ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.11.2016 18:54 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Մինչ ամբողջ աշխարհը հետեւում է «անկանխատեսելի» Թրամփին, զարմանալի, ապշեցուցիչ անկանխատեսելի էություն է դրսեւորում Բելառուսի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ: Նա Մինսկում մզկիթի բացման արարողության ժամանակ համբուրել է Ղուրանը` դրանով իսկ տարակուսանքի մեջ գցելով շատ-շատերին: Իսկ ահա ինչ զարմանալի բացատրություն տվեց ինքը` բելառուսների առաջնորդը. «Ինձ զեկուցել են, որ ինձ քննադատում են այն բանի համար, որ Ղուրանն եմ համբուրել: Մենք Էրդողանի հետ ներկա էինք մզկիթի բացմանը: Նրան Ղուրան նվիրեցին, ու նա համբուրեց այն: Ինձ էլ նույն ձեւի Ղուրան նվիրեցին, ու ի՞նչ պետք է ես անեի: Ես էլ նրա արածը կրկնեցի»: Դե ինչ, բռավո՜, Լուկաշենկոն այնքան է պաչպռոշտիով շփվում թուրքերի ու ադրբեջանցիների հետ, որ այլեւս չենք զարմանա, եթե մի օր նրան հանկարծ տեսնենք, ասենք` թուրքական ֆեսով, կամ Իսլամական պետության գրոհայինի հանդերձանքով: 
Ինչ վերաբերում է ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՆ, ապա ընտրարշավի ընթացքում քլինթոնականները մշտապես ծիծաղում էին նրա վրա, թե համացանցի հետ կարգին վարվել չգիտի: Բայց երբ հայտնի «Բլումբերգ» գործակալությունը ծավալուն նյութ հրապարակեց, թե ինչպիսի պայքար էր Թրամփը ծավալել համացանցում, պարզ դարձավ, որ «այդ գեղացին» հազար գլուխ ավելի լավ է հասկանում բարձր տեխնոլոգիաներից, քան «առաջադեմ» Քլինթոնը: Այսպես, համացանցում աշխատելու վրա Քլինթոնը ծախսել է 3,1 մլն դոլար, իսկ Թրամփը պաշտոնապես դրանից 5 անգամ ավել` 14,2 մլն: Ու ամբողջ աշխատանքը կատարել է համակարգչային հանճար Բրեդ Փարսքալի ֆիրման: Ընդ որում, ինչպես է կատարել` հավաքվել էին անհատական տվյալներ, որոնց միջոցով հաշվարկվել են Թրամփի այն կողմնակիցները, ովքեր խնամքով թաքցնում էին իրենց կողմնորոշումը, նրանք բոլորը անհատական էլեկտրոնային նամակներ են ստացել, իսկ ընտրողների հետ ամեն մի հանդիպումից առաջ եւ հանդիպման ընթացքում ավտոֆուրգոնի մեջ գտնվող Փարսքալը մի քանի 100 տարբերակներից ընտրում էր ամենասազական տեքստը, որը Թրամփը պետք է տարածի Ֆեյսբուքով ու Թվիթերով եւ այն տեղում փոխանցում Թրամփի սմարթֆոնին: Այնպես որ, արդյունքում ստացվեց զարմանալի բան` համացանցը հաղթեց հսկայական հեռուստաընկերություններին եւ առաջատար թերթերին...
Սակայն վերադառնանք դեպի մեր երկրի գործերը: Այսպես, ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, պատասխանելով այն հարցին, թե մինչեւ երբ է ԲՀԿ-ն բոյկոտելու Վանաձորի ավագանու նիստերը, ասել է շատ զարմանալի բան. «Այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել այն չորս ավագանու անդամները, ովքեր քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին: Մենք հասկանում ենք, որ ավագանին պիտի աշխատի, ուստի ես նախօրեին էլ կոչով դիմեցի այն չորս անձանց, ովքեր «տղամարդկություն» են ունեցել գողեգող քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին: Ինձ համար կարեւոր չէ, թե նրանք որ կուսակցությունից են եղել` «Բարգավաճ Հայաստանի՞ց», «Լուսավոր Հայաստանի՞ց», թե՞ ՕԵԿ-ից: Հիմա դիմում եմ իրենց` ունեցեք էդքան տղամարդկություն` կանգնելու եւ ասելու, որ դուք եք եղել: Լավ եք արել, ինչ եք արել` ձեր գործն է: Դրանից հետո նոր ավագանին կսկսի աշխատել»: Դե ինչ ասես, եթե նման բան պատասխաներ ասենք 18 տարեկան ակտիվիստը, կհասկանայինք, բայց ամենախոշոր կուսակցություններից մեկի ղեկավարի կողմից դա զարմանալի էր...
Իսկ ԱԺ-ում բոլորին ապշեցրեց հռչակավոր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ով իբր թե մենաշնորհային բիզնեսներ չունի: Երբ լրագրողը նրան հարց ուղղեց մենաշնորհների մասին, օլիգարխը պատասխանեց. «Արդեն փոխիր, ուրիշ կռուգի մեջ մտար»: Հետաքրքիր է, այդ ի՞նչ «կռուգ» նկատի ունի պարոն Ալեքսանյանը, եւ այդ ի՞նչ քուչի բառապաշար է հայտնվում խորհրդարանում: Առավել զարմանալի է դա այն պարագայում, որ Ալեքսանյանը լրագրողների հետ առնչվելու բավականին հարուստ փորձ ունի, եւ մնում է ենթադրել, որ պարզապես նյարդերը տեղի են տվել: Դե, հասկանալի է, նոր վարչապետը կտրուկ քայլեր է անում, համ էլ պարզ չէ` իսկ ինչ կլինի ՀՀԿ համագումարին ու ինչպես...
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА