Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել
Տեսանյութեր«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է: Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից», - այսպես է վերնագրված բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ լուսահոգի ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ նոր գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 19-ին «Թեքեյան» կենտրոնի դահլիճում: Գիրքը նվիրված է Ակադեմիական ռուսական հեռուստաընկերության առաջին նախագահ (1994-2008 թթ.), ռուսաստանյան հեռուստատեսության հայտնի հեռուստալրագրող եւ հաղորդավար Վլադիմիր Պոզներին: Գրքում տեղ են գտել Վլադիմիր Պոզների՝ 2019 թվականի մայիսին Երեւանում ունեցած հանդիպումների ժամանակ արտահայտած մտքերը, ինչպես նաեւ լրատվամիջոցների հրապարակումները: Նշենք, որ գրքի շնորհանդեսին ցուցադրվեց ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սովետական ռոք հիմնադիրներից Ստաս Նամինի, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ անցկացրած Վլադիմիր Պոզների հարցազրույցները: Ներկաներին ողջունեց միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը: Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկան Սերգո Երիցյանի ընկերները, գործընկերները: Շնորհանդեսի ընթացքում հատուկ շնորհակալության արժանացավ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ մինչեւ կյանքի վերջին օրը Սերգո Երիցյանի եւ նրա ընտանիքի կողքին լինելու համար:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ