ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Աշնանային ուժեղ քամին եթե որոշ տեղերում ծառներ է շուռ տվել եւ տանիքներ քշել, ապա զարմանալիորեն պարզվում է, որ ազդել է ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ վրա: Տիկինը մի հսկայական բողոքագրով դիմել է դատախազություն` ընդդեմ Տարոն Մարգարյանի, Լեւոն Իգիթյանի եւ Կամո Արեյանի` նրանց մեղադրելով աշխարհիս երեսին գոյություն ունեցող հանցանքների մեջ: Բայց ամենազարմանալին այդ երկարաշունչ եւ ահասարսուռ ամբաստանագրի հետեւյալ հատվածն է. «Անհրաժեշտ ենք համարում սույն հաղորդման հիմքով` փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ եւ կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը»: Դե ինչ ասես, եթե դատենք ավագանու նիստերից, ապա քաղաքապետին, փոխքաղաքապետին եւ ավագանու անդամին այդպիսի փորձաքննության ենթարկելուց առաջ թերեւս արժե Զարուհի Փոստանջյանին ուղարկել փորձաքննության, Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետի մոտ»:
Հարգելի ընթերցողներ, ձեզանից որեւէ մեկը հիշո՞ւմ է ծերուկ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եվ անգամ հիշելու դեպքում նրա հետ որեւէ հույսեր կապո՞ւմ է: Ինչքան էլ զարմանալի լինի, ՀԱԿ-ի կադրերից նախկին պատգամավոր ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ոչ միայն հիշում է պապիին, այլեւ նրա հետ մեծ հույսեր կապում. «Ժողովուրդը այս պաուզայից հետո պետք է իր ուժերը հավաքի եւ պետք է հավատա այդ քաղաքական ուժին, առաջնորդին եւ նոր փուլ պիտի սկսի: Ցանկացած ժամանակ լինում է հուսահատության փուլ, դրանից հետո պետք է լինի պայքարի նոր պրոցես: Ես լավատես եմ, հավատացած եմ, որ այդ օրը գալու է, պարզապես պետք է այդ օրը շուտ գա»: Բայց այդ մարդուն խիստ մի դատեք, ախր, 2008-ի մարտի 2-ի լուսաբացին նրան մայրաքաղաքի Շահումյան հրապարակի մոտակայքից բերման են ենթարկել ոստիկանություն` զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով եւ նրա մոտ հայտնաբերել առավել քան կես մետր երկարությամբ մետաղաձող, կամ ժողովրդի լեզվով ասած` արմատուրա: Հետաքրքիր է, ինչն է կարոտել ՀԱԿ այդ ակտիվիստը` այն ժամանակվա իր պատգամավորական կարգավիճա՞կը, մետաղաձողով փողոցներով շրջե՞լը, թե` այս տարվա գարնանը ընտրություններին խայտառակ պարտվելը:
Իսկ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գործը բավականին ծանր է: Զորօրինակ, հանձնաժողովի լսումներին ներկայացվել էր հայտնի հակաընտանեկան օրենքը, որը տեղով եվրոպական բոլոր արժեքների եւ դրանց հիմքերի հիմք սեփականության եւ ընտանիքի անձեռնմխելիության համատարած ոտնահարում է, մաքուր ծայրահեղ ձախ նախագիծ` տրոցկիզմ, որի մասին հիշատակումները գտնում ենք միայն Լենինի պապիի հատորներն ուսումնասիրելիս: Բայց տիկին Զոհրաբյանը նաեւ հարկադրված եղավ հերքել այն զարմանալի պնդումները, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի. «Ստրասբուրգում հանդիպել եմ եվրոպացի իմ գործընկերներին, որոնք զբաղվում են նաեւ այս համաձայնագրով, անձամբ որեւէ պատճառ չեմ տեսնում, որ նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովին այն չստորագրվի: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց ո՛չ եվրոպական, ո՛չ հայկական կողմից որեւէ մեսիջի չեմ տիրապետում, որ ենթադրեի, թե համաձայնագրի ստորագրումը վտանգված է»: 
Իսկ ՀՀ քաղաքացիներին քաջածանոթ եւ արժանիորեն վստահություն վաստակած ռուս փորձագետ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆՆ էլ հարկադրված է եղել հերքել մեկ այլ անհեթեթություն` իբր Ադրբեջանին Եվրասիական միություն ընդունելու  մղումով մեր դեմ ինչ-որ ճնշում կարող է լինել Մոսկվայից. «Ադրբեջանը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանում, եւ հույս ունի, որ Ռուսաստանը, շահագրգռված լինելով Ադրբեջանի անդամակցությամբ, ճնշում կգործադրի կամ կազդի Հայաստանի վրա: Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված լինելով Եվրասիական միության ընդլայնմամբ, հնարավոր չի համարում Ղարաբաղյան հարցում Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելը` հասկանալով, թե որքան կարեւոր հարց է դա Հայաստանի համար: Ռուսաստանը հանդես է գալիս այս հիմնախնդրի կարգավորման օգտին, բայց չի պարտադրի Հայաստանին ինչ-որ սպեկուլյանտական պայմաններ, որոնք առաջադրում է Ադրբեջանը»: Դե ինչ, մազութային սուլթանատին ընդամենը զուսպ բառապաշարով ասվել է` գնացեք գրողի ծոցը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА