ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԵՆ ԿԻՍԵԼՈՒ «ԵԼՔԸ» ԵՎ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

12.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ ԵՆ ԿԻՍԵԼՈՒ «ԵԼՔԸ» ԵՎ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Քանի որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են ընդամենը երեք քաղաքական ուժ, ապա պարզ է, որ այդ երեքից երկուսը` ընդդիմադիր «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ավելի շատ մրցակցելու են իրար հետ, քան` ՀՀԿ-ի: Մրցակցության պահը ընդգծվեց հենց ի սկզբանե` Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ի տարբերություն տանիքներով թռչկոտող Նիկոլ Փաշինյանի` ինքը ոչ թե ելք է փնտրում, այլ` մուտք: ՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼԻՆԵԼ 
ՔԱՂԱՔԱՊԵՏ
«Ելք» դաշինքը դեռ Երեւանի ավագանու ընտրությունների մեկնարկից առաջ հակում դրսեւորեց ստանձնելու «ընդդիմադիր փոշեկուլի» դերը, առավել եւս, որ  ԱԺ ընտրությունների «փոշեկուլը»` ի դեմս Ծառուկյան դաշինքի, գլխանց անտարբերություն էր դրսեւորում մայրաքաղաքային ընտրությունների նկատմամբ: Դե իհարկե, մեկ տոկոս քվե հավաքած «Ազատ դեմոկրատներից» Նիկոլի մոտ ուրախությամբ անցած Անահիտ Բախշյանին հաճույքով ընդունեցին: Իսկ Սասուն Միքայելյանի կողմից Զարուհի Փոստանջյանին համոզելու եւ «Ելք» բերելու փորձերն ավարտվեցին նրանով, որ Փոստանջյանը մեղադրեց Փաշինյանին էթիկան ոտնահարելու մեջ եւ հորդորեց իրեն պահել որպես «քաղաքի տղա»: 
Դա անմիջապես արտացոլվեց ունիվերսալ քարոզչական տարածքի դեր կատարող Ֆեյսբուքում, ուր Զարուհի Փոստանջյանի ակնարկը` Նիկոլ Փաշինյանի գավառական ծագման մասին, միանգամից տիրաժավորվեց բանաձեւերի տեսքով: Առավել նրբանկատ բանաձեւն էր, որ քաղաքապետի աթոռին կարող է հավակնել միայն բնիկ երեւանցին, իսկ ավելի կոպիտ ձեւակերպումները` թե ինչ գործ ունի «գեղացին» մայրաքաղաքային ընտրություններում: Բնականաբար, հակառակ քարոզչական գրոհն էլ իրեն երկար սպասել չտվեց` պնդումների տեսքով, թե «կնիկ արմատը» մայրաքաղաք ղեկավարելուն պիտանի չէ: 
Առայժմ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը բավարարվում են ուղղակի եւ անուղղակի բանավեճերով, թե ով է ավելի լավ «քաղաքի տղա» կամ «քաղաքի աղջիկ», եւ ինչքանով հարմար են քաղաքապետության համար գավառից եկածներն ու կանայք: Սակայն դժվար չէ կռահել, որ վաղ թե ուշ նախընտրական կրքերը կթեժանան, եւ գործի կդրվեն այն ստանդարտ մեղադրանքները, որ այդքան կիրառելի էին ԱԺ ընտրություններին: Այն է` թե ով է իսկական եւ կեղծ ընդդիմությունը, ու կսկսեն իրար մեղադրել «Բաղրամյան 26-ի հաճախորդ» լինելու մեջ: Ի դեպ, տիկին Փոստանջյանն արդեն թեթեւակի ակնարկ հնչեցրել է, որ ժամանակը ցույց կտա, թե ով է չկառավարվող ընդդիմությունն ու ընդհանրապես ընդդիմությունը, այնպես որ, այդ ուղղությամբ կենացները դեռ քաղցրանալու են: 
Իսկ քանի՞ տեղի համար են մրցակցում Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը: Եթե իրենց լսես, ապա նրանցից յուրաքանչյուրը հավաստիացնում է, որ ձգտում է տիրանալ ձայների մեծամասնությանը եւ «վերցնել քաղաքապետարանը»: Սական վերլուծաբանները եւ փորձագետները, բնականաբար, վստահ են, որ մեծամասնությունը վերցնելու է ՀՀԿ-ն, իսկ այդ երկու ուժերը լինելու են մայրաքաղաքային ընդդիմություն: Այսպես, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ամեն ինչ կանխորոշված է համարում եւ հայտարարում է, որ. «ՀՀԿ-ն նրանց կտա այնքան, ինչքան ինքը կորոշի: Երեւանի ավագանու 65 տեղից ՀՀԿ-ն կվերցնի մոտ 45-ը, իսկ 20-ը կբաժանի «Ելք» դաշինիք եւ «Երկիր ծիրանի» կուսակցության միջեւ»:
Թեեւ սույն քաղտեխնոլոգը ամեն ինչ կանխորոշված է համարում, այնուամենայնիվ, այդ երկու ընդդիմադիր ուժերը 20 տեղ իրար մեջ կկիսեն, ավելի քիչ, թե ավելի շատ, կախված է երեւանցիների տրամադրությունից: Բայց որ ՀՀԿ-ն այդ ուժերի դեմ հակաքարոզչություն չի վարելու, արդեն իսկ հայտարարվել է ՀՀԿ մամլո խոսնակ եւ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի մակարդակով: 

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 
ԻՄԻՏԱՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բնականաբար, բոլոր նրանք, ովքեր քննադատում են ընտրությունները, հիշատակում են երկու «բոբո» երեւույթներ` վարչական ռեսուրսը եւ ընտրակաշառքը: Վերը հիշատակված Արմեն Բադալյանը հասել է ծայրահեղության եւ պնդել, որ վաճառքի է հանվել ընտրողների քվեների ջախջախիչ մեծամասնությունը. «Օրինակ, եթե վերցնենք Երեւանում 1000 ընտրող ունեցող տեղամասը, ապա այդ հազար ընտրողներից մոտ 800-ը գումար է վերցնում, որի 600-ը քվեարկում է այնպես, ինչպես փող տվողն է պահանջել: Ստացվում է, որ Երեւանում ընտրություններին մասնակցածներից 75-80 տոկոսը քվեարկում է գումարով»: Կարելի է ենթադրել, որ սույն փորձագետը  ամեն ինչ սեփական արշինով է չափում, բայց բոլոր դեպքերում նրա գնահատականները ակնհայտ չափազանցված են: 
ԱԺ ընտրությունների «շորշոփը», բնականաբար, շահագործում են բոլոր նրանք, ովքեր հրաժարվել են մասնակցել ավագանու ընտրություններին: Վարչական ռեսուրսի եւ ընտրակաշառքի մասին բայաթին այս կամ այն չափով երգել են ՕՐՕ-ն, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ը` իր ծերուկ առաջնորդի մակարդակով, այս կամ այն չափով հիշատակել են ԲՀԿ-ի եւ անգամ ՀՅԴ-ի գործիչները, դրանից անմասն չեն մնացել նույնիսկ «Ազատ դեմոկրատների» եւ կոմունիստների պես աուտսայդերները: Բայց ամենազվարճալին, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի ուշացած հայտարարությունն էր, որ նմանվում էր ճաշից հետո մատուցած մանանեխի: Բացի ԱԺ ընտրությունները քննադատելուց, նա արդեն ՕՐՕ դաշինքից անջատ հայտարարեց. «Ամեն դեպքում` մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ «Ժառանգությունը» հայտ չներկայացրեց Երեւանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու` փոխարենը հաջողություն եւ օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին եւ իր զորակցությունը` ընտրություններին մասնակցող ընդդիմությանը եւ Հայաստանի քաղաքացու ազատ եւ անկաշառ կամարտահայտությանը»: Իսկ նրա հորդորը` առ Տարոն Մարգարյան, հիշեցրեց հայտնի «աղոթքագնացությունը» «զորավարի» հետ. «Հանուն մայրաքաղաքի եւ համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը եւ իր կուսակցությունը իրենք դառնան պարկեշտ, օրինապաշտ ընդդիմություն ամբողջ երկրում եւ Երեւանից սկսյալ: Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո»:
Իրավական հարթությունում հետընտրական գործընթացի իմիտացիան դեռ շարունակում են երկու ուժ` ՕՐՕ-ն եւ ՀԱԿ-ը: ՕՐՕ-ն մտադիր է վարչական դատարանում «բողոքարկել ԿԸՀ անգործությունը», այն է` որ ԿԸՀ-ն վազեվազ չգնաց ի կատար ածելու իրենց պահանջը` վերլուծել ընտրողների մատնահետքերի ամբողջ բազան եւ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածային քվեարկության կասկածները: Իսկ ՀԱԿ-ի  եւ վերջինիս առաջնորդ, ընտրողների առավել քան 98 տոկոսի կողմից մերժված Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջն իրականում բոլորից ծայրահեղական դուրս եկավ` անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ ՀԱԿ-ի դիմումի քննարկումը Սահմանադրական դատարանում փաստացի մեկ ամսով հետաձգում է նոր ԱԺ-ի աշխատանքների մեկնարկը: Ապրիլի փոխարեն ստանում ենք մայիսը: 

ՓԱՍՏԱՑԻ ՃԱՆԱՉՎԱԾ 
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կարելի է արձանագրել, որ անցումը խորհրդարանական համակարգին եղավ հարթ` չկան հետընտրական փողոցային միջոցառումներ, փողոցներն ու հրապարակները լուռ են, իսկ ընտրությունների ոչ լեգիտիմությունից խոսում է երկու տոկոսից քիչ քվե հավաքած, համաժողովրդական հակակրանք վայելող եւ վաղուց քաղաքական թոշակի ենթակա առաջին նախագահը: Պարզ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը լինելու է միանշանակ մերժողական, ու նաեւ պարզ է, որ ոչ մի արտաքին ուժ ինքն իրեն այնքան չի անլրջացնի, որպեսզի խայտառակ պարտություն կրած ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պնդումները ընդունի որպես հիմք` ԱԺ ընտրությունները ապա լեգիտիմացնելու համար: Այդպիսի հիմք որեւէ արտաքին ուժ կարող է ընդունել միայն իշխանության հիմնական մրցակցի հայտարարությունը, իսկ նման հայտարարություն ոչ ոք չի տեսել Ծառուկյան դաշինքից, եւ ավելին` մայրաքաղաքային ընտրություններից այդ ուժի հրաժարումը նաեւ լրացուցիչ վստահություն է, որ Ծառուկյան դաշինքը անգամ չի էլ երազել լինել առաջինը, այլ ոչ թե երկրորդը:
Ի՞նչը  նպաստեց դրան` այն, որ դեռ Ընտրական օրենսգրքի նախապատրաստման ու բազում քննարկումների ժամանակ ՀՀԿ-ն ընդառաջեց ընդդիմության բոլոր ցանկություններին օրենսդրորեն ամրագրելու այս կամ այն վերահսկիչ կամ կանխարգելիչ մեխանիզմը: Բնականաբար, դա ուրախացրել էր ե՛ւ ընդդիմադիրներին, ե՛ւ տարատեսակ վենետիկյան հանձնաժողովներին ու այլ եվրոպական կառույցներին: ՀՀԿ-ն գնաց անգամ այն քայլին, որը պահանջում էին ընդդիմադիրները, սակայն որին դեմ էին նույն Վենետիկի հանձնաժողովում` ընտրողների  ստորագրված ցուցակների հրապարակումը: Արդյունքում, ընդդիմադիրները եւ գրանտակերները իշխանության հետ կոնսենսուսով ընդունեցին Ընտրական օրենսգիրքը, հույս ունենալով, որ այդ օրենսգրքի օգնությամբ կստանան զանգվածային ընտրակեղծիքների ստույգ ապացույցներ, եւ դա հիմք կլինի մայդանահեղաշրջումային շարունակության համար: Բայց եղավ լրիվ հակառակը` այդ մեխանիզմները ապահովեցին ԱԺ ընտրությունների ամբողջական լեգիտիմության ապացուցողական բազան: Ընդ որում, այդ ապացույցները` որպես այդպիսին, ընդունեցին ե՛ւ հայ հանրությունը (ինչը բացառեց փողոցային բողոքի դուրս գալու ցանկությունը), ե՛ւ դրսի ուժերը: Ու այժմ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով հանդես եկող ՀԱԿ-ը չի ուզում հիշել, որ ժամանակին այդ Ընտրական օրեսգիրքը խանդավառ կերպով հռչակում էր սեփական հաղթանակը: 
Իսկ լեգիտիմության փաստացի իրողությունը նույն իշխող կուսակցությանը տալիս է գործելու անհամեմատ ավելի շատ ազատության աստիճաններ: Ընդ որում, դա վերաբերում է ե՛ւ ներսին, ե՛ւ դրսին: Ու կարելի է փաստել, որ դա բարձրացրել է մեր երկրի ինքնիշխանության աստիճանը: Ի դեպ, ուշագրավ է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների քանակի կրճատման շրջանակում, կարծես թե, որպես ավելորդություն դուրս են թռնում երկու հանձնաժողով` Եվրաինտեգրման եւ Մարդու իրավունքների: Իսկ դա շատ լավ ցուցանիշ է` ըստ էության, Հայաստանը ձերբազատվում է գլոբալիստական վերազգային կառույցների կողմից ստեղծված «մարդու իրավունքներ» կոչվող հակաբնական արհեստածին կրոնին, որն արդեն իսկ հասցրել է բազում վնասներ բերել մոլորակի գրեթե բոլոր ազգերին: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА