞ղմ եք Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծին: 
- Կարծում եմ` այդ օրենքի անհրաժեշտությունը կա, ընդհանրապես մենք մեր դաստիարակության մեջ խնդիրներ ունենք: Ներկայացումից հետո քննարկումների շրջանակում բազմաթիվ կանացից լսել եմ` է, որ ծեծում է,  ուրեմն` սիրում է... Շատ կանայք դեմ չեն, որ իրենց ծեծում են: Այստեղ երկրորդ խնդիրը կարող եմ բարձրաձայնել` շատ ընտանիքներ էլ կան, որտեղ ամուսինն է ճնշումների ենթարկվում. այս մեկը գուցե ավելի շատ է, քան հակառակը:
- Օրինակ, Ձեր ընտանիքում ընտանեկան բռնություն եղե՞լ է, կամ կա՞:
- Չկա այդպիսի ընտանիք, որտեղ չի լինում բռնություն: Այո, իմ ընտանիքում էլ եղել է. ե՛ւ իմ ծնողների մոտ եմ տեսել, որ մեկը մյուսին ոչ թե ճնշել, այլ կոնֆլիկտ է եղել ինչ-որ հարցի շուրջ: Դա արդեն ճնշում է եւ ազատության սահմանափակում: Այսօր իմ ընտանիքում էլ կա` ես լուրջ տարաձայնություններ ունեմ իմ զավակների հետ, նույնիսկ չգիտեմ ով է սխալ, ով` ճիշտ: Աշխարհի երեսին ընտանիք եւ հասարակություն չկա, որտեղ գենդերային անհավասարության եւ ճնշման խնդիր չի լինում, կարեւորը` սեր լինի այդ ամենի մեջ, սերը կհաղթի: Օրինակ` ես ցանկանում եմ այսօր երեկոյան գնալ ներկայացման, իմ ընտանիքի մյուս անդամները, որոնք կախված են իմ որոշումներից, ցանկանում են միասին լինենք` ուզում են երեկոյան գնալ այգի, արդեն խնդիր է` ո՞ւմ ասածը պիտի լինի: Իսկ ֆիզիկական բռնություններին կտրականապես դեմ եմ, այն իրականացնել չի կարելի ոչ մի դեպքում` ո՛չ դպրոցում, ո՛չ ընտանիքում, ո՛չ էլ փողոցում:
- Ասացիք, որ զավակների հետ ունենում եք տարաձայնություն, իսկ գիտե՞ք, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքն ընդունելուց հետո` էլ իրավունք չեք ունենա նրանց վրա բարկանալ:
- Միացյալ Նահանգների օրինակը ծայրահեղություն է, որ եթե հայրը կամ մայրը բարկանան, բղավեն կամ ձեռք բարձրացնեն, երեխան կարող է ոստիկանություն զանգահարել: Եվ ոստիկանը միանգամից գալիս է ու պատժում ծնողներին, ընդհուպ կարող են զրկել ծնողներին ծնողական իրավունքից: Կարծում եմ` 1-2 հայրական տեղին ապտակը դաստիարակչական է: Ես իմ հայրիկի կողմից ապտակ ստացել եմ, կարծում եմ`  իմ պապիկի կողմից էլ իմ հայրիկն է ապտակ ստացել, որը եղել է շատ խորը սթափեցնող ու դաստիարակող ու մյուս անգամ մտածելու առիթ է տվել, ինչ անել որպեսզի չհասնել դրան: Այնուամենայնիվ, մեր ծնողներն ավելի շատ են ապրել ու ավելի շատ բան գիտեն ու տեսել են: Եթե օրենքում կան նման դրույթներ, ապա սխալ է, տեղին հայրական ապտակը անհրաժեշտություն է:

Մայր Աթոռի տեսակետը` ընտանեկան բռնության օրենքի մասին

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՈԳԵԲԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԻԶՆԵՍ

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ իր պրակտիկայի ընթացքում իրեն դիմած կանանց պատմության հիման վրա բեմադրած ներկայացումն իր համար շահավետ է այն առումով, որ ներկայացման ավարտին տեղի ունեցած քննարկումներից հետո իրեն դիմել են որպես հոգեբան. «Իրական դեպքերի վրա հիմնված ներկայացում է, բայց բոլոր դրվագները իրականությունից վերցված դեպքեր են: Մենք ուզեցինք 3 ճակատագրի մեջ վերցնել ավելի խտացված եւ շեշտված իրականություններ` մեկը կապված կախյալության հիվանդության հետ` խաղամոլություն եւ նարկոմանիա, մյուսը դեպքը կապված էր սեռական չարաշահումների հետ, որ լինում է ե՛ւ ընտանիքում, ե՛ւ հասարակության մեջ, եւ 3-րդ դեպքը` հուզական չարաշահումն էր, որը ընտանիքում, որտեղ մայրիշխանություն է, կարող է հաճախ տեղ գտնել: Ես հիմա ընդհանուր եմ խոսում, որովհետեւ յուրաքանչյուր դեպք ունի իր յուրահատկությունները: Այս ներկայացումը գրեթե բոլոր մարզերում խաղացել են, նույնիսկ դեպք է եղել, որ ներկայացումից հետո ինձ դիմել են որպես հոգեբան»:
Ի դեպ, Խ. Գասպարյանի կարծիքով` ընտանիքը շատ հին կատեգորիա է, ու պետք է ժամանակ առ ժամանակ վերանայվեն այդ ավանդական եւ կաղապարային կատեգորիաները: Եթե ավանդական ընտանիքը հոգեբանի համար կաղապարային է ու հին, թերեւս այստեղ այլեւս խոսքերն ավելորդ են:

Ներկայացման սցենարիստ եւ դերասանուհի Անի Գեւորգյանից հետաքրքվեցինք, թե մարմնավորելով բռնության ենթարկված կնոջ` ինքն իր ընտանիքում ենթարկվե՞լ է բռնության, վերջինս միանգամից պատասխանեց. «Իհարկե` ոչ»: Դերասանուհի-սցենարիստը, որի հերոսուհին ապտակ է ստանում հորից այն բանի համար, որ կարմիր վարդը մազերի մեջ դրած դուրս է եկել փողոց, չի կիսում ներկայացման ռեժիսորի այն կարծիքը, թե հայրական ապտակը անհրաժեշտ է: 

Դերասանուհիներից Ժաննա Հովակիմյանի համար ծիծաղելի էր մեր հնչեցրած այն հարցը, թե` ձեր ընտանիքում բռնության ենթարկվե՞լ եք. «Դա ամենածիծաղելի հարցերից է, նայած, թե բռնություն ասվածն ինչ է նշանակում, եթե ծնողներս խիստ հայացքով իմ մանկության տարիներին նայել են ինձ, չգիտեմ` դա բռնություն համարվո՞ւմ է, թե` ոչ, կամ` դա դաստիարակություն է, թե` ոչ: Իմ աղջկան էլ երբեմն այդպիսի հայացքով նայում եմ: Իսկ մեր մարմնավորած կերպարների դեպքերը մի փոքր այլ են, այս դեպքում ակտիվ պիտի լինի հասարակությունը` կլինի ծնող, հարեւան, որը կարող է տալ արդար լուծում, եւ հետո` չպիտի թողնես, որ բանը հասնի դրան»,- կարծիք հայտնեց դերասանուհին: Իսկ երբ ասացինք, որ նոր օրենքով, երեխան կարող է ենթադրել, որ այդպիսի հայացքով նայելով իրեն` հոգեբանական բռնության եք ենթարկում ու կարող է զանգահարել ոստիկանություն, դերասանուհին ծիծաղելով ասաց. «Ուրեմն` վաղուց իմ ծնողները պիտի ձերբակալված լինեին»,- ապա լրջացավ ու շեշտեց. «Բավականին բարդ է, կարծում եմ` մեր կուլտուրայի մեջ չկա դա, անկախ նրանից` օրենքը կլինի, թե` ոչ, շատ երկար ժամանակ է պետք, որպեսզի կարողանաս նախ ընկալել դա ինչ է, հետո նոր հաջորդ քայլը անես, որ երեխան չզանգի ոստիկանություն: Գուցե մենք շատ ուղիղ իմաստով ենք հասկանում այդ օրենքը, բայց  այդ օրենքը գուցե կգործի այն դեպքերում, երբ իսկապես անհրաժեշտությունը լինի: Թե Հայաստանում ինչպե՞ս կգործի, ու յուրաքանչյուր ընտանիք ինչպե՞ս կընկալի` ժամանակը ցույց կտա»,- ասաց դերասանուհին ու հույս հայտնեց. «Պետք չէ վախենալ, որ մենք վաղը հայտնվելու ենք ճաղերի հետեւում»:

«Ինձ հայր են կոչում, բայց եթե ձեռք տաս երեխաներիս, ես կդառնամ առյուծ»

Հոր կողմից բռնաբարված ու ճակատագրով անբարոյական կին դարձած հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Մարիաննա Եղիազարյանը կարծում է, որ իր հերոսուհին կրթության պակասից ու անտեղյակությունից է զոհ գնացել. «Կրթության խնդիր կա շրջաններում, հասարակության փակ դռները, ամեն ինչը նրան հեշտությամբ դրդել են անբարոյական լինել` իմ հերոսուհու արդարացումները շատ էին»: Դերասանուհին, անդրադառնալով Ընտանեկան բռնության մասին օրինագծի համաձայն ապաստարաններ ստեղծելուն, անկեղծացավ. «Հայաստանի տուն-ինտերնատները ավելի սարսափելի են, երեխային վերցնել ծնողական խնամքից եւ տանել այնտեղ... »: Այստեղ հարց է առաջանում` իսկ որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծով նախատեսված ապաստարաններն էլ ավելի սարսափելի չեն լինելու, սակայն դրա պատասխանը այդպես էլ չգտանք:  

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА