ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

20.10.2017 22:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին Ալբանիայում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի պատվրակությունը մրցահարթակ է մեկնել հետեւյալ կազմերով.
Կանայք` 20 տարեկաններ. 75 կգ` Սոնա Պողոսյան, +90 կգ` Արփինե Դալալյան: 
Կանայք` 23 տարեկաններ. 58 կգ` Իզաբելլա Յայլյան, 90 կգ` Տաթեւիկ Հակոբյան: 
Տղամարդիկ` 20 տարեկաններ. 69 կգ` Հրայր Հովհաննիսյան, 85 կգ` Դավիթ Հովհաննիսյան եւ Կարեն Ավագյան, 105 կգ` Սամվել Գասպարյան, +105 կգ` Սիմոն Մարտիրոսյան: 
Տղամարդիկ` 23 տարեկաններ. 77 կգ` Ժորժ Եղիկյան, 85 կգ` Անդրանիկ Կարապետյան, 94 կգ` Կարուշ Ղուկասյան, 105 կգ` Մկրտիչ Մկրտչյան, +105 կգ` Գոռ Մինասյան: 
Հայ մարզիկներից ոմանք արդեն մտել են մրցապայքարի մեջ, ավելին` հասցրել են մեդալներ նվաճել: 58 կգ քաշային կարգում հանդես եկող Իզաբելլա Յայլյանը Մ23 տարիքային խմբում երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել: Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան է բարձրացել նաեւ պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճել է փոքր արծաթե մեդալ: Մ-20 մրցաշարում պոկում վարժության փոքր բրոնզե մեդալի է արժանացել 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը` բարձրացնելով 135 կգ-անոց ծանրաձողը: Սակայն հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 155 կգ, որը 6-րդ արդյունքն էր: Երկամարտում Հովհաննիսյանը 290 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը: Իսկ Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Մ-23 մրցաշարում: 77 կգ քաշային կարգում Եղիկյանը հրում վարժությունում բարձրացրել է 175 կգ եւ գրավել երրորդ տեղը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գրանցել է 140 կգ եւ երկամարտի 315 կգ արդյունքով զբաղեցրել 5-րդ տեղը: 
Մրցումային հաջորդ օրերին մրցապայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի ծանր հրետանիները` Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Նրանց պարագայում, անուշտ, սպասումները միայն ոսկե մեդալների տեսքով են: Եվ հաշվի առնելով, որ շուտով ուժի մեջ կմտնի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի 1 տարվա որակազրկումը, երիտասարդ ծանրորդներն ուժերի առավելագույն չափով պետք է հնարավորինս դաս քաղեն այս մրցաշարից, քանի որ շուրջ մեկ տարի հնարավորություն չեն ունենալու ուժերը փորձել միջազգային մրցաշարերում եւ ստիպված են լինելու բավարարվել միայն ծրագրային մարզումներով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА