ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բարեւ ասա բարեւուս»` հայտնի ու անհայտ ավանդական երգերը «Կայթի» մատուցմամբ

14.11.2017 14:30 ՄՇԱԿՈՒՅԹ
«Բարեւ ասա բարեւուս»` հայտնի ու անհայտ ավանդական երգերը «Կայթի» մատուցմամբ

«Կայթ» ավանդական երգ ու պարի խումբը  հայ հանդիսատեսի համար նախապատրաստել է գեղեցիկ անակնկալ` նոյեմբերի 17-ին տեղի կունենա խմբի «Բարեւ ասա բարեւուս» խորագրով համերգը, որի ընթացքում հայ ավանդական երգի գանձարանից կներկայացվի այնպիսի ստեղծագործություններ, որոնք քիչ են հնչել կամ հանդիսատեսին այդքան էլ հայտնի չեն: Համերգի խորագրի բառերը ընտրված է հասանիքի ավանդական երգից, որը գրառել է Կոմիտաս վարդապետը:

ՀԱՄԵՐԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՀՆՉԵՆ ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ

Համերգի մեներգիչ, «Կայթ» ավանդական պարի գեղարվեստական ղեկավար ԿՈՐՅՈՒՆ ԴԱՎԹՅԱՆԻ խոսքով` արդեն 3-4 տարի է, ինչ նվագախմբի խմբավար Տաթեւիկ Շախկուլյանը տարբեր հատորներում գրառված ավանդական երգերից առանձնացնում է այնպիսի երգեր, որոնք որեւէ մեկը չի կատարել. «Առաջիկա համերգին կներկայացնենք այս տարիների ընթացքում  այդ հատորներից դուրս բերված եւ մեր կողմից գործիքավորված երգերը: Կատարվելիք երգերը քիչ են հայտնի, օրինակ կատարելու ենք խնոցու երգ, որը գտել ենք Տարոնի պարմուսա գրքից, անտունիների ժանրին պատկանող Վանի կռունկ երգ, պարերգեր եւ այլն: Հուսանք Երեւանի համերգից հետո, նույն ծրագրով կմեկնենք նաեւ մարզեր»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Դավթյանը:

«ԵՐԳԵՐԸ ԳՈՐԾԻՔԱՎՈՐԵԼԻՍ  «ՉԱՓԸ» ՉԵՆՔ ԱՆՑԵԼ »

Ըստ Կորյուն Դավթյանի, այդքան էլ ոչ հայտնի երգերը հանրահռչակելու գործը շարունակականություն է պահաջում. «Կա մոտ քառասուն հազար գրառված երգեր: Յուրաքանչյուր երգ ունի մի քանի տարբերակներ, կարծում եմ` բոլորն էլ հետաքրքիր են: Այդ գրառված երգերի մի մասը դեռեւս հրատարակված չէ եւ մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած երգչի, ով ցանկություն կհայտնի այդ երգեր կատարելու, որոնք դեռեւս չեն հնչել: Այս հարցում մի քիչ էլ համարձակություն է պետք, եթե կլինեն համարձակներ, որոնք ցանկություն կհայտնեն չկատարված երգերին նոր շունչ տալ` սիրով կաջակցենք:  Իրականում դժվար է  ճանաչում չունեցող երգ կատարել եւ փորձել այն այնպես մատուցել, որ հանդիսատեսն ընկալի ու սիրի,այստեղ լուրջ մոտեցում պետք է լին: Երգչի համար երգը սիրված դարձնելը, կարծում եմ `ամենահաճելի պահերից է: Մեր նվագախումը բաղկացած է ավանդական նվագարաններից եւ դուրս բերված երգերը գործիքավորելիս  «չափը» չենք անցել»:

«ՍԿՍԵԼ ԵՆՔ ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐԵԼ ՄԵՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

Կորյուն Դավթյանը փաստեց, որ ազգային երգ ու պարի նկատամամբ մարդկանց հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է. «Մենք սկսել ենք վերաարժեւորել մեր ավանդական մշակույթը,  այն ինքնուրույն է, կարծես թե պատմության ողջ ընթացքում համարձակություն չենք ունեցել բարձրաձայն ու համարձակ ասելու, որ մենք ինքնուրույն քաղաքակրթություն եւ մշակույթ ունենք: Իսկ հիմա կայուն զարգացում կա: Այժմ շատ երիտասարդներ պարզապես տարված են ազգային մշակույթով: Սա ապագային նայող զարգացում է: Ապագայի համար շատ կարեւոր է, որպեսզի պահպանենք մեր ինքնուրույն մշակույթը եւ դրա հենքի վրա նորը զարգացնենք ու առաջ գնանք: Երբ «Կարին» ավանդական երգ ու պարի խումբը նոր էր  սկսել «Նարեկացի» միությունում պարերի բաց դաս անցկացնել, դասերին քիչ մարդիկ էին գնում: Բայց այսօր արդեն բոլորն են հետաքրքրվում, բոլորն են գնում Կասկադ ու միանում ավանդական պարերի բաց դասին: Կարծում եմ`այդ դասերը մեծ նշանակություն ունեցան պարերի տարածմանը եւ ահռելի զարգացումներ են բերել այս ոլորտին»:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

Կորյուն Դավթյանը նաեւ նկատեց, որ օտարերկրացիները նույնպես հետաքրքված են հայկական մշակույթով, դրա վառ ապացույցը Լիսաբոնում տեղի ունեցած հայկակական ավանդական պարերին նվիրված բաց դասը. «Դասընթացի բոլոր մասնակիցները եղել են արտասահմանցիներ` 40-50 հոգի, որոնք ակտիվ մասնակցում էին եւ հասցրեցին 3-5 պար սովորել: Ուրախալի էր, որ նրանք տեղեկացան  հայկական մշակույթից եւ հայկական ավանդական պարերից: Հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել նաեւ հեռավոր գյուղերում, Արցախում` Բերձորի ազատագրման 18-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նույնպես անցկացրել ենք ազգային պարերի բաց դաս: Այս ձեւաչափը որդեգրել ենք «Կարին» ավանդական երգ ու պարի խմբից, որի մի մասնաճյուղն էլ «Կայթն» է: Ինձ համար սկզբունքային է գնալ ու հեռավոր մարզեր եւ բնակիչներին եւս հասանելի դարձնել մեր մշակույթը: Երգն էլ, պարն էլ ինձ հոգեհարազատ են` զգացմունքային , գաղափարական առումով: Ինձ համար երկուսի տարածումն ու հանրահռչակումը մեծ պատիվ է, ինչը մեծ սիրով եմ անում»:

«Կայթը»  հիմնադրվել է 2014 թվականին` նպատակ ունենալով հանրահռաչել հայկական մշակույթն իր բոլոր ճյուղերով: Հիմնադրամն  գործում է ավանդական երգ ու պարի խումբը  եւ «Կայթ» նվագախումբը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА