ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ»

28.11.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ»

Ո՛չ, հանկարծ չկարծեք, որ Ազգային ժողովում «թանգարանային նմուշ» են հնաբնակ, կամ տարիքով ավագ պատգամավորները: Ոչ էլ անգամ առավել քան մեկ դարի կենսագրություն ունեցող ՀՅԴ-ն: Ինչքան էլ պարադոքսալ լինի, «թանգարանային նմուշի» պես իրեն դրսեւորում է ԱԺ ամենաերիտասարդ խմբակցությունը` «Ելքը»: Այն խմբակցությունը, որը երկուշաբթի հրավիրել էր խորհրդարանական լսումներ` ԵԱՏՄ-ից դուրս գալու սեփական օրենսդրական նախաձեռնության շուրջ: 
ԱՆԻՄԱՍՏ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԳԵՐԻՆԵՐԸ
«Ելքը» թերեւս ուներ երկու սցենար: Եթե ինչ-ինչ պատճառներով Բրյուսելում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հետաձգվեր, կամ առավել եւս, տապալվեր, ապա բարձրացնել մեծագույն աղմուկ` իբր սարսափելի Ռուսաստանը ճնշել է եւ չի թողել: Իսկ ստորագրման դեպքում, ոգեւորվելով եւ թեւավորվելով համաձայնագրի ստորագրման փաստով, ճամարտակել, թե ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը մեզ ահավոր խանգարում են ընթանալ  եվրաինտեգրման լուսավոր ճանապարհով: 
Բայց ի՞նչ են նրանք հասկանում` եվրաինտեգրում կամ «եվրոպական արժեքներ» ասելով: Եթե փոքր-ինչ գնանք հետ, ապա կհայտնաբերենք, որ ե՛ւ այն ծրագրահենքը, որով ձեւավորվել է «Լուսավոր Հայաստանը», ե՛ւ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը եվրոպական արժեքները նկարագրում են գրեթե նույն ձեւով, ինչ 1980-ականների խորհրդային դիսիդենտները, ովքեր Արեւմուտքին նայում էին վարդագույն ակնոցով: Այսինքն` հենց գլխանց այդ երիտասարդ քաղաքական ուժը որդեգրել է Արեւմուտքի մասին պատկերացումներ, որոնք առնվազն 30, եթե ոչ 40 տարով հետ են ընկել իրական կյանքից: 
Կյանքից հետ ընկնելու հանգամանքը մատնանշեց եւ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով ներկայացրեց այն դիտարկումը, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հարթակում միայն Թերեզա Մեյն էր բացասական ենթատեքստով հիշատակել ՌԴ-ն` ի տարբերություն «ելքիչների» կազմակերպած լսումների, ուր ե՛ւ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները, ե՛ւ նրանց հրավիրած սաքունցները իրենց պարտքն են համարում Ռուսաստանին ու ԵԱՏՄ-ին մեղադրել բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերում: Աշոտյանը նաեւ ժխտեց ինքնիշխանության կորստի մասին պնդումները. «Ակնհայտ է, որ, օրինակ, ԵՄ անդամ երկրները Բրյուսելին շատ ավելի մեծ ինքնիշխան իրավունքներ են փոխանցել, քան ԵՏՄ երկրները»: 
Առճակատման մոտեցումների, վերջնագրերի, թշնամություն որոնելու ժամանակավրեպ լինելու մասին խոսվել է եւ Բաղրամյան 26-ում, ուր նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» պատվիրակությանը: Բացի միջկուսակցական արդյունավետ շփումներից, անդրադարձ եղավ նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ռուսաստանի կառավարող կուսակցության պատվիրակության ղեկավար Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն եւ կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի հանրապետությունը: Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների եւ համագործակցության զարգացման «ե՛ւ, ե՛ւ»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները:
Եվ այսպես, «ելքականների» միակողմանի մոտեցումները ժամանակավրեպ եւ ոչ ճիշտ համարում են ե՛ւ ռուսները (առնվազն պետության եւ իշխող կուսակցության պաշտոնական տեսակետի մակարդակով), ե՛ւ եվրոպացիները (առնվազն Արեւելյան գործընկերության պաշտոնական հռետորաբանության մակարդակով), ե՛ւ Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական դաշտը: 
Իրոք, որ ցավալի է, բայց փաստ` իր վարքագծով եւ, մեղմ ասած, միայն վնաս բերող մոտեցումներով խորհրդարանական ամենաերիտասարդ ուժը` «Ելք» դաշինքը, որն, ի դեպ, ոչ մի կերպ այդպես էլ չդարձավ միասնական կուսակցություն, մնացել է 20-րդ դարում: Այսինքն` «քաղաքական թանգարանում»: Թերեւս, անգամ հայ կոմունիստներն ավելի ժամանակակից են, քան առաջադիմությունից ճամարտակող այդ ուժը: 
ԽԱՂՔ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքների մեկնարկի սկզբից եւեթ «Ելքը» ԱԺ լիագումար նիստերն ու հանձնաժողովները փորձում էր օգտագործել ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ՀԱՊԿ-ն վատաբանելու համար, սակայն որպես խորհրդարանական ուժ մնացել էր միայնակ: Ե՛վ իշխող կոալիցիան, ե՛ւ ընդդիմադիր Ծառուկյան դաշինքը մերժել էին այդ մոտեցումները: 
Սակայն դա դաս չեղավ «Ելքի» համար, ու նրանք նախաձեռնեցին այն օդի տատանումները, որ հանդիսավոր կերպով կոչեցին խորհրդարանական լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Իսկ այդտեղ արդեն խայտառակ եղան բառիս բուն իմաստով: Ե՛վ խորհրդարանական բոլոր ուժերը, այդ թվում եւ` այլ կուսակցությունները ներկայացնող ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով Հարությունյանը, ե՛ւ գիտական տիտղոսներով օժտված տնտեսագետներն ու քաղաքագետները, ամենատարբեր հարցերով փորձագետները, հասարակական կազմակերպությունները դեմ արտահայտվեցին` շարադրելով բազում համոզիչ փաստարկներ, ինչպես նաեւ ի ցույց հանելով «Ելքի» մոտեցումների վնասակարությունը` ազգային պետական շահի տեսանկյունից: Իսկ «Ելքի» դիրքորոշումը պաշտպանեցին միայն սեփական կուսակցությունների անդամները, գումարած գրանտակերների ամենավատահամբավ հատվածը, այնպիսինները, ովքեր ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք այլ պետությունների օրենսդրությամբ այդ երկրներում կստանային օտարերկրյա գործակալի կարգավիճակ: Զորօրինակ, ջերմ պաշտպաններից մեկը, կներեք հիշատակման համար, Սաքունցն էր, իսկ Դանիել Իոաննիսյանի պես մեկին եզրափակիչ ելույթի հնարավորություն նախատեսելը վատ է բնութագրում հենց լսումների նախաձեռնողին` «Ելքին»: Չէ՞ որ այդ երիտասարդից վատ հոտ ունեցող սկանդալներն անպակաս են, եւ նա մեր էպոսից եկող դասական «Հորդ հերականն ասա, մորդ մերականն ասա» հարցադրմանը (որով մեր նախնիք ապրել են հազարամյակներ շարունակ, եւ որն արդիական է նաեւ այսօր), փորձում է պատասխանել` քրեաիրավական գործընթացներ հարուցելով...
Կարճ ասած, «Ելքը», որի պատգամավորները մինչ այդ հասցրել էին նաեւ հանդես գալ պացիֆիստական, հակաբանակային, հակաավանդապաշտական դիրքորոշումներով, հիմա էլ ցույց տվեց, որ իրեն աջակցողները ամենաօդիոզ շպիոնօնիկներն են եւ ուրիշ ոչ ոք: Իսկ որ, օրինակ, նրանց առաջարկածը որեւէ կապ չունի եւ իրենց գովաբանած եվրաինտեգրման հետ, պարզ ցույց տվեց եւ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, մատնանշելով, որ, եթե ԵԱՏՄ-ից շոշափելի արդյունքներ որեւէ ոլորտում դեռ չենք ստացել, դրա մեղավորը ոչ թե ԵԱՏՄ-ն է, այլ մենք, որ չենք օգտվել այդ կառույցի ինտեգրացիոն ներուժից: 
Հա, ավելորդ չէ նշել եւ ԱԺ-ի հնաբնակներից ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի` երիտասարդ «թանգարանային նմուշ» «ելքիստներին» ուղղված հանդիմանանքը, որ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձը ցույց տվեց` եթե հույսը դնում ես միայն Արեւմուտքի վրա, ապա ունենում ես տարածքային կորուստներ: 
Բայց արդյո՞ք «ելքիստները» գոնե մազաչափ սթափվել են, արդյո՞ք գիտակցում են, թե ինչպես են սեփական ձեռքով ոչնչացրել սեփական վարկանիշը: Թե՞ շարունակելու են նույն, դեպի ձախորդություն (կամ արեւմտյան տերմինաբանությամբ ասած` «լուզերություն») տանող ուղեգիծը` կամա թե ակամա հաստատելով այն կասկածները, որ իրենք ոչ թե ինքնուրույն, այլ կամակատար քաղաքական ուժ են: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Ժամանակն է, որ Լատվիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը». Շարմազանով

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА