ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉՈՒ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵ

11.04.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉՈՒ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵ

ՑՍիրիական «Շարիաթ» ավիաբազային ամերիկյան հրթիռային հարվածների առաջին իսկ ժամերից շրջանառվում է երկու հիմնական հարց: Առաջինը՝ ինչո՞ւ նախագահ Թրամփը գնաց նման քայլի, որը   խորը հակասության մեջ է իր իսկ նախընտրական միանգամից մի քանի խոստումների հետ: Եվ երկրորդը՝ ինչո՞վ այս պատմությունը կավարտվի:ԻՆՉ ԷՐ ՈՒԶՈՒՄ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ
Հիշատակված հարցերին հասնելու համար, նախ պետք է մեկ այլ հարցադրման պատասխանը ստանալ: Ի վերջո, Ասադը քիմիական զենք կիրառե՞լ է, այսինքն՝ ամերիկյան հրթիռները իրոք այդ պատճառո՞վ հարձակվեցին, թե նորից գործ ունենք մտացածին պատճառաբանության հետ:
Նկատենք, որ քիմիական զենքի կիրառման վարկածի, հատկապես արեւմտյան կողմնակիցները ընդգծված կերպով խուսափում են այս հարցին պատասխանելուց. ինչո՞ւ պետք է Ասադը քիմիական զենք կիրառեր: Դեռ անցած տարվա վերջերից, Հալեպի ազատագրումից սկսած, սիրիական զորքերը վերելքի փուլում են, օրական տասնյակներով բնակավայրեր են ազատագրում: Մի խոսքով, արդեն ակնհայտ էր դարձել, որ Ասադը կամաց-կամաց պատերազմը հասցնում էր հաղթական ավարտին: Հետեւաբար՝ այս իրավիճակում միայն հիմարը ինքնաթիռներից քիմիական նյութերով լցված ռումբեր կթափեր խաղաղ բնակչության գլխին, շատ լավ իմանալով, որ դրա հետեւանքը առնվազն գլոբալ միջազգային աղմուկն է լինելու: Իսկ Ասադը, ինչպես ցույց է տվել վերջին վեց տարիների սիրիական պատերազմը, ամենեւին էլ հիմար մարդ չէ: 
Էլ չասած, որ դեռ անցած տարի էր ՄԱԿ-ին կից գործող քիմիական զենքի հարցերով զբաղվող կառույցը պաշտոնապես հայտարարել, որ սիրիական բանակում եղած քիմիական զենքի ողջ պաշարները ոչնչացված են: Ընդ որում, դա համատեղ ֆիքսել էին նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քերին ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:
Մի խոսքով, որեւէ քննադատության չի դիմանում այն պնդումը, թե Ասադը քիմիական զենք է կիրառել: Ու պատահական չէ, որ մեղադրելով Ասադին, ԱՄՆ պարզապես հրաժարվում է գոնե մեկ ապացույց ներկայացնել: Այն զավեշտանման բացատրությամբ, թե դրանք գաղտնի են: Արդյունքում՝ արդեն նաեւ արեւմտյան լրատվական դաշտն է սկսել խոսել ու հարվածել Թրամփին, թե Ասադի կողմից քիմիական զենք օգտագործելու պնդումներն ապացուցված չեն:Ուրեմն, ինչո՞ւ Թրամփը գնաց իր իսկ նախընտրական խոստումների կոպիտ ոտնահարման, այն էլ՝ մտացածին պատճառաբանությամբ: Վարկածների պակաս այս օրերին չի նկատվում: Այդ թվում.
1. Թե իբր միջազգային արենայում նման կոշտ քայլով Թրամփը ամրացնում է իր ներքին դիրքերը:
2. Որ այս կերպ, ներքին դիրքերից զատ, Թրամփը ամրապնդում է նաեւ ԱՄՆ-ի դիրքերը Մերձավոր Արեւելքում:
3. Թրամփին պարզապես խաբել են, թե Ասադը քիմիական զենք է օգտագործել, եւ նա էլ տաք-տաք հարձակման հրաման է տվել ու հիմա էլ չի կարողանում ետ կանգնել այդ քայլից:
4. Հարվածը համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ եւ նպատակ էր հետապնդում օրակարգից հանել այդպես էլ չդադարող այն խոսակցությունները, թե ԱՄՆ նախագահը ի սկզբանե պայմանավորվածություններ է ունեցել Կրեմլի հետ:
5. G-7-ի շեմին իրականացված այս քայլով Թրամփը փորձում է վերահսկողության տակ պահել այդ ոչ պաշտոնական կառույցի անդամ երկրներին: Թեեւ այն, որ Գերմանիան դեմ արտահայտվեց եւս մեկ հարված հասցնելու մասին խոսակցություններին, հուշում է, որ Եվրոպան չի պատրաստվում այս խաղի մեջ շատ խրվել:
6. Հարվածը իրականում ուղղված էր Չինաստանին, հաշվի առնելով, որ դրա հրամանը տրվեց Չինաստանի նախագահի հետ սպասվող ծանր բանակցություններից րոպեներ առաջ:
Այս կարգի վարկածների կամ դրանց կոմբինացված տարբերակների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Դրանք բոլորն էլ ունեն իրենց կողմ եւ դեմ հիմնավորումները, եւ հասկանալու համար, թե դրանցից որի հավանականությունն է առավել մեծ, գանք մյուս կողմից: 
59-ԻՑ՝ 23-Ը
Այսինքն՝ ի՞նչ իրողություններ առաջ բերեց ամերիկյան այդ հարձակումը: Առաջին փաստը, որ աչք է զարնում, այն է, որ, թեեւ ամերիկյան նավերը «Շարիաթ» ավիաբազայի ուղղությամբ արձակեցին 59 հրթիռ, սակայն դրանից բառացիորեն երկու ժամ անց, այնտեղից ինքնաթիռներ էին օդ բարձրանում: Այսինքն՝ չնայած մեծ աղմուկին, ռազմական առումով այդ հարվածը Սիրիային որեւէ էական վնաս չհասցրեց: Փոխարենը ամերիկյան զինուժին այն ծիծաղելի վիճակի հասցրեց: Հերիք չէ, որ ավիաբազան էականորեն չվնասվեց, դեռ մի բան էլ պարզվեց, որ 59 հրթիռներից ընդամենը 23-ն է տեղ հասել: Իհարկե, Պենտագոնը ոչ մի կերպ այդ փաստը չի ուզում ընդունել: Բայց ավիաբազայում առկա պայթյունի հետքերը, որոնք ֆիքսել են հարվածից շատ չանցած արված օդային եւ արբանյակային լուսանկարները, փաստում են երկու տասնյակ հրթիռի տեղ հասնելու մասին: Ուրեմն` ի՞նչ եղավ մնացած 36-ը: Այստեղ արդեն հնարավոր վարկածները երկուսն են. մնացած հրթիռները կա՛մ ոչ սարքին են եղել, ինչը իսկական խայտառակություն կլիներ Պենտագոնի համար: Կա՛մ էլ, որ դրանք որսացել է ռուս-սիրիական ՀՕՊ համակարգը: Ընդ որում, առանց C-300-ների կամ C-400-ների կիրառման, որոնք, ըստ էության, ձեռնտու չէ այդ կարգի հրթիռների դեմ օգտագործել: Եվ եթե այս տարբերակն է եղել, այսինքն՝ հիմնականում մի քանի «Պանցիր»-ների միջոցով հնարավոր է եղել մոտ 60 տոկոսով ոչնչացնել ամերիկյան հիմնական գրոհային հրթիռների հանկարծակի գրոհը, ապա ի՞նչ տեղի կունենա, եթե ԱՄՆ-ն հանկարծ մտածի թիրախավորել ոչ թե սիրիական, այլ շատ ավելի լուրջ պաշտպանություն ունեցող ռուսական բազաները: Նկատենք նաեւ, որ ավիաբազաները թիրախի տակ առնելով, առաջին հերթին պետք է ոչնչացվեր թռիչքուղիները. դա հակառակորդին զրկում է ինքնաթիռները օդ բարձրացնելու եւ պատասխան տալու հնարավորությունից: Այս դեպքում ավիաբազա հասած հրթիռներից եւ ոչ մեկը թռիչքուղիներին չէր հարվածի: Այսինքն՝ անգամ տեղ հասած այդ 23 հրթիռները, մեղմ ասած, իրենց էֆեկետիվությամբ չեն փայլել:
Այս բոլոր եւ նույն տրամաբանությունից բխող մի քանի այլ փաստեր խոսում են հետեւյալ հնարավոր տարբերակների մասին: Առաջինը՝ ԱՄՆ-ն գիտակցված կերպով է նվազագույնի հասցրել իր հարվածի էֆեկտիվությունը: Անուղղակիորեն այս տարբերակի օգտին է խոսում նաեւ այն խոստովանությունը, որ հարվածից 2-3 ժամ առաջ ռուսական կողմը տեղեկացված է եղել այդ մասին, ինչը նախապատրաստվելու համար միանգամայն բավարար ժամանակամիջոց է: Եվ, եթե այս տարբերակն է գործել, ապա միանգամից մեծ հավանականություն է ստանում այն վարկածը, որ հարվածը եւ հետագա աժիոտաժը եղել է ռուս-ամերիկյան ինչ-որ գերգաղտնի պայմանավորվածությունների շրջանակներում:
Եվ երկրորդ տարբերակը, որ ռուս-սիրիական համեմատաբար թույլ, ավելի ճիշտ՝ ոչ հագեցված ՀՕՊ համակարգն է կարողացել նվազագույնի հասցնել հարվածի էֆեկտը: Չնայած` այս դեպքում էլ այն հարցն է բաց մնում, թե ինչո՞ւ էին ամերիկացիները կանխավ զգուշացնում ռուսներին՝ նախապատրաստվելու ժամանակ տալով: Միգուցե այն մտքին էին, որ իրենց հարվածը այնքան անկասելի կլինի, որ մի երկու ժամվա նախապատրաստությունը բան չի՞ փոխի: Այս դեպքում էլ կգանք այն  վարկածին, որ հենց նույն ինքնավստահությունից ելնելով էլ Թրամփը հարձակման հրաման է տվել, ցանկանալով ցույց տալ, թե ով է դրության տերը: Միայն թե իրականում այդպես չստացվեց. տեղ հասած ընդամենը 23 հրթիռները միանգամայն այլ պատկեր ֆիքսեցին:
ԹՐԱՄՓԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ 
ՉԻ ԵԿԵԼ
Ամենակարեւորը, իհարկե, այն հարցն է, թե այս ամենից ի՞նչ պետք է սպասել: Այս հարցի հետ կապված կրկին եզրահանգումների հնարավորություն է տալիս տեղ հասած նույն 23 հրթիռների փաստը: Անկախ այն բանից, թե ԱՄՆ-ն գիտակցվա՞ծ  թույլ էֆեկտիվությամբ հարված հասցրեց, թե՞ ռուսները հարվածի էֆեկտիվությունը նվազեցրին, եզրահանգումը մնում է նույնը: Այն է՝ նույնիսկ ցանկության դեպքում տարածաշրջանում ունեցած հնարավորություններով ԱՄՆ-ն չի կարող ռազմական միջամտությամբ աշխարհաքաղաքական իրավիճակն իր օգտին շուռ տալ: Առավել եւս, եթե ընդունենք, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածություն չի եղել, ապա հետագայում ռուսական կողմը նման հարվածներին շատ ավելի լրջորեն պատրաստված կլինի: Հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ հրթիռային հարվածներից հետո մի շարք աղբյուրներ ակնկալեցին Սիրիայում համապատասխան պաշտպանական տեխնիկայի ավելացման մասին:
Մյուս կողմից էլ նկատենք, որ դեռ հրթիռային հարձակման աղմուկը  չմարած, ԱՄՆ-ն չնախատեսված քայլի գնաց նաեւ Չինաստանի ուղղությամբ՝ դեպի կորեական ափեր տեղաշարժելով ընդամենը շաբաթներ առաջ այդ գոտուց դուրս եկած եւ բազա վերադառնալ պատրաստվող հարվածային նավախումբը՝ «Carl Vinson» ավիակրի գլխավորությամբ: Այս փաստը մի կողմից հուշում է, որ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ այդպես էլ ռեալ պայմանավորվածությունների չի եկել: Իսկ այս դեպքում Վաշինգտոնը հազիվ թե կարողանա միաժամանակ սիրիական ուղղությամբ իր ուժերը հասցնել այն մակարդակի, որ հնարավորություն ստանա տարածաշրջանային հաշվեկշիռն իր օգտին փոխել, ինչքան էլ, որ Արեւմուտքից մեծ-մեծ սպառնալիքներ են հնչում:
Այսպիսով՝ ո՞րն էր Թրամփի իսկական նպատակը եւ ինչի հասավ. այս հարցի պատասխանը, թերեւս, ավելի հստակ կտա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի` այսօր սկսվող մոսկովյան այցը: Սակայն այս պահին էլ տեսանելի է, որ Թրամփը կանգնել է նույն փաստի առաջ, ինչպես ժամանակին Օբաման. միաժամանակ ՌԴ-ի եւ Չինաստանի դեմ գործելն անհնար է: Բայց նաեւ՝ դեռ չի ստացվում քանդել ռուս-չինական դաշինքը, թեեւ նաեւ Իրանին պետք չէ մոռանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА