ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է 

21.02.2017 19:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է 

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի` «Արմենպրեսում» հրապարակված հոդվածը:Եվայսպես, 2017թ. փետրվարի 23-ին Վիեննայում մեկնարկելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ` ԵԱՀԿ ԽՎ) տասնվեցերորդ ձմեռային խորհրդաժողովը: ԵԱՀԿ ԽՎ առաջիկա խորհրդաժողովի նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները չափազանց բարդ ու բազմազան են, որոնք միանգամայն անկանխատեսելի են դարձնում մարդկության զարգացման հեռանկարները: Մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները (2016թ. նոյեմբերի 8) XXI դարում աշխարհաքաղաքական իրավիճակի բնագավառի առաջատար հետազոտողները գրեթե միակարծիք էին այն հարցի վերաբերյալ իրենց գնահատականներում, որ գլոբալ անդրազգային կորպորացիաները (այսուհետ` ԳԱԱԿ) փորձում են իրենց ենթարկեցնել ժողովուրդներին, պետություններին, մարդկությանը պարտադրել աշխարհակարգի, կյանքի իմաստի, զարգացման նպատակների իրենց ընկալումը: Ավելին, շատ վերլուծաբաններ կարծում էին, թե գործողությունների ռազմավարությունը հանգեցվում է քաղաքակրթությունների բախմանը, անհամաձայնների ռազմաուժային և տեղեկատվա-հոգեբանական ճնշմանը, բացարձակ ռազմական գերազանցության, աշխարհի բոլոր երկրների կառավարող էլիտաների հանդեպ ֆինանսա-քրեական վերահսկողության պոտենցիալի ստեղծմանը: Ընդ որում` նշվում էր, որ ԳԱԱԿ-ին ենթակա համաշխարհային ԶԼՄ-ները ապատեղեկատվության գործիք են հանդիսանում և հանրային կարծիքը շեղում են դեպի կեղծ նպատակներ: Եվ այս պայմաններում, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 2017թ. հունվարի 20-ին հնչեց ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության խոսքը: Այդ ի՞նչ հեղափոխական, խռովիչ բան ասաց ամերիկյան նախագահը ԳԱԱԿ-ի և համաշխարհային լիբերալ էլիտայի համար: Որոշ մեջբերումներ կատարենք նրա երդմնակալության խոսքից. «Վաշինգտոնը բարգավաճում էր, բայց ժողովրդի հետ չէր կիսում իր հարստությունը: Բարգավաճում էին քաղաքական գործիչները, բայց աշխատատեղերը կրճատվում էին, և գործարանները` փակվում: Բարձր դասերը պաշտպանում էին իրենց, այլ ոչ թե մեր երկրի քաղաքացիներին: Նրանց հաղթանակները ձեր հաղթանակները չէին: Նրանց հաղթարշավները ձերը չէին: Մինչ նրանք տոնում էին այստեղ` մայրաքաղաքում, դուք տոնելու քիչ բան ունեիք` բոլոր ընտանիքներդ, որ տառապում եք ամբողջ երկրում... Այն, ինչ իմաստ ունի, նա չէ, թե որ կուսակցությունն է վերահսկում կառավարությունը, այլ այն, որ ժողովուրդը վերահսկի կառավարությունը: 2017թ. հունվարի 20-ը պատմության մեջ կմտնի որպես օր, երբ մարդիկ նորից դարձան այս երկրի սեփականատերերը: Մեր երկրի մոռացված կանայք և տղամարդիկ այլևս մոռացված չեն լինի: Մենք չենք ուզում որևէ մեկին պարտադրել մեր կենսակերպը: Բայց թող այն փայլատակի, ինչպես մենք կփայլատակենք, և ամեն ոք կարող է օրինակ վերցնել մեզանից»: Ես հատուկ այսքան մանրամասն կանգ առա ԱՄՆ նախագահի երդմնակալության խոսքի առանձին հատվածների վրա, քանի որ այն նշանավորում է որակական նոր տեղաշարժեր արդի աշխարհաքաղաքական իրավիճակի համար: Մինչև ս.թ. հունվարի 20-ը գլոբալ հակամարտությունն ընթանում էր համաշխարհային քաղաքականության երեք առաջատար կենտրոնների միջև` Արևմտյան քաղաքակրթության (ԱՄՆ, Կանադա, Արևմտյան Եվրոպա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Նոր Զելանդիա և այլն) - Արևելքի թափ հավաքող քաղաքակրթությունների (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ և այլն) - գլոբալ անդրազգային ընկերակցության, որը հիմա էլ հանդիսանում է համաշխարհային գործընթացների շատ հզոր և բավական ագրեսիվ սուբյեկտ: Դոնալդ Թրամփի երդմնակալության խոսքից հետո միջազգային հարաբերությունները մտնում են որակապես նոր, շատ բարդ, որոշ իմաստով` անկանխատեսելի շրջան: Արդի միջազգային հարաբերությունների ողջ բարդությունը նկարագրելու համար նշենք, որ Արևմուտքի ինը երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, իրականացվել է հարցում, որը ցույց է տվել, որ այդ երկրների բնակչության մեծամասնությունը կարծում է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել արդեն մոտ ապագայում: Ինչպես գրում է The Independent-ը` հղում կատարելով You Gov ընկերության տվյալներին, հարցման ենթարկված ամերիկացիների 64%-ը կարծում է, որ անհնար է խուսափել համաշխարհային պատերազմից, 15%-ը հավատում է խաղաղ կարգավորմանը: Մեծ Բրիտանիայում երրորդ համաշխարհային պատերազմ կանխատեսում է հարցվողների 61%-ը, 19%-ը տրամագծորեն հակառակ կարծիքի է: Հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի հեռանկարով, սոցիոլոգների հարցման համաձայն, ամենից շատ մտահոգված են ԱՄՆ և Ֆրանսիայի բնակիչները: Հարցումը նաև ցույց է տվել, որ Ռուսաստանից երկյուղում է հարցման ենթարկված բրիտանացիների 71 և ամերիկացիների 59%-ը:
Այս համատեքստում նշենք, որ, ինչպես վկայում են «Լևադա-կենտրոնի» (Ռուսաստան) հարցման տվյալները, որոնք հրապարակվել են 2016թ. հոկտեմբերի 31-ին, ռուսաստանցիների 48%-ը երկյուղում է, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը Սիրիայի առնչությամբ կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի, իսկ այն ռուսաստանցիների թիվը, ովքեր ՆԱՏՕ-ն են համարում սպառնալիք, համաձայն Gallup-ի (ԱՄՆ) հանրային կարծիքի հարցման ծառայության, 2016թ. հասել է 67%-ի: Ահա այսպիսի բավական բարդ միջազգային իրադրությունում փետրվարի 23-ին աշխատանքը կսկսի ԵԱՀԿ ԽՎ-ն: Կարծում եմ, որ ԵԱՀԿ 57 անդամ պետությունների` միջազգային լարվածության մեղմմանը, ԵԱՀԿ տարածքում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի համախմբման հարցերը օբյեկտիվորեն պետք է գերակա տեղ գրավեն ԵԱՀԿ ամենատարբեր անդամ պետությունների պատվիրակների զեկուցումներում և ելույթներում: Ընդ որում` չափազանց կարևոր է մանրակրկիտ վերլուծել միջազգային հարաբերություններում ստեղծված այն իրավիճակը, երբ երկու կողմերի միջև զինված հակամարտությունը ժամանակավորապես դադարեցվում է առանց հաշտության պայմանագրի ստորագրման, առավել ևս` երբ այս կամ այն հակամարտության լուծմանն ուղղված քաղաքական պայմանավորվածությունները կոպտորեն խախտում է պայմանավորվող կողմերից մեկը: Այս հարցը սկզբունքային, կարևոր նշանակություն ունի, քանի որ «սառեցված հակամարտություններն» (այսուհետ` ՍՀ) ուժեղ ապակայունացնող լիցք են պարունակում, ավելին` անհետևողականությունը ՍՀ-ների հանգուցալուծման հարցում, համաշխարհային հանրության կողմից դրանց անտեսումը կարող են խթան հանդիսանալ, որպեսզի նման հակամարտություններն անցում կատարեն «թեժ» փուլի, լի տեղային պատերազմի` համաշխարհայինի վերաճելու վտանգով: Իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքը, երբ այն չի կասեցվում, կարելի է դիտարկել Ղարաբաղյան հակամարտության օրինակով: Այսպես, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, կատարելով նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությունը, մայիսի 16-ին Վիեննայում 3+2 ձևաչափով (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ` գումարած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ) հանդիպում անցկացրեց: Այդ խորհրդակցությունում ընդունված համատեղ հայտարարությունում նշվում էր, որ ձեռք է բերվել համաձայնություն հակամարտող կողմերի շփման գծում միջադեպերի հետաքննման համար մոնիթորինիգի մեխանիզմի ներդրման քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի (միջազգային դիտորդների) հնարավորությունների մեծացման վերաբերյալ` հետագայում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսմանն անցնելու հեռանկարով: Այնուհետև, 2016թ. հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ նրանք հաստատեցին ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը: Թվում էր, թե ամեն բան լավ է, ստեղծված է ամուր հիմք մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու համար, որոնց լուծումը բարենպաստ պայմաններ կստեղծի ղարաբաղյան կարգավորման խնդրում էական առաջընթացի հասնելու համար: Բայց գործնականում ամեն բան ուղիղ հակառակը ստացվեց: Բերենք Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի ընդամենը մի քանի արտահայտություններ` արված սույն` 2017 թվականին: 2017թ. հունվարի 10-ին ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում` նա մի շարք վտանգավոր հայտարարություններ է արել, մասնավորապես. «Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական պոտենցիալը, այդ թվում` ամենաարդիական զենքի մատակարարումները երկիր... Մենք տիրապետում ենք բարձր ճշգրտության և ավերիչ ուժ ունեցող ամենաարդիական զենքի: Դրա մի մասը մենք ցուցադրել ենք, մյուս մասը ցույց չի տրվել: Դրանք կցուցադրվեն այն ժամանակ, երբ պետք կլինեն և որտեղ պետք կլինեն... Մենք ցանկացած ժամանակ ի զորու ենք լուծել հարցը (Լեռնային Ղարաբաղի- Ա.Գ.) ռազմական ճանապարհով»:
Եվ այսպիսի հայտարարություններով Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս ԵԱՀԿ ԽՎ քսանհինգերորդ ամենամյա խորհրդաժողովի կողմից Թբիլիսյան Հռչակագրի ընդունումից կես տարի անց, որի 35-րդ կետում գրված է. «ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված` սահմանների և տարածքային ամբողջականության անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հանդեպ հարգանքը, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը ձեռնպահ մնալ ագրեսիվ գործելակերպից և չեղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի անեքսիայի որոշումը»: Այսպիսով, ափշերոնյան սուլթանի նախանձելի համառությունը Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու հարցում, տարածքային ամբողջականության սկզբունքը որպես միակ ընդունելի համարելը փաստորեն զրոյացնում են մյուս երկու հիմնարար սկզբունքները, որոնք հստակ նշված են Թբիլիսյան Հռչակագրում` վեճերի խաղաղ կարգավորման, ինչպես նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքները:
Պակաս վտանգավոր չէ նաև Ի.Ալիևի երեկ չէ առաջին օրվա` 2017թ. փետրվարի 17-ի հայտարարությունը` արված Al Jazeera-ին տված հարցազրույցում. «...որոշ մուսուլմանական երկրների հետ Հայաստանի` հարաբերությունները մերթ ամրապնդելու, մերթ կարգավորելու փորձերը մեծ զարմանք են հարուցում: Կարծում եմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնք բացահայտ Հայաստանը համարում են որպես ագրեսոր, պետք է հիմնական ուղերձը լինեն բոլոր մուսուլմանական երկրներին, որոնք ցանկանում են հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ»: Ի՞նչ է սա, եթե ոչ` լավ քողարկված կոչ իսլամական արմատականներին` «սրբազան ջիհադ» սկսել. Ալլահ աքբար: Եվ նման կոչով ափշերոնյան սուլթանը հանդես է գալիս ընդամենը երկուսուկես ամիս անց այն բանից հետո, երբ 2016թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները (Ս.Լավրով, Ջ.Քերի, Ժ.-Մ.Էյրո) համատեղ հայտարարություն ընդունեցին, որում ընդգծվում էր. «Ուշադրության առնելով սույն թվականի ապրիլին շփման գծում բռնության սրացումը` մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի, այդ թվում` ծանր սպառազինության կիրառման հետ կապված, և վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և չկա որևէ արդարացում քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու դեպքերին: Մեզ հայտնի է նաև այն գազանությունների մասին (ինչն ադրբեջանական իշխանությունները գաղտնի չեն էլ պահում, ընդհակառակը, գազանությունների հեղինակները պետական շքանշաններ են ստացել Ալիևից, տեսախցիկների առջև կանգնել են հայ զինվորի կտրած գլուխը ձեռքներին, և այդ տեսարանները լայնորեն տարածվել են այդ երկրի ոչ անհայտ ինտերնետ-ռեսուրսների կողմից- Ա.Գ.), որոնք կատարվել են սույն թվականի ապրիլյան մարտերի ժամանակ, և որոնք մենք դատապարտում ենք ամենավճռական ձևով: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորմանը` որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համաձայնության հաստատման միակ ճանապարհ»: Ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույսը դնում Ափշերոնի նախագահը, երբ բացահայտ մարտահրավեր է նետում ոչ թե Հայաստանին, այլ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և, առհասարակ, ԵԱՀԿ ԽՎ-ին: Եվ այս ամբարտավան մարտահրավերը չպետք է անպատասխան մնա, մանավանդ մեր տագնապալի ժամանակներում, երբ պայքարը իսլամական արմատականների` ջիհադականների կողմից գլխավորվող միջազգային ահաբեկչության դեմ մտնում է վճռական փուլ: Բայց կա նաև հարցի մյուս կողմը` բարոյականը: Ով` ով, բայց Ի.Ալիևը չէ՞ որ հիանալի գիտի, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան (2016թ.) պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի մարդկային կորուստները առնվազն յոթակի գերազանցել են ղարաբաղյան զինված ուժերի տված կորուստները: Ադրբեջանի նախագահը, արհամարհելով 700-ից 1000 զինվորի կորցրած կյանքը, գործնականում հաստատում է, որ իր գործողությունների հիմքում ըստ էության դրված են «սրբազան ջիհադի» կանխադրույթները: Միևնույն ժամանակ, նշենք, որ ադրբեջանական ղեկավարության գործողությունների վերաբերյալ վերջերս միանգամայն նոր մոտեցում է առաջադրել Մշակույթի թալիշական խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը ս.թ. փետրվարի 11-ին ժամանակավոր ապաստան է խնդրել Հայաստանի իշխանություններից: Նա ստիպված էր ընտանիքով փախչել Ադրբեջանից ազգային և կրոանական փոքրամասնությունների հանդեպ գործադրվող ճնշումների և նրանց իրավունքների կոպիտ ոտնահարումների պատճառով: 2017թ. փետրվարի 15-ին Շահին Միրզոևը, ելույթ ունենալով «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով փորձագիտական խորհրդակցությունում, հայտարարել է. «Առաջնագծում ծառայում են թալիշները: Նրանց, կարելի է ասել, բռնի են բանակ տանում և անմիջապես ուղարկում են առաջնագիծ, մսաղաց: Ուստի, սպանվածների մեջ հիմնականում թալիշներ են, ուդիներ»: «Դուք ազգանուններից էլ կարող եք հասկանալ,- այնուհետև ասել է նա,- զինծառայողների 70-80%-ը, որոնք ծառայում են առաջնագծում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Միայն 20-30%-ն են, այսպես կոչված, տեղացիներ, նրանք իրենց թյուրքեր են անվանում: Նրանք չեն ծառայում առաջնագծում, հիմնականում խոհարարներ են կամ ծառայում են պահեստներում»: Շահին Միրզոևը նման իրավիճակը բացատրել է նրանով, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն կարող հրաժարվել առաջնագծում ծառայությունից, քանի որ դրանով իսկ սպառնալիքի տակ կդնեն ոչ միայն իրենց, այլև հարազատների կյանքը: Ահա թե ինչ ասաց նա. «Նրանց առնվազն կդատեն: Բացի այդ, կռուժի նրանց ամբողջ ընտանիքը: Ես հիմա Հայաստանում եմ, իսկ իմ 92-ամյա հայրն այնտեղ է, և նրան արդեն ստիպել են հրաժարվել ինձանից: Հնարավոր է` նա նույնիսկ չի էլ հասկանում, թե ինչ է տեղի ունենում, նա ծեր մարդ է»: Թալիշ այս խիզախ լրագրողի մերկացումներից հստակ երևում է ափշերոնյան իշխանությունների գործողությունների չարագուշակ էությունը: Մի կողմից` առաջնագծում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մեծ ներգրավվածությունը վկայում է պետական մակարդակով յուրատեսակ կոռուպցիայի մասին, երբ առաջնագիծ են տարվում հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, մյուս կողմից` այս փաստն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, հատկապես թալիշների և լեզգիների հանդեպ վարվող էթնիկ զտման քաղաքականության` իր անպարկեշտությամբ աղաղակող դրսևորում է:
Ափշերոնյան բազեները հիանալի հասկանում են, որ իրենց մարդատյաց գործողությունների մասին վաղ թե ուշ կարող է իմանալ միջազգային հանրությունը, մանավանդ եթե ադրբեջանական իշխանությունները չեղարկեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների և բլոգերների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սահմանամերձ ադրբեջանական շրջաններ այցելությունների արգելքները, էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանականների այցելությունների դեպքերին ափշերոնյան կառավարիչների մոլի արձագանքի մասին: Այս առնչությամբ կուզենայի երախտագիտություն հայտնել «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամների` ԵԱՀԿ ցանկացած պաշտոնական միջոցառմանը և խորհրդարանական այլ գործունեությանն անխոչընդոտ մասնակցության իրավունք» բանաձևի (այսուհետ` Բանաձև) հեղինակներին, որը, չնայած ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության և նրանց մշտական հովանավորների կոշտ դիմադրությանը, 2016թ. հուլիսի 5-ին ընդունվեց ԵԱՀԿ ԽՎ թբիլիսյան քսանհինգերորդ ամենամյա խորհրդաժողովում: Սակայն անգամ այս Բանաձևի ընդունումից հետո ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով այս փաստաթղթի ոգին, ոչ միայն խոչընդոտում է մշակույթի գործիչների, լրագրողների, քաղաքական և հասարակական գործիչների այցելությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, էլ չեմ ասում Ղարաբաղյան հակամարտության գոտի, այլև հետապնդում է նրանց քրեական կարգով: Վերցնենք թեկուզ ռուսաստանցի-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատական հետապնդումը (քաղաքական մոտիվներով), ով համարձակվել է երկու անգամ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ադրբեջան: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացու հանդեպ ադրբեջանական իշխանությունների գործադրած բռնաճնշման այս խայտառակ փաստի մասին ,ԾՏրՍՏՉրՍՌռ ԽՏՎրՏՎՏսպՓե- ում գրել է Պետական դումայի` Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա խոսքերի` խորին ափսոսանքի է արժանի այն, որ ադրբեջանական կողմն ընտրել է քաղաքացիական անձանց` բլոգերների և լրագրողների հետապնդումը` որպես ինքնահաստատման միջոց: «Նման վրեժխնդրությունը միայն վարկաբեկում է Ադրբեջանին այն երկրների հանրային կարծիքում, որոնց հանդեպ ինքը պետք է որ անտարբեր չլինի: Եվ ստիպում է հիշել «ազգային ամենազորության այնպիսի ապացույցների» մասին, ինչպիսին են Հունգարիայից մոլագար Ռամիլ Սաֆարովի (որը գիշերը կացնահարել էր ՆԱՏՕ սպայական դասընթացներին մասնակցող հայ ծառայակցին) փրկագնումը և նրան ազգային հերոս հռչակելը»,- իր հոդվածում ասել է Կոնստանտին Զատուլինը: Կուզենայի որոշ մեջբերումներ կատարել Բանաձևից, մասնավորապես` 5-րդ կետը, որում ասվում է. «Ուշադրության առնելով այն, որ մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի տեղաշարժի ճանապարհին հարուցվող պատնեշների սահմանափակումը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` նաև չեղարկումը կնպաստեն վստահության ամրապնդմանը ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև և անվտանգության մակարդակի բարձրացմանը ԵԱՀԿ տարածքում»: Ադրբեջանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնագրերի, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ ընդունածխ բանաձևերի և հռչակագրերի կոպիտ խախտումների ցանկը կարելի է շարունակել: Բայց կարևորն այն է, որպեսզի այդ համաձայնագրերի և բանաձևերի ընդունման նախաձեռնողներն ու հեղինակներն իրենց համար անեն գլխավոր եզրահանգումը. Ադրբեջանն այսուհետ ևս արհամարհելու է դրանք, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները, ԵԱՀԿ ԽՎ-ն այս անգամ ևս առանց պատշաճ արձագանքի թողնեն իրենց իսկ ընդունած բանաձևերի և համաձայնագրերի չկատարումը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի անպատասխանատվության և նոր ռազմական արկածախնդրություն սկսելու գայթակղության` դրանով իսկ հուսալով, թե հընթացս կլուծվի նաև ազգային փոքրամասնությունների խնդիրը...
Ուզում եմ հույս հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ գալիք խորհրդաժողովը կդառնա բեկումնային ԵԱՀԿ 57 անդամ երկրների պատվիրակների գիտակցությունում խաղաղության և անվտանգության համար` իրենց անհատական պատասխանատվության առումով: Չէ՞ որ մեր պայթյունավտանգ ժամանակներում առավել քան մեծ է յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը հեղված յուրաքանչյուր կաթիլ արյան համար, Երկիր մոլորակի որ մասում էլ որ այն հոսի: Եվ ԵԱՀԿ տարածքում ամուր խաղաղության հաստատման պայքարը հարկ է սկսել այսպես կոչվող «սառեցված հակամարտություններից»: Այլապես, առաջիկայում մենք ստիպված կլինենք ընդունել, որ Gov You-ի սոցիոլոգիական հարցմանը մասնակցած քաղաքացիների ամենատագնապալի սպասումները երրորդ համաշխարհային պատերազմի անխուսափելիության հետ կապված, կդառնան ակներև: 
P.S.-Ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, ելույթ ունենալով «Երկրապահ» կամավորականների միության XI համագումարում, ասաց. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության- խմբ.) խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: Իսկ մենք բոլորս` ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին: Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները (ադրբեջանական կողմից- խմբ.) արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի և չի կարող ունենալ: Ասվածի ապացույցը անցած տասնամյակների փորձն է»: Կարծում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի լեյթմոտիվը, նրա կարգախոսը իրավամբ լինելու է «Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը պարարտ հող է ստեղծում պատերազմի հրահրման համար և սպառնալիք հանդիսանում խաղաղությանն ու անվտանգությանը» պնդումը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի 
պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, 
ԵԱՀԿ Խորհրդարանական 
վեհաժողովում ՀՀ ԱԺ 
պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» 
կուսակցության նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА