ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

13.09.2017 23:25 ՍՊՈՐՏ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը. առջեւում խմբային փուլի հանդիպումներն են: Այս մրցաշրջանը կարեւոր է նաեւ հայ ֆուտբոլասերների համար, քանի  որ վերջապես հնարավորություն կունենանք նման  հեղինակավոր առաջնությանը տեսնել նաեւ մեր հայրենակցին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Չնայած՝ հայ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում իր դեբյուտը նշել է դեռ 2010-2011թթ.-ի սեպտեմբերի 28-ին: Նույն մրցաշարին հայ ֆուտբոլիստը մասնակցել է նաեւ ուկրաինական «Շախտյորի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես գալու տարիներին: Սակայն նշված ակումբներից եւ ոչ ոք մեծերի թվին չի դասվել եւ էական հավակնություններ էլ չի ունեցել: Բոլորովին այլ իրավիճակ է «Մանչեսթեր Յունայթեդի» դեպքում, որը տարիներ շարունակ եղել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը, ու միայն վերջին տարիների խաղային ճգնաժամի արդյունքում չի կարողանում իր խոսքն ասել լավագույնների մրցաշարում: Թեեւ Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» անցած տարվա հաջողությունը հուշում է, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ թիմը մտել է վերականգնման փուլ:
Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա Եվրոպա լիգայում կարողացավ փայլել՝ գրանցելով արդյունավետության տպավորիչ վիճակագրություն: Ինչի արդյունքում էլ «Squawka»-ն Մխիթարյանի մասին այս գնահատականը ներկայացրեց. «Հենրիխին առանց վերապահումների կարելի է անվանել գավաթային հանդիպումների արքա: Նա ավարտված մրցաշրջանի 12 գավաթային հանդիպումներում խփել է 7 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում»: Բայց նաեւ հասկանալի է, որ Եվրոպա լիգան եւ Չեմպիոնների լիգան անհամեմատելի բարդության փորձություններ են ենթադրում: Այսինքն, Մխիթարյանը դեռ պետք է նաեւ այս մրցաշարում կարողանա  իր խոսքն ասել: 
Ինչեւէ, հիշեցնենք, որ խմբային փուլում Մխիթարյանի թիմը ուժերը կչափի շվեյցարական «Բազելի», պորտուգալական «Բենֆիկայի» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Վիճակահանությունը բարեհաջող է ստացվել անգլիական ակումբի համար, ու կասկածից վեր է, որ Մոուրինյոյի սաները կհայտնվեն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: Այստեղ հայ ֆուտբոլիստին՝ իր թիմի հետ լարված ընթացք է սպասվում, քանի որ մրցաշարում պայքարը շարունակելու համար հարկավոր է գերազանցել մրցակիցներին, ինչպիսիք են՝ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենտուսը» եւ այլ գրանդ ակումբներ: Բայց սա դեռ ապագայի համար, իսկ մինչ այդ պետք է նշել, որ Մոուրինյոյի թիմը բավական պատրաստված ու լավ մարզավիճակում է մոտեցել խմբային փուլին. ԱՊԼ-ում անցկացրած 4 խաղում մանչեսթերցիները խփել են 12 գնդակ եւ բաց թողել միայն երկուսը: Այս ցուցանիշով «կարմիր սատանաները» դեռ լավագույնն են ԱՊԼ-ում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լավ է մեկնարկել՝ անցկացրած 4 խաղում` կատարելով 5 գոլային փոխանցում: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА