Դուք չեք կարողացել 44 օրյայի զոհերի անունները հրապարակել, 1,5 միլիոն զոհի անուն հրապարակո՞ղ եք
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ իշխող ՔՊ-ական պատգամավորի` ամենակարեւորը` պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Ա. Քոչարյանի գնահատմամբ` «իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաեւ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն»։ Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է «Որդիների Կանչ» ՀԿ նախագահ, 44 օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հոր` ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ հետ:
— Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` երբ ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել Հայոց ցեղասպանության ժամանակ, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում կարողանանք հանել, դնել, եւ Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Չեմ ուզում վատ բառեր ասել, բայց մինչեւ հիմա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ լինելով հանդերձ` Անդրանիկ Քոչարյանը դեռ 44-օրյա պատերազմի զոհերի անունները չի հրապարակել, եւ նաեւ այն, թե ով ինչ պայմաններում է զոհվել: Նույնիսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14–ին զոհված 200 անունը չեն կարողացել հրապարակել, մինչդեռ արդեն երկու տարի է անցել: Ու հիմա ուզում են 109 տարի առաջվա միլիոնուկես զոհերի անուն-ազգանո՞ւնը գտնել ու հրապարակել, երբ Դեր Զորի անապատներում այդ մարդիկ անձնագիր էլ չեն ունեցել: Սա աբսուրդի ժանրից է: Ձեր օրոք տեղի ունեցած սպանդի զոհերի անուն-ազգանունները մինչեւ հիմա չգիտեք, ասում եք` 44-օրյա պատերազմում 4100 զոհ ենք ունեցել, իսկ մեր իմանալով` շատ ավելի է: Եթե կարողանում եք, դե հրապարակեք, իմանանք, նոր զբաղվեք 1915 թվականի ցեղասպանության միլիոնուկես զոհերով: Ուզում են ասել, թե իրական Հայաստանը անդրադառնում է նաեւ ա՞յս հարցին եւ պատին գրելո՞ւ են միլիոնուկես զոհերի անուն-ազգանունները, երբ հրաժարվում են ցեղասպանությունից, ուզում են այն հանել Սահմանադրությունից: Սա մանիպուլիցա է, հերթական սուտը` իրենց հավատացողների ուղեղները լվանալու համար: Բայց արդեն պայթել է փուչիկը, եւ ժողովուրդը հասկանում է, որ օրվա իշխանություններն ուղղակի ամեն քայլափոխին ստում են: Ի դեպ, օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը դասախոսություն էր կարդում եւ նոր թուրքական օրակարգ էր առաջ բերում: Խոսքը վերաբերում էր «Արցախ» բառին: Նա քմծիծաղով ներկայացնում էր, թե Արցախը 80-ականներին եղել է Իջեւանի ռեստորանի անունը, եւ բոլորն իբրեւ ասում էին, թե մեծանան, գնան Արցախ: Երեւի, իր համար փոքր տարիքում անհասանելի է եղել ու ամեն անգամ անցնելուց եւ սովի զգացում ունենալուց մտածել է` մեծանամ այս Արցախը ջնջեմ: Մեծացավ իրական Արցախը ջնջեց: Այնինչ մենք իրական Հայաստան ունեինք` Արցախով հանդերձ:
— Իշխանությունը նաեւ նոր ռեպրեսիաների ալիք է սկսել`ամեն օր ականատես ենք կալանքի վերաբերյալ քաղաքական դատավարությունների, նոր ձերբակալությունների եւ քրեական գործերի հարուցման: Ինչո՞վ է սա պայմանավորված:
— Այս ռեպրեսիաների շարքն արդեն քանի տարի է` շարունակվում է: Եվ մենք` ծնողներս էլ անմասն չենք մնացել այդ ռեպրեսիաներից: Իմ բախտակիցներից երկուսը դեռ դատական պրոցեսների մեջ են, անընդհատ ձգձգվում է այդ դատավարությունները, որպեսզի չավարտվի, եւ մահակը միշտ իրենց ձեռքը լինի: Ինչ վերաբերում է նոր ռեպրեսիաներին, դրանք սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլը հայտարարեց, որ պետք է Տավուշի չորս գյուղերը հանձնի, ինչի դեմ շատ բնական ալիք ձեւավորվեց: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում է ձեւավորվել, որի մաս են կազմում վճռական տեղաբնակները եւ հայաստանյան տարբեր շրջաններից ներկայացուցիչներ, խորհուրդ է ստեղծվել: Եվ այս ալիքի ֆոնի վրա փորձում են նոր ռեպրեսիաներ սկսել: Ասեմ, որ Տավուշում տեղի ունեցած հավաքին ես էլ էի ներկա եւ ամենահուսադրողը ոսկեպարցիների զգալի մասի վճռական տրամադրված լինելն էր: Նույնիսկ իրենց համայնքի ղեկավարն իր խոսքում ասաց, որ` մենք թույլ չենք տալու սահմանն անցնի մեր բակով: Սա ոգեւորող էր:
— Առանց մեկ կրակոցի հանձնված Աղավնոյում էլ էին ոգեւորված, ի՞նչ անել, որպեսզի Ոսկեպարում չկրկնվի նույնը:
— Խնդիրն այլ դաշտում է: Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել էին, եւ Աղավնոյի բնակիչները մնացել էին մենակ: Եթե կհիշեք, մարդիկ Կոռնիձոր էին գնում, որպեսզի այնտեղից գոնե ոգեւորեն: Ինչ խոսք, պետք է տեղացիներին ոգեւորել, ինչի համար էլ ձեւավորվում են այս շարժումները: Եթե մարդիկ չգնային Ոսկեպար, ոսկապարցիները, հուսահատված լինելով, շատերը հնարավոր է լքեին իրենց տները, վաճառեին եւ ուղղակի դուրս գային: Մինչդեռ հիմա իրենց մեջ պայքարի ոգի է ձւավորվել, եւ այդ պայքարի ոգին պետք է տարածվի ամբողջ Տավուշում եւ Տավուշից էլ` ամբողջ Հայաստանում: Այնտեղ ես էլ իմ խոսքում ասացի, որ շարժումը սկսում է Տավուշից, բայց ավարտվելու է Երեւանում: Եթե գնում ենք Տավուշ եւ փորձում ենք այնտեղ ինչ-որ բան անել, վերջնանպատակը ազատվելն է օրվա իշխանությունից, որպեսզի կարողանանք փրկել Տավուշ աշխարը եւ մնացած ամբողջ Հայաստանը: Եթե որեւէ քայլ չանենք, Տավուշի այս չորս գյուղերը հանձնելուց հետո` չորս-չորս գյուղ էլի հանձնելու են: Մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառ.կմ էր, հետո գտան հանրագիտարան կամ, այսպես ասած, բրիտանացի գիտնականները պեղեցին մի քարտեզ, որտեղ այն դարձավ 29.743 քառ.կմ: Վաղը կարող է իրենց նկուղից մի ուրիշ քարտեզ գտնի եւ ասի` 25 հազ. քառ.կմ է մեր երկրի տարածքը: Այնուհետեւ նույն իրական եւ պատմական Հայաստանի խոսույթով որոշի, թե եւս չորս գյուղ մերը չէ, իրական Հայաստանը առանց այդ չորս գյուղերի է: Երբ Ադրբեջանը պահանջի Սյունիքից հատված, կտա ու կասի` իրական Հայաստանն առանց Սյունիքի է, իրական Հայաստանը միայն Երեւանն է: Իսկ երբ Երեւանն էլ չլինի, կասի` ժողովուրդ, պարզվեց, որ իրական Հայաստան չենք էլ ունեցել, միայն պատմական Հայաստան է եղել, որը էլ չունենք:
— Այս առումով չե՞ք կարծում, որ ընդդիմությունը շատ է ուշանում: Փաստացի արձանագրվում են հնարավոր բոլոր վտանգները, բայց այս գահավիժումը կասեցնելու հակընդդեմ քայլեր չեն ուրվագծվում:
— Ինչ խոսք, ընդդիմությունն ուշանում է եւ բավականին շատ է ուշացրել: Ինչպես դուք նշեցիք, Աղավնոն, Բերձորը եւ Սուսը, երբ հանձնվեց, այն ժամանակ էլ ալիք կար, բայց ուղղորդող չկար: Բայց հիմա Բագրատ սրբազանն իր ձեռքն է վերցրել այդ շարժումը: Նա իր խոսքում ասաց, որ քաղաքականությամբ չենք զբաղվում, զբաղվում ենք` կյանքեր ու հայրենիք փրկելով: Բագրատ սրբազանի խոսքը շատ հուսադրող էր: Թող ընդդիմությունը փորձի իր ռեսուրսով, իր ուժերով օգնել այդ շարժման խորհրդին, եւ այդ ալիքը Տավուշից տարածվի նաեւ մյուս մարզեր եւ վերջնական հասնի Երեւան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ