ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է  ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ 2018-ԻՆ

14.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է  ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ 2018-ԻՆ

Թեեւ Ազգային ժողովը բավականին շատ աշխատանքներ ունի եւ սպասելի են բազում արտահերթ նիստեր այս շոգուկրակին, այնուամենայնիվ, իսպառ բացակայող կատեգորիա չի լինի եւ ամառային քաղաքական արձակուրդը: Բայց, դժվար թե, արձակուրդային սեզոնը քաղաքական դաշտի համար լինի պարապության սեզոն: «Չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը», հայտնի առակից այդ մեջբերումը առավել քան ակտուալ է, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար: Չէ՞ որ ընդամենը ամիսներ անց գալու է կարեւոր պահը` 2018-ի գարունը, երբ երկիրը արդեն ամբողջովին մտնելու է խորհրդարանական կառավարման համակարգ, ու Սահմանադրության անցումային դրույթներով նախատեսվածը հասնելու է իր ավարտին:

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՆԵՐԸ
Այն, որ 2018-ի գործադիր իշխանության կոնֆիգուրացիայի համար գոյություն ունի պայքար, դա միանշանակ է: Եվ պայքարի սուբյեկտները գտնվում են ինչպես ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ներսում, այնպես էլ` դրանից դուրս: Բնական է, որ իշխանության ներսում կա մրցակցություն 2018-ի կառավարության արդեն, թերեւս, վերջնական տեսքի վրա ազդելու ուղղությամբ: Օրինակ, հենց այնպես չէ, որ ՀՀԿ խմբակցության այնպիսի պատգամավորը, ինչպիսին Խոսրով Հարությունյանն է, բուժհիմնարկների սեփականաշնորհման հարցում բավականին կոշտ քննադատության է ենթարկում «առողջապահության մենեջեր» (դա հենց նախարարի ինքնաբնութագրումն է) Լեւոն Ալթունյանին, ով, ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է: Եվ այդպիսի դրվագներ բավականին շատ կան, սակայն դրանց մեծ մասը չի հնչում հրապարակավ` հենց իշխող ուժի գործիչների շուրթերից:  Դա ավելի շուտ կրում է ստվերային գործընթացների բնույթ, որը, սակայն, իր արտացոլումն է գտնում լրատվական դաշտում: Լրատվական դաշտի ե՛ւ տեղեկատվությունը, ե՛ւ ակնհայտ ապատեղեկատվությունները, ե՛ւ տեղեկատվական արտահոսքերի հրապարակումը` այդ ամենը արտացոլում է այդ մրցակցությունը: 
Եվ ոչ միայն այդ մրցակցությունը, կան նաեւ մրցակցության այլ դաշտեր: Ինչ-որ չափով այդ խաղին փորձում են մասնակցել եւ աշխարհաքաղաքական խաղացողները, ու նրանց մասնակցության հիմնական գործիքը 21-րդ դարի պայմաններում արդեն ոչ այնքան տարատեսակ ինտրիգներն են, կամ «յուրայինների» ներդրումը այս կամ այն օղակում, այլ ավելի շատ շեշտը դրվում է հենց տեղեկատվական դաշտի վրա: Չէ՞ որ այդ դաշտը ազդում է ոչ միայն հանրության, այլեւ որոշում ընդունողների տրամադրությունների վրա: Ուստի, զարմանալի չէ, որ հաճախ այդ ներգործությունները կրում են տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բնույթ: Եվ, ի դեպ, արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը այժմ առանձնացնում է նաեւ 21-րդ դարի պատերազմների նորագույն տեսակների եւս մի տիրույթ` այսպես կոչված, «իրավական պատերազմները»: Այդ եզրույթը հենց վերջերս հնչել է ԱՄՆ-ում` ռազմավարական հետազոտություններին նվիրված զեկույցներից մեկում: Այսինքն` ոչ միայն տեղեկատվական-հոգեբանական, այլեւ իրավական դաշտն այսօր պատերազմի դաշտ է: Ու այդտեղ էլ պետք է սպասել, թե օրենսդիրներին այդ անտեսանելի մարտերի արդյունքում ինչպիսի օրինագծեր են մատուցվելու: Այդ առումով խորհրդարանական համակարգը նույնպես ավելի համահունչ է 21-րդ դարին, քանզի խորհրդարանը` որպես կոլեկտիվ մարմին, ավելի արդյունավետ է ստվերային օրենսդրական մանիպուլյացիաները հայտնաբերելու հարցում, քան չինովնիկական այս կամ այն օղակը, որոնց գլխին, ի դեպ, կարող է հայտնված լինել եւ ազդեցության գործակալ: Սակայն վերադառնանք ներքին խաղացողներին: Այդ խաղին ակնհայտորեն մասնակից է եւ Ծառուկյան դաշինքը, բնականաբար, ոչ առանց այնպիսի բաղադրիչի, ինչպիսին է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խմբավորման շահը: Ու թեեւ ԲՀԿ-ի գործարար հատվածից շատերը անձնական հարթության մակարդակով բավականին պոզիտիվ հարաբերություններ ունեն ներկայիս վարչապետի հետ, սակայն բավականին արժանահավատ են այն տեղեկությունները, որ մի քանի օր անց ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Ծառուկյան դաշինքը «կռիվ» է տալու: Իհարկե, կասկածից վեր է, որ ծրագիրը հաստատվելու է, սակայն, ըստ ամենայնի, Ծառուկյան դաշինքը պատրաստվում է մի փուլի, որի ընթացքում կփորձի հավակնություններ դրսեւորել ապագա գործադիրի վերաբերյալ: Եվ, իհարկե, «Ելք» խմբակցությունից էլ սպասելի են բավականին կոշտ հարցեր եւ քննադատություններ, քանզի այդ բավականին նոր ուժը, որպես ընդդիմություն, ինքնահաստատման խնդիր ունի: 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԳԵՐԻՆ
Թեեւ Ծառուկյան դաշինքը պաշտոնապես համարվում է ընդդիմություն, սակայն մինչեւ իրական ընդդիմություն դառնալը, նրանք դեռ, ժողովրդի խոսքով ասած, «շատ հացուպանիր պետք է ուտեն»: Այնտեղ բավականին շատ է այն կոնտինգենտը, որը լրիվ համապատասխանում է այդ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բանաձեւին` «Ի՞նչ տարբերություն ՀՀԿ, թե` ԲՀԿ»: Անգամ զուտ հռետորաբանության մակարդակով ընդդիմադիր գործելակերպին այդտեղ տիրապետում են բավականին քիչ թվով մարդիկ: 
Իսկ մնացյալ ընդդիմադիրները... Զարուհի Փոտանջյանին դժվար է տրվում սեփական ծայրահեղականության հաղթահարումը, եւ տիկինն ու նրա գլխավորած կուսակցությունը տառապում են «այլընտրանքային նիստեր» անցկացնելու ցավով: «Այլընտրանքային դատ» արդեն անցկացրած կան, հիմա էլ անցնում են Երեւանի ավագանու «այլընտրանքային նիստերին»: 
Սակայն նախորդ ոչ կառուցողական ընդդիմադիր գործելակերպից բավականին անհեթեթ բաներ ժառանգել է եւ «Ելքը»: ՀՀԿ խմբակցության նախկին (իսկ, միգուցե, նաեւ ապագա) պատգամավոր Նաիրա Կարապետյանը նրանց գործելակերպի առնչությամբ իրավացիորեն նկատում է. «Մեր ընդդիմության տարածված սխալներից է պետությունը եւ կուսակցությունը նույնացնելը: Ցավոք, գնալով տարածվում է այդ երեւույթը: Եթե Զարուհու դեպքում սա վերագրվում է ոչ քաղաքական բովանդակությանը, ապա «Ելքի» պարագայում մտածելու տեղիք է տալիս... Որպես ՀՀ օրինապաշտ քաղաքացի, որպես հայրենասեր մարդ` կուզեի նշել, որ հնարավոր չէ պետության խորհրդանիշներից զատել երկրի նախագահին:
Որպես PR ոլորտի մասնագետ` կուզեի նշել, որ ամենաարդյունավետն ու, միաժամանակ, ամենաշուտ մոռացվողը տեսողական կամ «ցուցադրական» PR-ն է:
Որպես քաղաքական մարդ, կուզեի եւս մեկ անգամ նշել, որ սկզբունքային ընդդիմություն ասվածը վերաբերում է հետեւողական աշխատանքին, այլ ոչ թե հետեւողականորեն կրկնվող, ցուցադրական, շուտ մոռացվող, սեփական երկրի բարձր ինստիտուտները չհարգող էժանագին PR-ին: Ասածս ինչ է. «Ելքի» հերթական անգամ ոտքի չկանգնելն արդեն մի տեսակ տարակուսելի է: Նույնատիպ մի քայլ էր ԱԺ առաջին նիստին ՀՀ նախագահի ելույթը բոյկոտելը: Հարգելիներս, սա նույնն է, ինչ պետական օրհներգը լսելիս ոտքի չկանգնելը»: 
Դե ինչ, միգուցե ժամանակի ընթացքում ընդդիմադիրները հաղթահարեն այդ «մանկական հիվանդությունները», այլապես ստիպված կլինեն տեղը զիջել այլ ընդդիմադիրների` սեփական «քաղաքական մահվան» պատճառով: 

ԼԻԲԵՐԱԼՆԵՐ, ԱՌԱ՛Ջ
ՀՀԿ-ի` գաղափարական առումով ազգային-պահպանողական իշխանության պայմաններում բավականին հետաքրքիր էր Մարկ Գրիգորյանի նշանակումը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում: Վերջինս իր աշխարհայացքով եւ մոտեցումներով մաքուր լիբերալ է: Թե ինչով էր պայմանավորված լիբերալի ներգրավումը` թերեւս բացի բազում մասնավոր հանգամանքներից, առկա է նաեւ միտումը` քաղաքական եւ հասարակական կյանքի կարեւոր դիրքեր ներգրավել նաեւ այլ գաղափարական ուղղվածություն ունեցողների: Դա այդքան էլ նորություն չէ ՀՀԿ-ի համար` զորօրինակ, ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելը ամենեւին էլ չէր բխում խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու տրամաբանությունից, առանց դաշնակների էլ, հանրապետականներն այդ մեծամասնությունն ունեն: Պարզապես, ինչ-որ տեղ իր դերն է խաղացել նաեւ գաղափարական տարբերությունը` ՀՅԴ-ն համարվում է ազգային-սոցիալիստական ուղղվածության կրող: 
Սակայն վերադառնանք լիբերալներին: Այսպես, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի փորձագետների անդրանիկ հանդիպմանը ներկա էին ամենատարբեր գաղափարական-քաղաքական ուղղվածություն ունեցող փորձագետներ: Կային եւ լիբերալներ, նույնիսկ ծայրահեղ լիբերալներ, զորօրինակ` Դավիթ Շահնազարյանն ու Մանվել Սարգսյանը: Եվ եթե Շահնազարյանը կառուցողական դիրքերից էր հանդես գալիս եւ միանգամից գործնական հունով պառլամենտական դիվանագիտության որոշակի առանձնահատկությունների շուրջ կառուցեց իր խոսքը, ապա Մանվել Սարգսյանը, թերեւս, սեփական ծագումնաբանությունից ելնելով, նաեւ դրսեւորեց ընդդիմադիր մեծամտություն. «Ինչի՞ համար պետք է գամ ձեզ օգնեմ,  կոպիտ եմ ասում, օպոզիցիա չեմ անում, ուղղակի ուղիղ եմ հարցը դնում: Հիմա մեզ դիմում եք, որ մի բան ասենք, բայց ինձ համար պարզ չի` ինչի պիտի ասեմ: Ես  բազմաթիվ նյութեր եմ գրում, որոնց համար մեծ ժամանակ է պահանջվում, եւ դրանց մեծ մասը դուք չեք կարդում»: Այդտեղ, թերեւս, դրսեւորվեց փորձագետի «ծագումնաբանությունը»` նա Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած վերլուծական կենտրոնի փորձագետ է, իսկ Րաֆֆիի հետ երկար շփվողը որոշ չափով ընդօրինակում է այդ ամերիկացու «ալաֆրանգի» դրսեւորումները:
Ինչեւէ, հենց գլխանց երեւում է, որ կարծես թե ցանկություն կա «Անալիտիկ խորհրդի» կազմում ներգրավել ամենատարբեր հայացքների տեր մարդկանց, միայն թե ինտելեկտի եւ մասնագիտական գիտելիքների եւ փորձի կրող լինեն: Ի դեպ, որոշ վերլուծաբաններ, նկատի ունենալով այդ խորհրդի ստեղծումը, անգամ պնդում են, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերածվում է «զուգահեռ արտգործնախարարության»: Անշուշտ, դա չափազանցություն է, բայց փաստ է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում շեշտակի աճում է նաեւ պառլամենտական դիվանագիտության դերն ու կշիռը: 


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА