ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ քննադատում ես դիմացինին մտածիր` դո՞ւ ինչ ես արել քո երկրի համար»

24.11.2017 21:45 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Երբ քննադատում ես դիմացինին մտածիր` դո՞ւ ինչ ես արել քո երկրի համար»

Վերջերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ օպերային երգչուհի ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգային երեկոն: Ողջ երեկոյի ընթացքում հանդիսատեսը ոչ թե մանսուրյանական կատարումներն էր վայելում, այլ նրա` Սիդնեյի Կոնսերվատորիայի օտարազգի սաների անթերի հայերենով կատարումները` Կոմիտասից մինչեւ Մանսուրյան ու Տիգրանյան:
Այսինքն` տիկին Մանսուրյանը նրանց ոչ միայն երգել, այլ նաեւ հայերեն է սովորեցրել: «Իրավունքի» հետ զրույցում տիկին Մանսուրյանը պատմեց, որ թեպետ չինացուն, կորեացուն անթերի հայերեն երգել սովորեցնելն իր համար բարդ ու ժամանակատար աշխատանք է եղել, բայց արդյունքներն իրեն գոհացրել են: Այնուամենայնիվ, 23 տարվա դադարից հետո Արաքս Մանսուրյանը կրկին երգեց թեպետ կարճ, սակայն ժամանակին իրեն հարազատ օպերայի եւ բալետի թատրոնի բեմում` սաների մասնակցությամբ: Ասում է` այն իր սաների պահանջն է եղել:
- Հայաստանի օպերային թատրոնի բեմում վերջին անգամ եղել եմ 1993 թվականի մայիսի 13-ին, երգել եմ իմ վերջին «Անուշը»` Օհան Դուրյանի հետ, որը նվիրված էր «Անուշի» դիրիժոր Հակոբ Տեր-Ոսկանյանի հիշատակին, ում հետ երգել եմ գրեթե տասը տարի` 82-92 թվականներին: Իսկ այս անգամվա կատարումս մի քիչ բարդ հարց էր. ինձ անընդհատ ասում էին` այդպես չի լինի, այդ օրը պետք է անպայման մի բան երգեք: Իրականում չէի ուզում, որովհետեւ Կամերային երաժշտության տանը 2 տարի առաջ ունեցած իմ համերգի ժամանակ հայտարարել էի, որ սա իմ վերջին համերգն է` էլ չեմ երգելու: Ճիշտ է, տարիների հետ իմաստնանում ես, գիտելիքներդ ավելանում են, բայց բնությունն իրենն անում է` ձայնիդ մեջ կորցնում ես ինչ-որ որակներ: Իսկ ես երբեք համաձայն չեմ եղել, որ մեծ երգիչներն իրենց այդ տարիքում դուրս են եկել բեմ, ինձ համար դա ագահության նման մի բան է: Խոնարհվում եմ նրանց ու իրենց արվեստի առջեւ, բայց ես չեմ կարող դա անել: Ուզում եմ իմ արվեստը մնա իր բարձրունքում: Հիմա գիտելիքներս փոխանցում եմ իմ սաներին, որոնք այսօր զարդարում են աշխարհի տարբեր բեմերը եւ իրենց ծրագրում ընդգրկել են ու անպայման բոլոր համերգներին կատարում են Կոմիտաս: Մի ինդոնեզացի սան ունեմ, Կոմիտասի «Օրորն» է երգում խաղերով, ինչ գեղեցիկ է երգում... Մի 21-ամյա ֆիլիպին ունեմ, վերջին դասին եկավ, ասաց` մաեստրա, մի խնդրանք ունեմ, ուզում եմ «Կռունկը» երգել, իմ ձայնագրություններն էին լսել, ասացի` վստահ ե՞ս, ասաց, այո, կարծում եմ, կստացվի, իրոք այնպես լավ էր հնչյունները արտաբերում...

Հայկ Կասպարովի յուրահատուկ նվերը՝ հենց իր ծննդյան առթիվ (Պրեմիերա)

«ԴԺՎԱՐ ԷՐ, ԵՐԲ ՉԻՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂԻՍ ԱՌԱՋԱՐԿԵՑԻ ՍԱՐՈՅԻ ԱՐԻԱՆ ԵՐԳԵԼ»

- Տիկին Մանսուրյան, ինչպե՞ս է հաջողվում օտարազգիներին գրեթե անթերի հայերեն սովորեցնել:
- Պիտի ասեմ, որ շատ դժվար է աշխատելը օտարների հետ: Նրանց համար ամենաբարդը «Ը» տառը արտաբերելն է, որովհետեւ այդ հնչյունը չունեն, եւ այնքան երգեր ունենք, որ ամբողջը «Ը» տառով է: Ձայնագրում էին դասը հայերեն եւ տառ առ տառ արտագրում թարգմանությունը, իսկ հայերեն թարգմանել կոմիտասյան երգերը շատ դժվար է: Պատկերացրեք` Նազան դու բարով եկար,
Խոր-խոր ձորերով եկար, 
Կանաչ սարերով եկար... 

Հիմա ասեք` ինչպե՞ս թարգմանեմ անգլերեն, կամ` «Հոյ Նազանը», էլ չեմ ասում Մանսուրյանի գործերը, շատ դժվար է Տերյան թարգմանելը, օրինակ`
Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում, դառնում մահահոտ... 

Ինչպես թարգմանել, որ հասկանան բառի իմաստն ու դնեն իրենց ձայնի գույնի մեջ: Մի խոսքով, այս դետալները հոգիս հանեցին, բայց ամեն անգամ երբ ճիշտ հնչյուն էի լսում, ինձ համար երջանկություն էր, ուրախանում էի` հայերեն են երգում, ապա իրենց ասում էի` ապրեք: Շատ դժվար էր, երբ չինացի ուսանողիս առաջարկեցի Սարոյի արիան, ընտրեցի ձայնագրություններ ու ասացի` լսիր այս տենորներին: Հաջորդ դասին եկավ անտրամադիր, ասաց` մաեստրա, չեմ կարծում, որ կարող եմ այս խաղերը երգել: Իսկապես, հայկական է, չինացին ո՞նց անի այդ խաղերը, մի խոսքով, աշխատեցինք, մի քանի դաս հետո ոգեւորված եկավ` Արաքս, կարող եմ երգել:

«ԱՅՍՏԵՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ ՀԻՎԱՆԴԱՑԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ ԽՄԵՑԻՆ»

- Հայ հանդիսատեսի արձագանքը բուռն էր, իսկ Ձեր ուսանողներն ի՞նչ տպավորություններով հեռացան Հայաստանից:
- Նախ, երբ նրանցից 3-ին ասացի, որ նման համերգ է լինելու ոգեւորվեցին: Ռիհան Սանդերսը Անգլիայում վարպետության դասերի էր, երբ ասացի համերգի մասին, ուրախությունից թռչկոտում էր, որ պիտի գա Հայաստան: Ջորջիա Կոկորիսը նույնպես ասաց` մաեստրա, վստահ ե՞ք, որ ես պիտի գամ, մի անգամ եղել եմ Հայաստանում, գուցե ուրիշին եք ուզում տանել: Ասացի ոչ, ուզում եմ, որ դու գաս: Ջիանգ Հոնգշինը նույնպես երկրորդ անգամ էր գալիս, նա դեռ առաջին այցելությունից հետո անվերջ խոսում էր Հայաստանից:
Իռլանդացի Էնդրյու Դիքսոնը եւ կորեուհի Ջուլիետ Մունը առաջին անգամ էին լինում Հայաստանում: Գնալուց հետո կորեուհին գրեց` շնորհակալ եմ, որ ինձ տարաք Հայաստան, եւ տեսա Ձեր մշակույթը: Ուտելիքների համար խենթացան, ասում էին` այս ի՞նչ համեղ է: Առաջին օրը ինչ ուտում կամ խմում էին, հարցնում էին` օրգանի՞կ է, ասացի` ամեն ինչ մեզ մոտ օրգանիկ է: Եվ բոլորը հիվանդացան, որովհետեւ մաքուր ջուր խմեցին, քանի որ այնտեղ շշերով են խմում ջուրը: Շատ ուրախ էին, մեծ գնահատանք ունեցան իրենց այստեղ բերելու, Երեւանի օպերային թատրոնում երգելու համար: Ամեն մի անկյունում նկարվում էին, որպեսզի տանեն ու ցույց տան իրենց ընկերներին: Մտածում էին` հաջորդը ե՞րբ ենք գալու, արդեն ուզում են նորից գալ: 

Տնաքանդության մասին ՀՀ օրենքն ընդունվեց

Ի՞ՆՉ Է ԽՆԴՐԵԼ Է ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

- Այս անգամ բավականին ժամանակ եղաք Հայաստանում եւ շփվեցիք հայ օպերային արտիստների հետ, ի՞նչ կասեք նրանց մասին, հայկական օպերան ունի՞ ապագա:
- Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում ասացի, թե չեմ կարող խոսել Հայաստանի օպերային երգիչների մասին, որովհետեւ չեմ գնում օպերա` կտրված եմ: Բայց պիտի ասեմ, որ այս վերջին տարիներին առիթ եմ ունեցել լսելու նրանց, հիացած եմ: Այդ ինչ երգիչներ ունենք, սոպրանո Մարինե Դեինյանն այդ ինչպե՞ս է երգում, «Ռեքվիեմին» էի գնացել, մոտեցա, ասաց` վա՜յ, դուք իմ ներշնչանքն եք… Ասացի, որ ձեր նման երգիչներ աշխարհում շատ քիչ կան, չմտածեք, որ Հայաստանում եք, ուրեմն` վերջ: Հայաստանն ամենաբարձրորակ երգիչներն է տվել: Լիպարիտ Ավետիսյանը մի հրաշագեղ, տաղանդավոր տենոր է, Ավստրալիայում էր, երգեց «Տրավիատա»,  հրավիրված էի, որովհետեւ իր հետ երգում էր իմ բարիտոն ուսանողը` Ժերմոնը: Լիպարիտը ինչ անուշ երգիչ է, ուղղակի սիրահարված էի, ասացի` Հայաստանից դուրս չգաս Լիպարիտ, խնդրում եմ, մնա Հայաստանում, ասաց` բայց հաճախ եմ դրսում լինում, ասացի` ոչինչ` տունդ թող Հայաստանում լինի, որովհետեւ ափսոս է կորցնել նման երգիչ: Շատ ունենք տաղանդավոր երգիչներ` Գեւորգ Հակոբյան, Իրինա Զաքյան, Աննա Մայիլյան...

ԴՍՏԵՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

- Տիկին Մանսուրյան, բոլոր հայ կանանց համար առեղծված է Ձեր երիտասարդության գաղտնիքը, ի վերջո, կբացե՞ք այդ գաղտնիքը:
- Գիտեք, երգիչներս հիացած ասում էին` ինչ գեղեցիկ են հայերը: Իսկապես գեղեցիկ են, բայց ուզում եմ, որ այդ գեղեցկությունը մարմնից անցնի հոգու մեջ, այդ գեղեցկությունը եւ սերը կպահպանի մեր երկիրը: Չարությունը ծերացնում է: Վերջերս մի բժիշկ հոգեբանի հետ էի խոսում, ասաց` չար մարդիկ մեղք են, որովհետեւ իրենց չար խոսքն անմիջապես իրենց է հասնում: Օրինակ` Շուշանիս` այս մեծ ու բարի մարդուն, ախր ո՞նց չասեմ, լացս գալիս է, երբ տեսնում եմ ինչ-որ մեկն իր չարությունը սլաքով բերել է երեխայիս կողմը, ախր աններելի է դա: Ցավ ունեմ իրենց համար, ոչ թե Շուշանիս, ուզում եմ ասել, ինչո՞ւ ես այդքան չար, մեղք ես ախր, չե՞ս մտածում, որ այդ չարությունը քեզ ու քո զավակին է գալու: Այ, հենց դա է իմ երիտասարդության գաղտնիքը, որ երբեք չար բաներ չեմ մտածում: Այնքան կուզեի, որ մեր հայ կանայք լեցուն լինեին սիրով` միմյանց հանդեպ: Չէ՞ որ մեր կանայք շատ գեղեցիկ են եւ շատ խելացի: Այո, ամենահեշտ բանը քննադատելն է, երբ քննադատում ես դիմացինին, մտածիր` դո՞ւ ինչ ես արել քո երկրի համար: Հասկանում եմ, դժվար պահեր են լինում, 70 տարի մնալով կոմունիստի ռեժիմի տակ, մեր երկիրը նոր է ոտքի կանգնում: Իհարկե, շատ սխալներ են լինում, բայց այդ սխալները չի կարելի սրել, դարձնել անձնական չարությամբ լեցուն: Երբ Շուշանիս մասին ինչ-որ բաներ են գրում, ասում եմ` Շուշ, ինքը երեւի տխուր մարդ է, երեւի դժբախտ է դրա համար է այդպես չարություն գրել, փոխանակ սիրեն իրար ու պահպանեն իրենց կանացիությունը: 

«ՄԱՇՏՈՑ ԿՈՄԻՏԱՍԸ» ներկայացվեց Վահան Արծրունու մեկնաբանմամբ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА