ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.11.2016 18:24 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Պարզվում է, որ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հույժ նեղանում է, երբ ասում են, որ «Ժառանգությունը» որպես այդպիսին գործնականում չկա: Նա զարմանալիորեն ոչ միայն «Ժառանգությանը» ուժեղ կուսակցություն է համարում, այլեւ պնդում է, որ իրենք միայնակ ի վիճակի են հաղթահարել 5 տոկոսը եւ անցնել խորհրդարան: Ինչպես կասեր ռուսը` մի ծիծաղեցրեք իմ հողաթափերին... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հիշեցինք Հայկական ռադիոյի հին անեկդոտը երկու ծերունիների մասին: Ծերունին գալիս է բժշկի մոտ եւ գանգատվում, որ իր ավելի ծեր հարեւանը ասում է, որ ամուսնական պարտականությունը կատարում է օրական երեք անգամ, իսկ ինքը նույնիսկ մեկ անգամ չի կարողանում: Բժիշկն էլ նրան ասում է. «դե, դու էլ ասա»:
Իսկ այժմ անդրադառնանք ԵՂԱՆԱԿԻՆ: Ըստ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանի` առաջիկա օրերին ջերմաստիճանը շարունակելու է նվազել, իսկ նոյեմբերի 26-ից սկսած հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը, եւ երեւում է այդ իրադարձության շուրջ այնքան քաղաքական կրքեր են եռում, որ հնարավոր է` ազդեն եղանակի վրա: Դե, եթե կանադական գիտնականների պնդմամբ, թռչունների խիտ երամները կարող են հանգեցնել ջերմաստիճանի նվազմանը, ապա ինչո՞ւ քաղաքական կրքերը չեն կարող հակառակ ազդեցություն ունենալ:
Վերջապես տեղեկացանք, թե ինչու Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2015-ի համեմատ Հայաստանի ԻՆՏԵՐՆԵՏԻ ազատության ցուցանիշը այս տարի իջեցրել է երեք միավորով: Ահա առաջին երկու միավորի «մեղավոր» գործոնը. «Թեեւ հայաստանցիների` համացանցում արտահայտվելու ազատությունը, ընդհանուր առմամբ, սահմանափակված չի եղել, այդուհանդերձ, տարվա ընթացքում գրանցվել են գրաքննության մի քանի դեպքեր, որոնք համընկել են բռնության ու անհնազանդությունների շրջանների հետ: Ֆեյսբուքը շուրջ 40 րոպե անհասանելի էր 2016 թվականի հուլիսին` [Սասնա ծռերի] ըմբոստության ընթացքում, մինչդեռ ապրիլին Պաշտպանության նախարարության պաշտոնյաները օգտատերերին կոչ էին անում զերծ մնալ այնպիսի հրապարակումներից, որոնք կարող էին «պատերազմի գաղտնիքներ» փոխանցել հակառակորդին»: Պատկերացնո՞ւմ եք, պարզվում է մեր քաղաքացիները հետեւել են ռազմական գաղտնիքը պահպանելու հորդորին եւ գիտակցաբար վնասազերծել են թշնամու տեղեկատվական գրոհները, դրանով, ըստ այդ կազմակերպության` վնասել են ինտերնետի ազատությանը: Երեւի թե Freedom House-ը այն կարծիքին է, որ համացանցը կարող է ազատ լինել միայն այն դեպքում, երբ օգտատերերի մեծ մասը հայրենիքի դավաճան են: 
Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում եւ, մասնավորապես, Ֆեյսբուքում անվտանգության կանոնների, ապա թիվ մեկ կանոնն է չնշել. «Տան եւ աշխատավայրի ամբողջական հասցե: Ֆեյսբուքյան ձեր էջում հստակ նշելով, թե որտեղ եք ապրում եւ աշխատում` հանցագործներին հաղորդում եք տվյալներ ձեր գտնվելու մասին: Այսպիսի փաստերն առհասարակ չպետք է հայտնվեն սոցիալական ցանցերում»: Թիվ երկու կանոնով չպետք է նշվի «Ծննդյան օրը եւ ամիսը: Այս տեղեկությունները հրապարակելը կարող է վնասել ձեր անձնական եւ ֆինանսական անվտանգությունը»: Սակայն այդ երկու կանոններն էլ ամբողջովին իմաստազրկվել են մեր երկրում, մեր հարազատ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ պատճառով: Որպեսզի Զուրաբյան Լյովիկն ու այլոք գոնե մանանեխի հատիկի չափ հավատ ունենան ընտրությունների հանդեպ, արդեն վաղուց ընտրողների ցուցակները տան հասցեով, ծննդյան օրն ու ամսով հրապարակված են ե՛ւ ԿԸՀ, ե՛ւ Ոստիկանության կայքերում: Դե, հիմա էլ դրան ավելանալու են ընտրողների ստորագրած ցուցակները, այսինքն` ցանկացած ոք կարող է ձեր ստորագրության նմուշը վերցնել եւ ձեր անունից կեղծ փաստաթղթի պատճեն պատրաստել: Դե, ինչ ասես, զարմանալով հանդերձ, մնում է այդպիսի անհարմարություններ պատճառող ընդդիմադիրների հանդեպ վերաբերմունքն արտահայտել ընտրությունների ժամանակ: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА