ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վրաստանի հայ համայնքը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին, Հայաստանը` ազգի ու մայրենիի պաշտպանին»

10.01.2017 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Վրաստանի հայ համայնքը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին, Հայաստանը` ազգի ու մայրենիի պաշտպանին»

«Ստեղծագործական բուռն շրջանում ընդհատվեց վիրահայ բանաստեղծուհի, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս, հայագետ եւ հայասեր, իսկական մտավորական Անահիտ Բոստանջյանի կյանքը: Վրաստանի հայ համայնքը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին, Հայաստանը` ազգի ու մայրենիի պաշտպանին, սփյուռքը` տաղանդավոր ստեղծագործողին եւ հայապահպանության նվիրյալին», - ասված է ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ցավակցական նամակում՝ ուղղված Ա. Բոստանջյանի ընտանիքին, հարազատներին,Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Ապա տիկին նախարարն արդարացիորեն նշել է, որ Անահիտ Բոստանջյանն իր ապրած կյանքով, թողած գրական ժառանգությամբ, բնակության երկրի օրինակելի քաղաքացի լինելու, մարդկանց, անցյալի եւ ապագայի, հնի ու նորի, հայի եւ վրացու, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դարձավ կենդանի «Կամուրջ». «Հայ եւ վրաց գրականության ու մշակույթի մեծագույն կրող Անահիտ Բոստանջյանի հեղինակած գողտրիկ բանաստեղծությունները, անզուգական թարգմանությունները, «Կամուրջ» գրական ժողովածուն հայ-վրացական գրական կապերի  եւ եղբայր ժողովուրդների բարեկամության  մնայուն խորհրդանիշներն են: Տաղանդաշատ եւ եռանդուն հայուհին, ՀՀ սփյուռքի նախարարության մշտական գործընկերն ու աջակիցը, կյանքից հեռացավ հանկարծակի` թողնելով գրական հարուստ ժառանգություն, բարի հիշատակ եւ լուսավոր ժպիտ նրան ճանաչող բոլոր մարդկանց սրտերում»:

Եզրափակելով խոսքը՝ Հ. Հակոբյանը գրել է. «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Վրաստանի գրական հասարակությանը, հայ համայնքին, կիսում նրա զավակների, հարազատների անամոք վիշտը, մաղթում ենք համբերություն` այդ մեծ կորստին դիմակայելու համար»:

Հիշեցնենք, որ Ա. Բոստանջյանի  քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր եւ կշարունակվի վաղը՝  հունվարի 11-ին, ժամը՝ 17:00-ին  հետեւյալ հասցեում՝ Թիֆլիսի Կալաուբանի փողոց 30, շենք Դ 5, բնակարան 47 (Երրորդ զանգված, Իփքլի գործարանի մոտակայքում): Իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 12-ին, ժամը՝ 12:00-14:00-ը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնում (հասցե՝ Քեթեւան Ծամեբուլի պող. 8): Հուղարկավորությունը՝ նույն օրը ժամը` 14:00-ին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА