o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք չէ անդամահատել մեր ազգային գանձարանը.Դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի

01.08.2020 15:30 ՄՇԱԿՈՒՅԹ
Պետք չէ անդամահատել մեր ազգային գանձարանը.Դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի

 ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչներ, մասնավորապես՝ դպրոցներում գրականություն առարկայի ծրագրային փոփոխության մասին զրուցեցինք գրող, դրամատուրգ, թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Անուշ Ասլիբեկյան-Արծրունու հետ:

Ա.ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

- Անուշ, նախ որպես երեք երեխաների մայր, ի՞նչ եք կարծում գրականության նոր չափորոշիչներն ի՞նչ կարող են տալ աշակերտին:

Իմ երեք երեխաներից երկուսը դպրոցական են, հետևաբար ես չեմ կարող անտարբեր լինել այս և այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կապված են դպրոցական կրթական ծրագրերի հետ՝ կլինեն գրականություն, եկեղեցու պատմություն, ռազմագիտություն, սեռական կրթություն, թե այլ առարկաներ, որոնք այսօր հայտնվել են փորձարարության դաշտում: Ես ուրախ եմ, որ նոր Հայաստանում հանրային քննարկման են դրվում հանրությանը վերաբերող հարցերը, մի բան, որ անցյալում չի եղել,  սակայն էական է, թե ո՞ւմ են վստահված կարևորագույն ոլորտների բարեփոխումները և իհարկե, նաև՝ քննարկումների վերջնարդյունքները: Իսկ ի՞նչ ենք արձանագրում այս պահին, սեռական կրթության ոլորտում անկախ փորձագետներից, պրոֆեսիոնալներից կազմված քաղաքացիական նախաձեռնության թիմը օրուգիշեր, սրտացավորեն աշխատում է երեխայի հոգեբանությունը խեղող, վաղաժամ սեռականացնող դրույթների, վերարտադրողականություն, հայրենիք, ընտանիք, ծնող հասկացությունները հերքող բազում ձևակերպումների, մոտեցումների հետ, և հիմնականում մերժվում է այս մարդկանց աշխատանքը բարձր ատյաններից: Եկեղեցու պատմություն առարկայի հանդեպ այսպիսի ժխտողականությունը ևս հարցեր է ծնում: Նույն պատկերը տեսնում ենք գրականություն առարկայի չափորոշիչների հետ կապված, հանրությունը աղաղակում է, ահազանգում է ընտրված հեղինակների, սկզբունքների դեմ, մինչդեռ ցանկացած մտահոգ խոսք դառնում է մանիպուլյացիայի նյութ, որակվում իբրև անհանդուրժողականություն, ավագներին անվանում են հնացած, չհամաձայնողներին համարում են դեռ չհասունացած, կամ հետադեմ, ուսուցիչներին Հանրայինի եթերից անվանում ՚զակատ անող կնիկներ՚ : Արդյունքում հանրությանը հրամցվում է իբրև թե նորացված տեքստ, որտեղ դարձյալ հիմնականում անտեսված է մասնագետների և հանրության կարծիքը: Այսինքն արդյունքը՝ աչքկապոցի:

- Ըստ ձեզ գրականությունն առհասարակ ի՞նչ դեր ունի դպրոցահասակների կյանքում:

Գրականությունը, կրթությունը, դպրոցը, մշակույթը այսօր և առհասարակ հենվել են բարձր լուսավորչական արժեքների վրա: Ի դեպ, տարբեր իշխանությունների օրոք գաղափարական ճնշումների միջոցով փորձել են ստվերել, նսեմացնել այն ամենն, ինչ դաստիարակում է, գեղագիտական ընկալումներ է ձևավորում, հայրենասիրություն, բարձր արժեհամակարգ և ճաշակ է սերմանում, բայց որ այդ ամենի համար պետք է պայքարեինք այսօր, սա լրջորեն մտահոգում է: Այսպես կոչված նախագծի հեղինակները բացատրում են իրենց բարի մղումները՝ փոփոխությունների բնույթը արդարացնելով գլոբալիզացիոն պահանջմունքով, աշխարհաքաղաքացի պատրաստելու անհրաժեշտությամբ (իսկ միգուցե իրականում միջազգային մի շարք փաստաթղթերի տակ դրված ստորագրություննե՞րն են պարտավորեցնում), չհասկանալով, որ մեր նոր սերնդին դարձնում ենք գլոբալիզացիոն համահարթեցման համաշխարհային ծրագրի զոհ: Մի դրվագ պատմեմ, մասնակցում էի ԱՊՀ, Բալթյան և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային թատերական ֆորումին, և մոտ երկու տասնյակ երկրների հեղինակների պիեսներից առանձնահատուկ ուշադրության արժանացավ իմ ՛՛Մերսեդես՛՛ պիեսը: Դրամատուրգիայի հանձնախմբի ղեկավար, բ.գ դոկտոր, ազգությամբ լեհ Անդրեյ Մոսկվինի դիտարկումը հետևյալն էր՝ գրված է ժամանակակից լեզվով, ժամանակակից ֆորմայով, սակայն ազգային թեմայով, ազգային ոգով: Եվ միևնույն հանգամանքների բացակայության պատճառով հետաքրքրություն չառաջացրեց մեր հարևան ազգի դրամատուրգիան, քանի որ նրանք ամեն կերպ ջանացել էին՛՛աշխարհաքաղաքացի՛՛ ձևանալ, կորցրել էին ազգային դեմքը: Աշխարհի քարտեզի վրա եթե երևալու ենք, ապա միմիայն մեր մշակութային և ազգային ինքնատիպության շնորհիվ: Ուզում եք, որ երեխաները համաշխարհային գրականությո՞ւն ճանաչեն,  հրաշալի է, առանձին առարկա ավելացրեք, ոչ թե անդամահատեք մեր ազգային գանձարանը: Ուզում եք ժամանակակից գրողների անուննե՞ր ներմուծել, դարձյալ հրաշալի է, բայց այդ գործը վստահեք փորձառու, գրականության ընթացքը ծայրից ծայր ճանաչող, գիտելիքների պաշար ունեցող մարդկանց: Ես հասկանում եմ, որ չափորոշիչների  հետ կապված բոլոր խնդիրներն առաջացել են ձևավորված հանձնախմբի ոչ կոմպետենտության պատճառով: Նրանք պարզապես իրենց տեղում չեն, չեն տիրապետում դաշտին, այլ միայն իրենց փոքրիկ պատուհանից են աշխարհին նայում՝ ինչպես փիլիսոփան կասեր, կամ ինչ-ինչ հանգամանքների պարտադրանքից ելնելով են գործում:

Այսօր <<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային կենտրոն- թանգարանում տեղի ունեցավ ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնի բացօթյա-առցանց բացումը

- Թվեք մի քանի ժամանակակից գրողի անուն, որոնք ըստ ձեզ պետք է ներառվեին դպրոցական ծրագրերում, սակայն չեն ներառվել:

Հրաչիկ Թամրազյան, Դավիթ Մուրադյան, Արտաշես Արամ, Սամվել Խալաթան, Հովիկ Հովեյան, Հակոբ Մովսես, Վահան Վարդանյան , Կարինե Խոդիկյան, Ալեքսանդր Թոփչյան, Մանասե, Աշոտ Ավդալյան, Վրեժ Սարուխանյան, Արծվի Բախչինյան, Նարինե Աբգարյան, ցանկը կարելի է շարունակել: Սրանք ժամանակակից հայ գրականության մեջ անուններ են, որոնց շրջանցելու համար առնվազն մեծ ջանք պետք է թափել: Մի շարք անվանի գիտնականներ, գրականագետներ, լեզվաբաններ Դավիթ Գյուլզադյանի, Հենրիկ Բախչինյանի, Սեյրան Գրիգորյանի, Ազատ Եղիազարյանի, Սամվել Մուրադյանի, Սուրեն Դանիելյանի, Վիկտոր Կատվալյանի, Հենրիկ Բախչինյանի, Ժենյա Քալանթարյանի, Դավիթ Գասպարյանի և այլոց մտահոգ խոսքով չափորոշիչները ոչ միայն թերի են, անկատար, այլև չեն բխում ո՛չ մեր ազգային, ո՛չ էլ կրթական շահերից: Համաձայնենք, դրանք արհեստականորեն են հրահրված, հանրային պահանջմունքի հետևանք չեն և միմիայն պայմանավորված են նոր իշխանությունների ամեն ինչ փոխելու հիմնավոր, թե անհիմն տենդով: Չկա ժամանակագրություն, չկա սկզբունք, անսիստեմ, առանց գեղագիտական ու դաստիարակչական ընկալումների չափորոշիչներ են, որոնք ոչ թե պետք է վերանայվեն, այլ պետք է հետ կանչվեն և վստահվեն փորձառու մասնագետներին: Ի՞նչ ասել է սևագիր, սա նույնն է, թե ես գիտաժողովի պատրաստվեմ, սակայն դեռ գիտաժողովի օրը չեկած անավարտ հոդվածս հրապարակեմ համացանցում: Գիտական շրջանակները նկատեն թերությունները, իսկ ես նեղանամ՝ ասելով, թե գիտաժողովին կլսեք կատարյալ տարբերակը: Ո՞վ է ձեզ ստիպել սևագրեր հրապարակել, սա պրոֆեսիոնա՞լ մոտեցում է: Կամ ի՞նչ է նշանակում հանձնախմբում նստած մարդիկ իրենց անունները ցանկում ընդգրկեն, հետո էլ հանրային ճնշման տակ իրենց թեկնածությունը հանելով հերոսանան: Սա նույնն է, որ  փառատոնի ժյուրիի կազմում լինելով ինքս ինձ մրցանակ տամ, փառասիրությունը մարդկության անհաղթահարելի թուլություններից է, ավաղ:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով

- Դե ինչպես տեսնում ենք՝ բազմաթիվ մտավորականներ, գրականագետներ պնդում են, որ դուք այն արժանի գրողներից եք, որի անունը բացակայում է գրականության նոր ծրագրում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չկա ձեր անունը:

- Շնորհակալ եմ, սակայն տեսնելով, թե ինչ տաղանդավոր գրողներ են անտեսվել, ես անգամ անհարմար եմ զգում լսել այս դիտարկումը: Փաստն այն է, որ այն գրականագետները, ովքեր կարդացել են իմ ստեղծագործությունները,  հոդվածներ գրել դրանց մասին, վերլուծել, գնահատել, այդ հանձնախմբում չեն, իսկ ովքեր որ հանձնախմբում են, իրենց դնում են ինձ չճանաչողի տեղ: Լավ առիթ է շնորհակալություն հայտնելու անվանի գիտնական, գրականագետ Գուրգեն Գասպարյանին, գրականագետ Անի Փաշայանին, նաև իմ ընթերցողներին, և այն գրչընկերներին, ովքեր անկեղծորեն գտնում են, որ իմ ստեղծագործությունները կարող են կրթել, հարիր են դպրոցում ընթերցվելու համար:

- Ձեր կարծիքով խնամի,ծանոթ հարաբերություններն իրենց ազդեցությունն ունեցե՞լ են նոր չափորոշիչներ կազմող հանձնաժողովի վրա, թե՞ ոչ:

- Այնպիսի տպավորություն ունեմ, որ չափորոշիչներում ընդգրկված ժամանակակից հեղինակների ցանկը  առաջադրել են ոչ թե անկախ հանձնախմբի անդամները, այլ կոնկրետ մեկ հրատարակչատուն, քանի որ առանձնապես քննախույզ հայացք հարկավոր չէ տեսնելու համար, թե ով է այս հեղինակների ճնշող մեծամասնության գրքերի հրատարակիչը և նրանց գովազդով զբաղվողը: Գրականության պատմության մեջ ՛՛անմահանալու՛՛ այս շքահանդեսը ինքնավերլուծության և սթափ դատելու ունակությունից զրկել է մի շարք երիտասարդների: Գրողն, իհարկե, կարող է գրել ինչի մասին ուզում է, ինչ ու ինչպես ուզում է, միշտ կգտնվի իր ճաշակին համապատասխան մի խումբ, որտեղ նրան կծափահարեն: Սակայն դպրոցը յուրայիններով, մերձերով կամ գովազդով գրականությունում հայտնվածների ինքնահաստատվելու տեղ չէ: Դպրոցը հստակ գործառույթ ունի նոր  ձևավորվող անհատականության կյանքում, հետևաբար բծախնդրորեն պետք է ընտրել այն հեղինակներին, որոնց հասցեն մենք ցույց ենք տալու մեր երեխաներին:

- Որոշ կին գրողների ստեղծագործություններ ևս հայտնվել են վերոնշյալ ծրագրում: Ըստ ձեզ ի՞նչ որակ ունի նրանց գիրը: Կարծես նրանք այնքան էլ շատ չեն:

Ես ինձ չեմ կարող թույլ տալ որևէ գրողի որակից խոսել, դա գրականագետների տիրույթն է: Այո, կին գրողները ցանկում քիչ են, և ոչ այն պատճառով, որ լավ կին գրողներ չկան, այլ այն պատճառով, որ նրանցից շատերին պարզապես միտումնավոր շրջանցել են: Կարծում եմ՝ սխալ է առաջնորդվել կին, տղամարդ գրող համամասնությամբ (դասագիրքը ազգային ժողովը չէ, որ 30/70 տոկոսային հարաբերությունը պահվի): Առաջնորդողը պիտի լինի ստեղծված երկի գեղագիտական արժանիքը, թեմատիկ համապատասխանությունը դպրոցում ուսումնասիրելու համար, ասելիքը, ստեղծագործության ուղերձը: Իսկ ի՞նչ ուղերձ են հղում մի շարք էպատաժային գրողների գործերը մեր երեխաներին, և որ ամենակարևոր հարցն է՝ ինչո՞ւ: Մի հրաշալի դրվագ հիշեցի պատմությունից, Սուրբ Անտոնիոսի մարգարեություններից է, թե՝ կգա ժամանակ, երբ իննը հիվանդ կգնան մեկ առողջի մոտ ու նրան  կասեն՝ դու հիվանդ ես, քանզի մեզ նման չես:  Ահա նման իրավիճակում է հայտնվել մեր գրական դաշտն այսօր: Բայց  այս ամենը, վստահ եմ, ժամանակավոր է:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА