ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։
ՍպորտԱյսօր` մայիսի 7-ին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտում, կայացել է ֆուտբոլային մրցաշարի մարզային եզրափակիչ փուլը։ «Հույսի կամուրջ» ՀԿ, «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի օգնական, սոցիալական մանկավարժ ՎԱՀԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Սա մարզային եզրափակիչ փուլն էր, որին մասնակցում էին Իջևանի թիվ 4, Դիլիջանի թիվ 4, Բերդի թիվ 1 հիմնական և Բերդավանի միջնակարգ դպրոցների թիմերը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդը` Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, երրորդը Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը։ Մարզիկները ստացան մեդալներ, հաղթող թիմը արժանացավ գավաթի։ Երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով էլ հանդես եկան Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտները, Ազատամուտի արվեստի դպրոցի երաժշտական թիմը և Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները։ Հանդիպման հատուկ հյուրն էր «ՈՒԵՖԱ-ն հանուն երեխաների» հիմնադրամի ներկայացուցիչ Սրշեն Մաթեջը։ Ներկա էին նաև ներկայացուցիչներ Տավուշի մարզպետարանից, Իջևանի համայնքապետարանից։ Մրցանակները հանձնեց «Հույսի կամուրջ» ՀԿ հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը։ Կարևորը, երեխաների մոտ կա շատ մեծ սեր ֆուտբոլի հանդեպ։ Հատկանշական է, որ Հայաստանում առաջին անգամ է կայանում ՈՒԵՖԱ ֊ի հետ նման ֆուտբոլային մրցաշար,որը խթանում է հավասար հնարավորությունների գաղափարը երեխաների շրջանում։ Ծրագրին մասնակցում էին մարզի 16 հանրակրթական դպրոցի 240 տղաներ ու աղջիկներ, այդ թվում հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։
Առաջնության երկրորդ փուլը կկայանա աշնանը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ