ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.12.2016 19:16 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այս նախատոնական օրերին զարմանալի նորություն է եկել ԹՈՒՐՔԻԱՅԻՑ: Անկարայի դատարանը լրատվամիջոցներին արգելել է լուսաբանել ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, եւ դա արվել է, այսպես ասած, «ազգային անվտանգության նկատառումով»: Թուրք լրագրողներն այլեւս չեն կարող հրապարակել սպանության պահին եւ դրանից անմիջապես հետո արված կադրերը, որեւէ բան հաղորդել հանցագործության մեջ կասկածվողների մասին եւ այլն: Դե արի ու մի ասա, գող` սիրտը դող: Թուրքական իշխանությունների այդ զարմանալի գործողությունները մեկ անգամ եւս գալիս են հաստատելու, որ դեսպանի սպանության գործում թուրքերը լիքը կոծկելու բաներ ունեն, ու նրանց համար շատ անցանկալի կլինի, եթե հանկարծ լրագրողները բացահայտումներ կատարեն: Դե ինչ, այդ ամենը լրիվ թուրքավարի է, ուրիշ բան չէր էլ սպասվում:
Որ խոսք գնաց լրատվական ոլորտի մասին, չենք կարող չասել, որ անցյալ շաբաթվանից սկսած` ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ գրանցված լինելը կարող է փորձանք դառնալ ԱՄՆ մուտք գործողների համար: Ամերիկյան իշխանությունները սկսել են ԱՄՆ ժամանող որոշ օտարերկրացիներից սոցցանցերում նրանց հաշիվների մասին տեղեկություններ հարցնել` պոտենցիալ ահաբեկիչների բացահայտման աշխատանքների շրջանակում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ճիշտ է, ամերիկյան չինովնիկները առայժմ ասում են, որ այդ տեղեկությունը չտրամադրելը հիմք չի լինի ԱՄՆ մուտքն արգելելու համար, սակայն ամեն ինչ այդպիսի անմեղ բաներից է սկսվում: Այնպես որ, ԱՄՆ գնացող-եկողների պարագայում ոչ թե գինին է շառ, այլ` Ֆեյսբուքը: Չնայած, հնարավոր է եւ հակառակը` սոցցանցերում էջ չունեցողներին սկսեն պոտենցիալ ահաբեկիչ համարել` «ինչո՞ւ գլխարկ չես դնում» սկզբունքով:
Իսկ Էդուարդ Շարմազանովն էլ, թեեւ առայժմ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հայտարարությունները Ֆեյսբուքում չի ուզում մեկնաբանել, այնուամենայնիվ, գլխանց որոշեց նրան յուրահատուկ «դեղին քարտ» ցույց տալ. «Երբ որ Օհանյանը կասի` կոնկրետ կասկածի տակ է դնում լեգիտիմությունը, ես կոնկրետ իրեն կպատասխանեմ: Նման մի փորձ արել է Վարդան Օսկանյանը խորհրդարանի  դահլիճում եւ ստացել խիստ պատասխան: Երբ որ ինքը ասեց` 20 տարի մեր երկրում ընտրությունները կեղծվել են, ես արտահերթ ելույթով ասեցի` 20 տարվա առնվազն 16 տարին եղել եք բարձրաստիճան պաշտոնյա, տասը տարի արտգործնախարար, կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը Ձեզ ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ոչ լեգիտիմ նախարար է նշանակել: 20 տարվա ընթացքում չեմ լսել, որ երեբեւէ կասկածի տակ առնեիք 1998, 2003, 2008 ընտրությունները»: Դե ինչ, խոշոր հաշվով, ընդհանրապես զարմանալի է, որ պաշտպանության նախկին նախարարն օգտագործում է «իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն» ձեւակերպումը: 
Որոշ չափով մեզ զարմացրեց եւ ՀԴԿ առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, հայտարարելով. «Այսօր մենք առաջին հերթին պետք է մտածենք` ինչպե՞ս փոխել համակարգը: Հետեւաբար գաղափարականը մի պահ պետք է հետին պլան մղվի, ոչինչ, երկիրը դրանից չի տուժի, հակառակը, կշահի, որովհետեւ այս պահին առավել կարեւորը քաղաքական ուժերի միավորումն է համակարգի դեմ պայքարում»: Ախր, շատերն այժմ փնտրում են, թե ինչ բանաձեւեր գտնեն հանունի շրջանակում, եւ գաղափարական ինչ հիմքով միավորվեն, իսկ մշտապես գաղափարախոսությունը կարեւորող Արամ Սարգսյանը, զարմանալիորեն, հակառակ ուղղությամբ է սկսել մտածել: Ինչեւէ, հուսանք, որ 2017 թվականը կլինի գաղափարի մարդկանց տարի, եւ քաղաքական այրերը կսկսեն խուսափել «նպատակն արդարացնում է միջոցները» տարբերակներից: Շնորհավոր գալիք Նոր տարին:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА