ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովում Նարեկ Սարգսյանի քաջությունը չբավարարեց

12.09.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ազգային ժողովում Նարեկ Սարգսյանի քաջությունը չբավարարեց

Խորհրդարանում երեկ քննարկվեց ճարտարապետական գործունեության, լիցենզավորման եւ պետական տուրքի մասին ՀՀ օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Ըստ այս օրենսդրական փաթեթի` փորձ է արվում կարգավորել մեր երկրում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանել «ՀՀ ճարտարապետների պալատի»` որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպաիրավական ձեւն ու դրա գործունեության ընդհանուր հիմունքները եւ առանձնահատկությունները, ճարտարապետի իրավունքներն ու պարտականությունները` ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Անդրադառնալով քննարկվող թեմային` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հետաքրքրվեց Ն. Սարգսյանից, թե առհասարակ ո՞րն է ստեղծագործական միությունների գործառույթը. «Հարգում եմ միությունների նախագահներին, խոսքն անձերի մասին չէ, սակայն նրանք մայրաքաղաքի ամենակենտրոնական մասերում վարձակալության են տալիս շենքերի տարբեր հարկերը: Գրողները, կոմպոզիտորները չեն կարողանում իրենց սոցիալական հարցերը լուծել, ասում են` պետությունը չի կարողանում խնդիր լուծել, այդպես ենք սոցիալական հարցեր լուծում...»:
Ի պատասխան` քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն անկեղծացավ. «Ես ինձ երբեք թույլ մարդ չեմ համարել, բայց իմ քաջությունը երբեք չի բավարարի, որ անկեղծ ասեմ, թե ինչ եմ մտածում այդ միությունների մասին, այդքանով, կարծում եմ` ասացի, թե ինչ եմ մտածում», - ո՛չ ավել, ո՛չ պակաս ընդգծեց Ն. Սարգսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА