ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԿՄԱՍՆԱՏՎԻ՞

05.05.2017 22:00 ԶԱՐԿԵՐԱԿ
ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԿՄԱՍՆԱՏՎԻ՞


Ծառուկյան դաշինքի շուրջ վերջին սկանդալային պատմությունը, որի արդյունքում սեփական «ինքնաբացարկի» մասին ոչինչ չիմացող ութ պատգամավորների հաջողվեց հենց նույն օրը վերականգնել իրենց մանդատները, հազիվ թե այսքանով ավարտվի: Ավելի ճիշտ, այն հարցն է, թե առնվազն այդ ութ արդեն մանդատ ստացած պատգամավորները կմնա՞ն դաշինքի կազմում: Եթե ոչ, ուրեմն ի՞նչ կլինի խորհրդարանական թիվ 2 ուժի ապագան, կմասնատվի՞, այդ դեպքում ուժային ի՞նչ նոր հարաբերակցություն կձեւավորվի ԱԺ-ում: Թեմայի շուրջ գնահատականներ «Իրավունքը» ստացավ հայաստանյան վերլուծաբաններից:
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ.
- Մինչեւ Ծառուկյան դաշինքի հետ կապված այս միջադեպը, կարծես թե բոլորս համակերպվել էինք, որ խորհրդարանում ներկայացված են լինելու չորս քաղաքական ուժ` Հանրապետական կուսակցություն, Ծառուկյան,  «Ելք» դաշինքները եւ Դաշնակցությունը: Սակայն այս դեպքից հետո, պարզ է դառնում, որ կառաջանա պատգամավորների մեկ այլ խմբակցություն: Դրանք այն ութ պատգամավորներն են, որոնք ԿՀԸ-ում վերականգնեցին իրենց մանդատները, սակայն փաստացի չեն կարող գտնվել Ծառուկյան դաշինքում: Որովհետեւ այստեղ կա միջանձնային հարաբերությունները համատեղ գործելու անհնարինության գործոնը եւ այլն: Իհարկե, օրնեքն այդ պատգամավորներին թույլ չի տալիս ստեղծել մեկ այլ խմբակցություն, բայց նրանք խորհրդարանում կարող են գործել, որպես անկախ պատգամավորներ: Եթե նախկինում պարզ էր, որ Հանրապետականը եւ Դաշնակցությունը կոալիցիա կկազմեն, Ծառուկյան դաշինքը կբռնի չեզոք դիրք, իսկ «Ելքը» կդառնա ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ, ապա այս միջադեպից հետո այդ ութ պատգամավորները կարող են սեփական ընտրությամբ որեւէ մեկի օգտին քվեարկել կամ համագործակցել: Իհարկե, նրանք չեն կարող փոխել ընդհանուր քաղաքական խճապատկերը եւ որակները, այդուհանդերձ, սա իրադարձություն էր, ինչպիսին 1990-ականներից հետո մեր երկրում տեղի չէր ունեցել: Եվ ընդհանրապես մեր պատմության մեջ նման դեպքի չենք հանդիպել:
Երեւանի մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.
- Պետականության իմաստով սա աղետ է, հատկապես մի ժողովրդի համար, որն ապրել է դժվարին պայմաններում: Ծառուկյան դաշինքում նա, ով այս գործը նախաձեռնել է, վատագույն ծառայություն է մատուցում ՀՀ պետականությանը: Կարծում եմ` մինչեւ ընտրությունները եղել է պատգամավորների ցուցակ, որոնք պետք է լինեին խորհրդարանում: Սակայն անցել է ժամանակ, եւ ցուցակում եղած մարդկանց մի մասին ասում են ցտեսություն: Սա վտանգավոր խաղ է, իսկ մնացած ներքին հարցերը յուրաքանչյուրի անձնական խնդիրն է: Եթե Ծառուկյան դաշինքը մասնատվի, ընտրված պատգամավորներն ի՞նչ կարող են անել` ոչինչ: Հաշվարկներ ներսում գուցե նախապես արվել են, որ նրանք ոչինչ չեն կարող անել: 
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ.
- Այս միջադեպը նախ եւ առաջ բարոյական հարված էր Ծառուկյան դաշինքին: Հնարավոր է՝ Ծառուկյան դաշինքի այս պատգամավորները դառնան անկախ պատգամավորներ. միշտ էլ մեր խորհրդարանն ունեցել է անկախ պատգամավորների մի խումբ: Նման պատգամավորները հաճախ ընտրվում են այս կամ այն կուսակցության կողմից եւ մինչ խորհրդարան մտնելը դառնում անկախ: Այսպիսի խոսակցություններ կան, բայց առայժմ դժվար է ասել, նման բան կլինի՞ թե` ոչ: Իմ կարծիքով` դաշինքի ներսում բաց խոսակցություն տեղի չի ունեցել, այսինքն` մարդկանց չեն ասել, որ իրենց դերը ընտրություններից հետո կարող է փոխվել: Ինչպես ասում են, այստեղ փորձել են շագանակները կրակի մեջից ուրիշի ձեռքով հանել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА