ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»

11.10.2017 20:30 ԹԵՄԱ
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման հետ կապված պետք է իրականացնի որոշակի «քայլեր»: Այն վերաբերում է նաեւ Հայաստանում թմրանյութերի ազատականացմանը: Այսինքն ինչպես արեւմուտքում են ազատ թմրանյութ օգտագործում, այնպես էլ  Հայաստանում պե՞տք է լինի: Ինչ վտանգներ է իր մեջ պարունակում այս հայտարարությունը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ խոսքով` թմրանյութը սովորաբար օգտագործվում է մարդու ուղեղի թմրեցման նպատակով, եթե այն օրինական դարձնեն, ապա ամեն ինչ շատ վատ կլինի. «Չնայած, իմ կարծիքով` Հայաստանում այդ ամենը բացառվում է: Վիզայի ազատականացումն ինչ կապ ունի թմրանյութերի հետ: Ի դեպ, ԱՄՆ-ում էլ պայքար կա ու կլինի թմրանյութերի դեմ, մենք ինչպես կարող ենք թմրանյութերի ազատականացում թույլ տալ մեր երկրում, բացառվում է»:
Փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆՆ ընդգծեց, որ Հայաստանում որեւէ տեսակի թմրանյութի շրջանառություն արգելվում է եւ համարվում է քրեորեն հետապնդելի. «Առաջատար երկրներում կանեփի վաճառքի հետ կապված գոյություն ունի ազատ վաճառք, վերջերս էլ Վրաստանն ընդունեց այդ օրենքը: Խնդիրն այն է, որ կանեփի կամ մարիխուանայի ազատ վաճառք թույլատրվի այն անձանց, ովքեր խնդիրներ ունեն առողջության հետ կապված, եւ կա բժշկի թույլտվությունը մարիխուանայի օգտագործման համար: Իմ պրակտիկայում դեպքեր եղել են, երբ դրսում բնակվող անձինք եկել են Հայաստան եւ իրենց մոտ մարիխուանա է եղել, իրենց երկրներում ազատ վաճառք է եղել, բժշկի թույլտվություն է եղել, եւ Հայաստանում այդ մարդը ենթարկվել է քրեական պատասխանատվության: Եթե Հայաստանում դարձնեն ազատ վաճառք, ով ցանկանա կարող է ձեռք բերել թմրանյութ , ինչ քանակով ցանկանում է»:
Հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ հիշեցրեց, որ Եվրոպան ցանկանում է Հայաստանում ազատականացնել ոչ միայն թմրանյութերի վաճառքն ու օգտագործումը, այլեւ միասեռականությունը. «Թմրանյութերի ազատականացումը, իհարկե, վտանգավոր է, սա ուղեղների բթացմանը, աշխատունակությանն ուղղված միջոց է: Սա մարդկության դեմ օգտագործվող ամենամեծ չարիքներից է: Այս ամենի վերաբերյալ մի քանի օրից ԱԺ-ում` Եվրաինտեգրման հանձնաժողովում տեղի կունենա քննարկում: Ես այնտեղ պաշտոնապես կհայտարարեմ, եթե Եվրոպան մեզանից պահանջոմ է, որպեսզի մենք ստորագրենք այն պայմանով, որ դառնանք միասեռական, թմրամոլ, ապա թքել եմ Եվրոպայի եւ իրենց բոլոր օրենքների վրա: Չի կարելի մտնել մի տեղ, որտեղ այլասերվածություն կա, բարոյական ոչնչացում, թմրանյութերի ազատականացում եւ այլն: Սրանք փաստորեն մարդկության ոչնչացման ծրագրեր են, եթե այս ճանապարհով պետք է մտնենք Եվրոպա, ավելի լավ է չմտնենք»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА